close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սխալ տեղ ենք լաց եղել. «Ակամա երգիծաբաններ» - 20

Մշակույթ

20 Նոյեմբերի 2019, 16:31
 Սխալ տեղ ենք լաց եղել. «Ակամա երգիծաբաններ» - 20

Առավոտյան արթնանում եմ (գրող Մկրտիչ Սարգսյան -  խմբ.) հեռախոսի անընդմեջ հրամայող զրնգոցից: Վերցնում եմ ընկալուչը:

- Ես եմ, Սերոն է: Շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ…

-Ինչո՞ւ…

- Շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ…,- երևում է՝ խմած է:

-Ախր, ինչո՞ւ դուրս գամ, Սերո՛…

- Շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ, հրես՝ Հրաչիկն էլ կողքիս կանգնած,- իսկ ընկալուչում լսվում են Հրաչյայի ներկայությունը հաստատող խռպոտ ձայներ, մռլտոց և այլն:

-  Որտե՞ղ եք,- հարցնում եմ, որովհետև հասկանում եմ, որ միևնույն է՝ անհնար է օձիքս ազատելը, պիտի գնամ:

- Ձեր շենքի առջև, տաքսոֆոնի խցիկի մոտ, շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ…

Իսկապես, իմ ընկերները կանգնած են հեռախոսային խցիկների առջև, լուլ են, խմած, կանգնած են՝ կռվող ցլերի նման ճակատներով իրար հենված, այդ ձևով են պահում իրար, որ չընկնեն…

- Դե, գնացինք,- ինձ տեսնելով՝ ասում է Սերոն, և մենք երեքով բարձրանում ենք ժամացույցի գործարան տանող վերելքը, այժմյան Ամերիկյան համալսարանի տարածքով և կանգ առնում նորատունկ պուրակի ծառերից մեկի տակ, ուր փոսի մեջ մի շիշ օղի և ուտելիք է դրված:

- Այստեղ է ,- ասում է Սերոն ու բացում օղու շիշը:

- Ի՞նչ տեղ է,- հարցնում եմ:

- Աղասի Խանջյանի գերեզմանն է,- ասում է Սերոն, իսկ Հրաչյան, անկարող զսպելու իրեն, պարզապես պոռթկում է, լալիս է բարձրաձայն, գովում է հանգուցյալին:

- Խմենք, խմենք մեծ մարդու, մեծ զոհի  ողորմաթասը,- արցունքների միջից խոսում է նա:

Երկուսով լալիս են, իսկ ես պարզապես լաց լինել չեմ կարող, խմած չեմ, տրամադրված չեմ: Սերոն հասկանում է ինձ.

-  Խմիր, սիրտդ թեթևացրու,- ասում է նա՝ թեյի բաժակով օղին գլխին քաշելով:

Ես էլ եմ ցանկանում լաց լինել և նույն բաժակով օղին քաշում եմ գլուխս: Սոված, քնահարամ մարդ և թեյի բաժակով օղի: Անմիջապես օղին խփում է գլխիս: Իսկ լացն ասես գրպանս դրած լինի, բարձրանում  ու բռնում է կոկորդս, և ես լալիս եմ, այնպիսի վայնասուն բարձրացնում, որ խմած ընկերներս անգամ զարմանում են արտասվելու իմ եռանդի վրա.

- Քեզ ի՞նչ պատահեց, տո՛, մի սպանիր քեզ, հանգստացիր,- Սերոն արդեն մխիթարում է ինձ, իսկ Հրաչյան հանգուցյալի և իր մեջ նմանությունն է գտել.

- Ինձ նման էլ գանգրահեր է եղել, մեռնեմ իրեն:

Այդ պահին Սերոն ինչ-որ անհանգստության նշաններ է ցույց տալիս: Դադարել է արտասվելուց, դեսուդեն է նայում: Եվ հետո…

-  Սպասեք, սպասեք, սխալ տեղ ենք լաց եղել, այն էն ծառի տակ է թաղված, էնտեղ պիտի լայինք…

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica