close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոչ ենք ուղղում Փաշինյանին՝ մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում․ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2019, 18:38
 Կոչ ենք ուղղում Փաշինյանին՝ մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում․ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

Հ. Յ. Դաշնակցության վերաբերյալ վարչապետի` Ազգային ժողովում հնչեցրած մերկապարանոց հայտարարությունն անհանդուրժողականության, փաստերը խեղաթյուրելու և պետության կառավարման պատասխանատվությունն անհավասարակշիռ քաղաքական վարքագծով փոխարինելու դրսևորում է՝ ըստ Yerkir.am-ի այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։

"Շահարկելով երկրում առկա բազմաթիվ բացասական երևույթները,  խախտելով սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները՝ Ն. Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության` նախկին անընդունելի դրսևորումների մերժումը վերածելով անցյալի ուրացման, չխորշելով անգամ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու դրանք մարմնավորող ուժերին նսեմացնելուց:

Լավագույն ապագա կերտելու՝ հանրության երազանքը, հույսն ու քաղաքական երկխոսության պահանջները բախվում են բարեփոխումներ իրականացնելու անկարող իշխանության ագրեսիվ վարքագծին:

Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մոտեցումները՝ մոռանալով, որ անցումային կառավարություն ձևավորելիս գործընկերություն էր փնտրում Դաշնակցության հետ և պատասխանատու պաշտոններ վստահում:

Ժողովրդին պառակտելու` Ն. Փաշինյանի՝ անվերապահորեն հաջողված ձեռքբերումն ու տեխնոլոգիան փորձ է արվում տարածել Դաշնակցության վրա: Դաշնակցությունը մեկն է, և Դաշնակցությունը պաշտպանվելու կարիք չունի: Դաշնակցությունն իր անցյալի, իր ժառանգության տերն է, իր բացթողումները խմբագրելու կամք և ունակություն ունի: Նաև հստակ է ՀՅԴ հանձնառությունը` ծառայել պետականությանը, բայց ոչ՝ օրվա իշխանություններին և քաղաքական կոնյունկտուրային:

Դաշնակցությունը  շարունակելու է իր առաքելությունը` խորապես անհանգստացած  Հայաստանի ներկայով, երկրում վարվող անհեռատես ու անհավասարակշիռ պոպուլիստական քաղաքականությամբ, ստի և կեղծիքի մոլեգնող իրողությամբ, երկրի ներքին և արտաքին ռիսկերը դիմագրավելուն անպատրաստ իշխող քաղաքական թիմի գործունեությամբ:

Կոչ ենք ուղղում Ն. Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում, լուծել երկրի առջև օրեցօր ահագնացող  մարտահրավերները:

Դիմում ենք ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը",-նշվում է հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica