close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2020թ. բյուջեի քննարկումները «Դաշնակցություն» խմբակցության հետ

Արցախ

4 Դեկտեմբերի 2019, 17:37
 2020թ. բյուջեի քննարկումները «Դաշնակցություն» խմբակցության հետ

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում 2020թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումներից հետո նախագիծը քննարկվում է ԱՀ խմբակցություններում: Դեկտեմբերի 3-ին «Դաշնակցություն» խմբակցությունը ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիոսյանի և ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի հետ քննարկել է 2020թ. գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի հետ կապված հարցեր. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է aparaj.am-ը:

Խմբակցության պատգամավորները լուսաբանական հարցեր են ուղղել ու տարբեր ոլորտների վերաբերյալ առաջարկներ ներկայացրել կառավարության ներկայացուցիչներին:

«Դաշնակցություն» խմբակցության անդամները նախ բարձրացրել են գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշների անկման հարցը՝ տվյալ ոլորտում շոշափելի արդյունքներ ապահովելու համար կարևորելով կոոպերատիվ տնտեսությունների զարգացումը: «Մեր ազգաբնակչության հիմնական մասը զբաղված է այդ ասպարեզում, բայց չնայած կառավարության ջանքերին, շոշափելի արդյունքներ տեսանելի չեն»,- նշել է Վահրամ Բալայանը:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ գյուղատնտեսության բնագավառում շոշափելի արդյունքներ կան, իսկ նվազումը պայմանավորված է բնակլիմայական անբարենպաստ պայմաններով: Պետնախարարը շեշտել է, որ կարևորում են կոոպերատիվների ստեղծումը: «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենքում հստակ նշված է, որ պետությունը պետական աջակցության ծրագրեր պետք է իրականացնի: Այս տարի փորձնական առաջին անգամ պետական աջակցությամբ երկու կոոպերատիվ է ստեղծվել Շուշիի շրջանում, ակնկալում ենք, որ այդ փորձը կտարածենք նաև այլ շրջաններում»,- ավելացրել է Գրիգորի Մարտիրոսյանը:

ԱՀ ԱԺ փոխնախագահը առաջարկել է արժեզրված ավանդները գոնե ՀՀ-ում կիրառվող մեխանիզմով՝ այսինքն ամբողջությամբ փոխհատուցել: Վահրամ Բալայանը հարցեր է ուղղել նաև լրացուցիչ միջոցներ տրամադրելու միջոցով ՏԻՄ լիազորությունների ընդլայնման, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղիների, թատրոնի  շենքի վերանորոգման, ինտերնետային հասանելիության և այլ խնդիրների մասին:

Պատգամավոր Ռիտա Մնացականյանը բարձրացրել է զոհված 38 ազատամարտիկների ընտանիքներին բնակարանների հատկացման, Արցախում գիշերօթիկ հաստատությունների փակման հավանականության, գյուղաբնակ երիտասարդ ընտանիքներին բնակարանների կառուցման համար տրամադրվող 3մլն դրամ աջակցության ավելացման և այլ հարցեր:

Գրիգորի Մարտիրոսյանը  նշել է, որ ընթացիկ տարում կազմվել են զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների վերանորոգման և տրամադրման հերթացուցակներ, ըստ այդմ էլ կտրամադրեն: Պետնախարարի խոսքով՝ գյուղաբնակ երիտասարդ ընտանիքներին 3 մլն դրամը տրվելու է անհատույց, իսկ 2 մլն դրամը փոխառությամբ՝ տարեկան 1% տոկոսադրույքով: Իսկ ինչ վերաբերում է գիշերօթիկ հաստատությունների փակման հարցին, ապա, ըստ ԱՀ կառավարության ներկայացուցիչների, Արցախում նման հարց չի քննարկվում:

«Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Ալյոշա Գաբրիելյանն անդրադարձել է պետական բյուջեի ցուցանիշներին: «Նախորդ տարվա համեմատ համախմբված բյուջեով 2020թ. 7,6% աճ է նախատեսում, բայց ոչ սեփական եկամուտների հաշվին: Իմ մտահոգությունն այն է, որ սեփական եկամուտների հաշվին բյուջեն ավելանա»,- նշել է Ալյոշա Գաբրիելյանը՝ շեշտելով հանքարդյունաբերությունից բյուջե կատարվող մուտքերը:

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ հանքարդյունաբերությունից եկամուտների նվազումը կապված չէ վարչարարության հետ, հիմնականում արտաքին ազդակներով է պայմանավորված:

Ալյոշա Գաբրիելյանը կառավարության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է նաև համայնքների համաչափ զարգացման անհրաժեշտության վրա՝ նշելով Ստեփանակերտի և շրջանների բնակիչներին մեկ շնչի հաշվով հատկացվող պետական միջոցների անհավասարությունը:

Հիշեցնենք, որ «Դաշնակցություն» խմբակցությունը պարբերաբար բարձաձայնում էր համայնքների համաչափ զարգացման խնդիրը՝ կարևորելով գյուղերի բնակիչների կեցության բավարար պայմանների ապահովումը:

«Դաշնակցություն» խմբակցության անդամները ԱՀ պետնախարարի և ֆինանսների նախարարի հետ հանդիպմանը բարձրացրել են նաև Ստեփանակերտի 10-րդ դպրոցի վերանորոգման, Մեծ Թաղերի «Սոսե» և Քարվաճառի մանկապարտեզների կառուցման, Պառավաթումբից Կաղարծի տանող ճանապարհի որոշ  հատվածի բարեկարգման և այլ հարցեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica