close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+7°
+9°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն -34

Քաղաքական

27 Նոյեմբերի 2019, 17:28
 Հայ դիվականության պատմություն -34

Արդեն 1999թ. աշնան կեսերին,այսինքն՝ արտահերթ նախագահական ընտրություններում Քոչարյանի հաղթանակից 6-7 ամիս անց պարզ դարձավ,որ երկրում երկիշխանություն է։ Իրական իշխանության կենտրոնները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Վազգեն Սարգսյանը,բացահայտորեն հակադրված էին, ինչը հավասարակշռություն ստեղծելու առումով վատ էլ չէր։ Սակայն նրանք պարզապես միմյանց կաթվածահար էին արել,ինչպես նաեւ կաթվածահար էին արել երկրի բոլոր վարչական կառույցները։ Ղեկավար պաշտոնյաները,առանց բացառության,բոլոր մակարդակներում օգտվում էին երկու հզոր իշխանավորների հակասությունից եւ ՀՀՇ-ից ոչ պակաս անկարգություններ էին անում։

Ֆինանսական ղեկավարները եւ շնաձկները լրջորեն մտահոգված էին,որ կենտրոններից մեկի հաղթանակի դեպքում կարող է վերանայվել սեփականության ողջ կարգը,ուստի փակում էին իրենց ձեռնարկությունները եւ երկրից դուրս բերում կապիտալը։

Քաղաքական կուսակցությունների ղեկավարները որոնում էին մե՛կ նախագահի, մե՛կ պաշտպանության նախարարի համակրանքը՝ բարձրացնելով իրենց ծառայությունների գինը։

Խայտառակ պառակտումը տեղի էր ունենում բոլոր ուղղություններով՝ «արարատցի», «ղարաբաղցի», «իմը»,«քոնը»,«հարազատը»,«օտարը»,«մերը,ձերը»,մի խոսքով՝ երկրում տիրում էր հակապետական մթնոլորտ,որ հիմարաբար ստեղծում էին կործանարար կլանային-հայրենակցական խմբերը։ Բանը հասավ նրան,որ պետական գանձարան մտնող տուրքերի քանակը խիստ կրճատվեց,տուրք հավաքողները ոռնում էին եւ տուրքերի նոր ուղղություններ որոնում ու գտնում էին։ Բոլորին ամեն ինչ ներվում էր,մնում էր միայն ժամանակին նետվել մի կողմից դեպի մյուսը։

Մինչդեռ դիվային այս բոլոր խաղերը,անշուշտ,ոչինչ չփոխեցին եւ չէին էլ կարող փոխել հանցավոր վարչակարգի էության մեջ,նույնիսկ հակառակը՝ մակերեսային բնույթ կրող ազդեցության գոտիների վերադասավորումը միայն ամրապնդում էր նրան՝  հաստատելով համընդհանուր թալանի եւ խաբեբայության վարչակարգի անսասան լինելը։ Այն բնագավառներում, որտեղ մինչ այդ իշխում էին Սիրադեղյանի կամակատարները եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պնակալեզները, պարզապես բաժանվել էին Քոչարյանի եւ երկու Սարգսյանների կողմնակիցների միջեւ,որոնք անկասկած նույն այս վարչակարգի ծնունդներն էին։ Սակայն բոլորն էլ հասկանում էին,որ այդ կարգը երկար շարունակվել չի կարող, վաղ թե ուշ կողմերից մեկը ձեռք կբերի ստեղծված սկզբնական հավասարակշռությունը խախտելու համարձակություն, քանզի այդ կացության կործանիչ լինելը գիտակցում էին բոլորը։ Երկիրն այլեւս ի վիճակի չէր երկու սուպեր ստամոքս լցնել։

Ստեղծված կացության մեջ օրինաչափորեն բարձրացավ Սերժ Սարգսյանի վարկը,որը գրեթե միայնակ ղեկավարում էր երկրի ուժային բաժինը,այսինքն՝  ներքին գործերի եւ ազգային անվտանգության միացյալ նախարարությունը։ Ասում եմ գրեթե, որովհետեւ այդ հաստատության բոլոր օղակներում շարունակում էին ազնվորեն ծառայել Սիրադեղյանի մարդիկ՝ հենվելով Վազգեն Սարգսյանի հզոր ձեռքերի վրա, եւ որոնց նա չհանձնեց նեղացածներին՝ հոշոտվելու։

Այնուամենանիվ, Սերժը, որը ներքին գործերի եւ ազգային անվտանգության ղեկավարն էր՝ Վազգենի առաջարկով (դեռեւս Լեւոնի նախագահության օրոք), եւ որը կարեւոր դեր կատարեց հակալեւոնյան եւ հակաիշխանական կոալիցիա ստեղծելու հարցում,շարունակում էր իր ձեռքում պահել կարեւոր մի դիրք Ռոբերտ-Վազգեն համագործակցության ճիշտ կենտրոնում՝ առայժմ չցուցաբերելով որեւէ մեկի կողմն անցնելու նշաններ։ Եթե մեկի նկատմամբ նման որոշում ընդունվեր, մյուս կողմը ստիպված կլիներ թողնել քաղաքական ասպարեզը։ Ավելին՝ նա կարողանում էր հաջողությամբ եւ բավականին երկար ժամանակ համոզել երկուսին իր հավատարմության,եթե չասենք՝ նվիրվածության մեջ,առանց որի՝ հակալեւոնական կոալիցիան չէր կարող ստեղծվել։ Վերջին հաշվով,ինչո՞վ էր պայմանավորված Սերժի ընտրությունը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։ Բացառված չէ, որ, բացի բոլոր գործոններից,մեծ դեր խաղացին նաեւ տնտեսական նկատառումները։ Բայց ամենակարեւորը,այնուամենայնիվ,հետեւյալ անհերքելի փաստի գիտակցումն էր՝ Վազգենին ինքը պետք չի լինի,եթե Ռոբերտը պարտվի,մինչդեռ Ռոբերտը ՄԻՇՏ կունենա իր կարիքը,որովհետեւ երկուսն էլ օտար են։ Դրանից մի քանի ամիս առաջ,մշակելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մարտավարությունը,Կոմկուսը ճիշտ այդպիսի մոտեցում ցուցաբերեց։ Կոմկուսը որոշեց անուղղակիորեն պաշտպանել Քոչարյանին, քանի որ, ի տարբերություն Դեմիրճյանի,նա երկրում չունի ո՛չ քաղաքական,ո՛չ հասարակական հենարան ու հետագայում նրանից իշխանությունը խլելն ավելի դյուրին կլինի,քան Դեմիրճյանից։

Վազգեն Սարգսյանն ամեն ինչ հասկացավ եւ հզոր հարված հասցրեց Ռոբերտ-Սերժ նորաստեղծ իշխանական ալյանսին. այդ ժամանակ երկրում նրան հավասարը չկար քաղաքական ծրագրերի մշակման եւ իրականացման բնագավառում,այդ թվում նաեւ՝ երկարատեւ ծրագրերի։ Վազգենի առաջին քայլը եղավ անգույն Հանրապետական կուսակցության հիմքի վրա սեփական կուսակցության ստեղծումը, որը տարիներ շարունակ,մինչեւ անսպասելի մահը,ղեկավարվում էր Աշոտ Նավասարդյանի կողմից։ Ա. Նավասարդյանն ընդգրկված էր հհշական առաջին ալիքում եւ այդ բոլոր տարիներին իր կուսակցության  հետ լողում էր Լեւոնի նշած ուղիով՝ փոխարենը խորհրդարանում ստանալով պատգամավորական աթոռ ձեռք բերելու երաշխիք։

Վազգեն Սարգսյանն այդ նեխած ճահճում ամբողջովին իր վերահսկողության տակ վերցրեց «Երկրապահի» մարտիկներին (իրականում նրանց մեջ մարտիկները մեծ թիվ էին կազմում,հիմնականում ՀՀՇ-ից անջատված շարքայիններ էին) եւ դրանով իսկ այդ կազմակերպությունը դարձրեց հզոր քաղաքական ուժ,որը հենվում էր նրա անհատական հեղինակության եւ հովանավորության վրա։

Երկրորդ քայլով սպարապետը խայտառակեց Հայաստանի բոլոր, այսպես կոչված, քաղաքական գործիչներին,որոնց երեւակայությունը մանր ինտրիգներից եւ սեւ PR-ից այն կողմ չէր անցնում, եւ ռազմավարական դաշինք առաջարկեց Կարեն Դեմիրճյանին,որի ճանապարհը դեպի նախագահական պալատ անձամբ փակել էր մեկ տարի առաջ։

Կռահումներն այն մասին,  որ Վազգեն Սարգսյանը պատրաստվում է քաղաքական քայլի,որը կապահովի նրա հաղթանակը 1999թ. կայանալիք պառլամենտական ընտրություններում,արդեն կային 1998թ. աշնանը,երբ հաճախացան նրա շփումները Կոմկուսի ղեկավարների հետ։ Այդ շփումները դրանից առաջ էլ բավականաչափ հաճախակի էին եւ վստահելի,քանի որ մի կողմից՝ պայմանավորված էին Ռուսաստանի քաղաքական շրջանակներում Սերգեյ Բադալյանի ունեցած լայն կապերով,մյուս կողմից՝ Վազգեն Սարգսյանի բացահայտ ռուսասիրական կողմնորոշումով։ Սակայն նրանց հանդիպումների գլխավոր նյութը հազիվ թե կարելի էր կապել միայն արտաքին քաղաքականության շահերի հետ։ Ինչպես հաստատվեց հետագայում՝ այդ հանդիպումների ժամանակ քննարկվում էր «հասարակական արդարության ուժի եւ գաղափարի միասնություն ստեղծելու անհրաժեշտությունը»։  

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica