close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
+3°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլի «նվերները» Դաշնակցությանը. 168.am

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2019, 17:18
 Նիկոլի «նվերները» Դաշնակցությանը. 168.am

Համաձայնեք, քչերի մտքով կանցներ, որ Հայաստանի հանրային օրակարգում երբևիցե կգա մի ժամանակահատված, որ քննարկման կդրվեն հայագիտությունն և հայերենը պահպանող ու ազգային ինքնագիտակցությունն ու ինքնագնահատականը բարձրացնող հարցերը։ Սակայն, ինչպես ասվում է հայտնի խոսքում՝ երբեք մի՛ ասեք՝ երբեք։ Այսօր արդեն ապրում ենք մի իրականության մեջ, երբ իշխող քաղաքական մեծամասնության կողմից անհասկանալի կերպով բացահայտ հակահայկական քարոզ է իրականացվում, ու սա ոչ թե ֆեյք-նյուզ կամ հակահեղափոխական մանիպուլյացիա է, ինչպես սիրում են վերջին շրջանում անընդհատ կրկնել իշխանությանը ցմահ հավատարմության երդում տրված «փորձագետները», այլ դառն իրականություն։

Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ ուշադրության կենտրոնում է Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները բուհական պարտադիր ուսուցման ծրագրից հանելու մասին նախաձեռնությունը, համաձայն որի՝ այդ առարկների դասավանդումը դրվելու է տվյալ բուհի նախասիրության վրա, իսկ թե ինչ ռիսկեր ու սոցիալական բաղադրիչ է իր մեջ պարունակում այս գործընթացը՝ այլ խոսակցության առիթ է։

Այս ողջ գործընթացում ամենաուշագրավն այն է, որ «ազգային» հասկացության թեման գործող իշխանությունների մոտ գրեթե բացակայում է, դա ակնհայտ է անգամ նրանց հռետորաբանության մեջ․ նրանք գրեթե չեն օգտագործում այդ ձևակերպումը։ Անընդունելի է՝ հայագիտությունը հալածել Հայաստանում, սա հասկանում ենք բոլորս։ Արդեն ապացուցման կարիք չունի այն փաստը, որ օրվա իշխանությունները հարվածում են այն ամենին, ինչն ազգային տարրեր է պարունակում (Հայ Առաքելական եկեղեցի, Երկրապահ, Դաշնակցություն և այլն)։

Իշխանությունների այս հայագիտության դեմ բողոքի առաջամարտիկներից մեկի դերը ստանձնած Դաշնակցությունը, որը բավականին լուրջ ու վճռական է տրամադրված հարցին արմատական լուծում տալու համար, օրեր առաջ իր մաշկի վրա զգաց, թե ինչի են պատրաստ ՀՀ իշխանություններն իրենց դեմ գնացող յուրաքանչյուր ուժի հանդեպ՝ ապացուցելով, թե ինչքան խղճուկ են ու ինչպես են կառչած իշխանական աթոռից։

Դեկտեմբերի 2-ին ՀՅԴ երիտասարդները, ովքեր Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչներն էին, հայտարարել էին, որ ցանկանում են հանդիպել Հարությունյանի հետ, սակայն նախարարությունից այդ թեման դեկտեմբերի 3-ին մերժվել էր այն հայտարարությամբ, որ դա սուտ է, ոչ մի հանդիպման մասին խոսք չի եղել։

Այնուհետև իշխանությունները դիմեցին ավելի կոպիտ ու վճռական քայլերի՝ փորձելով նախարարության մերձակայքում գտնվող բողոքի ակցիայի մասնակիցներին հեռացնել տարածքից։ Օրը ցերեկով Երևանի կենտրոնում լուրջ ոստիկանական ուժեր էին կուտակվել, որոնց թիվն անցնում էր մի քանի հարյուրը (նշենք, որ ակցիային մասնակցում էին մոտ 100 երիտասարդ, այսինքն՝ ոստիկանները մոտ 5-6 անգամ շատ էին բողոքավորներից)։

Հավելենք, որ ոստիկանությունը բերման էր ենթարկել երկու տասնյակից ավելի ցուցարարի։ Նախօրեին ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավականին հեգնական ու մեծամիտ ոճով, կրթության ոլորտի հետ կապված՝ ասել է․ «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականության հետ և չտա գնահատականներ իր վերնախավի մի հատվածի ձեզ հայտնի շրջանի գործունեությանը, ՀՀ-ում չունի ապագա։ Հեռացող գնացքի մի հատ երգ կար՝ չուկ-չակ-չարակ-չակ, անիվների տրոփյունն ենք լսում»։

Մի բան պետք է հստակ ամրագրենք․ իշխանությունների, ավելի կոնկրետ՝ Փաշինյանի՝ Դաշնակցության հանդեպ տարվող քաղաքականությունն ու ընտրված այս պառակտման գործընթացը, ըստ էության, էլ ավելի է համախմբում այդ քաղաքական ուժին՝ մոտիվացնելով ու դարձնելով մի կուռ ամբողջություն։ Ապացուցված է այն թեզը, որ ցանկացած քաղաքական ուժի պարբերաբար «բզբզալով»՝ նրան դարձնում ենք ավելի միասնական։ Նիկոլի առաջին «նվերը» Արայիկ Հարությունյանն է, քանի որ ինչքան չհեռացնի նախարարի պաշտոնից, այնքան ՀՅԴ-ն ավելի է կոնսոլիդացվելու և շարունակելու է շարժումը, այն էլ՝ ավելի լայն թափով տանելով առաջ, մյուսը «նվերը»՝ երբ Փաշինյանը փորձում է սեպ խրել Դաշնակցության ներսում՝ արհեստական պառակտումներ մտցնելով, իսկ իրականում դա ավելի է միավորում կուսակցությանը, և երրորդ՝ ինչքան նա կուսակցության հասցեին «չուկ-չակ-չարակներով» արտահայտություններ հնչեցնի, միանշանակ ավելացնում է ՀՅԴ կշիռը, թուլացնալու փոխարեն՝ էլ ավելի է ուժեղացնում։

Այս ամենը փաստելով՝ կարող ենք տալ հետևյալ եզրահանգումը՝ Նիկոլն իրականում չի հասկանում, թե ինչ կառույցի հետ գործ ունի։ Այսօր Դաշնակցությունն իր քաղաքական դիրքորոշումն ու գնահատականներն է հնչեցնում այս իշխանությունների վարած ապիկար քաղաքականության փաստացի բոլոր ոլորտներում՝ սկսած Արցախի հարցից ու բանակցային գործընթացից, վերջացրած տնտեսության մեջ առկա կազուսներով ու ազգային հիմնահարցերով։ Պետք է փաստենք, որ իրականում գոյություն չունի «դրսի» և «ներսի» Դաշնակցություն, քանի որ սա մի գաղափարական ու կուռ կուսակցություն է, որը վերապրել է թուրքական սուլթանությանն ու Աթաթուրքի քաղաքական ռեպրեսիաները, կոմունիստական ողջ շրջափուլը, ՀՀՇ-ի հետապնդումը։ Այլ բնորոշմամբ՝ ծիծաղելի է՝  փաշաներին ու բեյերին վերապրած կուսակցությանը վախեցնել պոպուլիստական տկարամտություններով, ու անկասկած է, որ ոչ մի «թրաշով վարչապետ» չի կարող պառակտել ու երկատել այդ 130-ամյա կառույցը։

Արմեն Հովասափյան

168.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica