close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երրորդ Ռայխի սարքավորումներ, Եվրոպայի ամենահզոր ռադիոհեռադիտակները, եզակի ծառերով այգի՝ Բյուրականի աստղադիտարան

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2019, 19:25
 Երրորդ Ռայխի սարքավորումներ, Եվրոպայի ամենահզոր ռադիոհեռադիտակները, եզակի ծառերով այգի՝ Բյուրականի աստղադիտարան

Հայաստան ասելիս ամբողջ աշխարհում պատկերացնում են հնագույն պատմություն, հազարամյակների հնագիտական և մշակութային հուշարձաններ, դարերով անցած և բազմաթիվ նվաճողների ու թշնամիների հարվածների տակ չընկրկած մշակույթ: Սակայն քչերին է հայտնի, որ մի քանի տասնամյակ առաջ այս երկիրը արտերկրային քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն էր: Հենց Հայաստանում էր տիեզերքի ուսումնասիրության առաջատար հարթակը՝ Բյուրականի աստղադիտարանը. ըստ Yerkir.am-ի՝ Armmuseum.ru կայքում գրում է պատմական գիտությունների թեկնածու, Ռուս-հայկական (Սլավոնական)  համալսարանի դասախոս, լրագրող Անտոն Եվստրատովը:

Աստղադիտարանը հիմնվել է 1946-ին, գտնվում է ծովի մակերևույթից 1490 մ բարձր, ինչը հնարավորություն էր տալիս գիտնականներին դիտարկելու աստղազարդ երկինքն այն ժամանակվա համար լավագույն պայմաններում:

Աստղադիտարանի հիմնման նախաձեռնությունը հայ և խորհրդային ականավոր աստղաֆիզիկոս, աշխարհում տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանինն է: Նա է ստեղծել պղտոր միջավայրում լույսի բեկման տեսությունը, որը լայնորեն կիրառվում է նաև ներկայումս: Նա է հայտնաբերել ու ուսումնասիրել աստղասփյուռները: Համբարձումյանը զբաղվում էր նաև արտագալակտիկական աստղագիտությամբ և երիտասարդ աստղերի ֆիզիկայով: Նա նաև մաթեմատիկայի բնագավառում հայտնագործություններ ունի:

Երրորդ Ռայխի սարքավորումները

Վիկտոր Համբարձումյանը դարձել է Բյուրականի աստղադիտարանի առաջին տնօրենը և այդ պաշտոնում ծառայել մինչև 1988 թվականը: Բյուրականում էլ մահացել է, այնտեղ էլ՝ հուղարկավորվել, և 1998-ին աստղադիտարանը կոչվել է Վիկտոր Համբարձումյանի անունով:

Ի սկզբանե Բյուրականի աստղադիտարանը հագեցած էր ժամանակի նորագույն սարքավորումներով, օրինակ՝ Շմիդտի խցիկը, որը պատրաստվել էր 1944-ին նացիստական Գերմանիայում, և որն Ադոլֆ Հիտլերը նվիրել էր Բենիտո Մուսոլինիին՝ իտալական աստղադիտարաններից մեկի համար: Իսկ 1950-ից աստղադիտարանի տարածքում սկսեցին ռադիոհեռադիտակներ արտադրել: Այդ ամենը զգալի արդյունքների հանգեցրեց: Հենց Բյուրականում Համբարձումյանը հայտնաբերեց իր հանրահայտ աստղասփյուռները: Հենց այստեղ մեկ այլ հայ աստղագետ՝ Վենիամին Մարկարովը,  տվեց առաջին և երկրորդ բյուրականյան ամփոփ ակնարկները, որոնք դարձան ակադեմիական, և այդ տվյալներից մինչ օրս օգտվում են աշխարհի բոլոր մասնագետները:

Արտագալակտիկական հետազոտությունների կենտրոն

1960-1970 թվականներին Բյուրականը դարձավ իսկական «արտագալակտիկական մայրաքաղաք»: Աստղադիտարանում Միջազգային աստղագիտական միությունը 4 գիտաժողով անցկացրեց, իսկ 1971-ի գիտաժողովը՝ աշխարհում առաջինը, նվիրված էր արտերկրային քաղաքակրթություններին:

Ի դեպ, յուրահատուկ են նաև աստղադիտարանի ճարտարապետությունը, բուսաբանական այգին՝ եզակի ծառատեսակներով: Գաղափարը դարձյալ Վիկտոր Համբարձումյանինն է. արտասահմանյան այցերից յուրահատուկ տնկիներ էր բերում:

Աստղագիտության առաջնո՞րդ

Անցնելով անկախ Հայաստանի Հանրապետության իրավասության տակ՝ Բյուրականի աստղադիտարանը չի կորցրել իր նշանակությունը. 2015-ին դարձել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Բյուրականում են նախկին ԽՍՀՄ և Եվրոպայի տարածքի ամենահզոր ռադիոհեռադիտակները: Աստղադիտարանն ակտիվ է նաև գիտահանրամատչելի ոլորտում՝ երիտասարդների համար աստղագիտական ամառային դպրոցներ է կազմակերպում:

Համաշխարհային մակարդակին վերադառնալու ամենամեծ խնդիրը, անշուշտ, ֆինանսավորումն է: Ենթադրվում է, որ  «հետհեղափոխական» Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթությունը կհամարի նաև գիտության զարգացումը և չի անտեսի Բյուրականի աստղադիտարանը, որը հնարավորություն ունի կրկին դառնալու համաշխարհային աստղագիտության առաջնորդը:

Ակնարկ. Չափորոշիչներ
4 Օգոստոսի 2020, 17:33 Ակնարկ. Չափորոշիչներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica