close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Վրացական երազանք»-ի վրացական մղձավանջը. ցույցերը չեն դադարում

Տարածաշրջան

19 Նոյեմբերի 2019, 17:55
 «Վրացական երազանք»-ի վրացական մղձավանջը. ցույցերը չեն դադարում

Վրաստանում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը: Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում 101 կողմ, 3 դեմ և 37 ձեռնպահ ձայներով տապալվեց 2020 թ. ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու նախագիծը (անհրաժեշտ էր 113 կողմ ձայն), որը դժգոհությունների լայն ալիք բարձրացրեց:

Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին նույնպես քննադատեց խորհրդարանի որոշումը՝ նշելով, որ ինքը՝ որպես իշխող քաղաքական ուժի առաջնորդ, եղել և շարունակում է կողմ լինել 2020 թվականին համամասնական համակարգին անցնելուն: «Ի սրտե ցավում եմ, որ դա տեղի չունեցավ»,- հայտարարեց նա:

Այս բողոքի ակցիան շարունակությունն էր այս տարվա հունիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային ցույցերի: Այն ժամանակ դժգոհություն առաջացավ այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը Վրաստան կատարած այցելության ժամանակ նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին: Ցուցարարները ներկայացնում էին 3 պահանջ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով,  ներքին գործերի՝ այդ ժամանակվա նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը և  բախումների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակում: Իվանիշվիլին բավարարեց միայն առաջին պահանջը: Այսպիսով՝ իրենց խաբված զգացող քաղաքացիներն այլևս ունակ չէին հանդուրժելու դա:

Համամասնական ընտրակարգին անցնելու նախագծի տապալումից հետո խորհրդարանի առջև հավաքվեցին բազմաթիվ ցուցարարներ, որոնց ժամեր անց միացան Վրաստանում գործող գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական-հասարակական կազմակերպությունները: Դրանից հետո ցուցարարները ներկայացրեցին իրենց հիմնական 3 պահանջները՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համամասնական կարգով ընտրություններ և անցումային կառավարության ձևավորում: «Տատիկիդ խաբիր», «Մենք խաբվեցինք» գրություններով պաստառներ պարզած ցուցարարները շրջափակել էին խորհրդարանը և վրաններ խփել, սակայն ոստիկանները միջամտեցին՝ կիրառելով ջրցան մեքենաներ, եղան տասնյակ ձերբակալվածներ, նաև՝ տուժածներ:

Իսկ իշխող կուսակցության շարքերը բողոքի հուժկու ալիքից հետո սկսել են նոսրանալ:

«Վրացական ցույցերի հետ կապված ամենակարևորն այն է, որ ոչ թե հասարակության մեջ կա ընդվզում, այլ քաղաքական դաշտում, այսինքն՝ շատ մեծ միավորում գոյություն ունի քաղաքական դաշտում, և այն քաղաքական ուժերը, որոնք միշտ միմյանց դեմ են եղել, հիմա միավորվում են, որպեսզի պահանջեն, որ խորհրդարանում ընդունվի համամասնական ընտրակարգը: Եվ հենց ընդդիմության միացման փաստն է այստեղ ամենակարևորը»,– Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Ըստ նրա՝ իշխանության շրջանում արդեն սկսել են երևալ  տարաձայնություններ, և 12-ից ավելի պատգամավոր դուրս է եկել իշխող կուսակցության խմբակցությունից: «Իշխանությունը պատրաստ էր զիջումների գնալ ի սկզբանե, քանի որ քվեարկությունը հենց  նրանց նախաձեռնությունն էր: Բայց իշխանության խմբակցության պատգամավորների մի մասը, որը հիմնականում ընտրվել է մեծամասնական համակարգով և համամասնականով հնարավորություն չի ունենա մտնելու խորհրդարան, դեմ է քվեարկել: Դա վկայում այն բանի մասին, որ կա՛մ Բիձինի Իվանիշվիլին չի կարողանում ղեկավարել իր խմբակցությունը, կա՛մ էլ պարզապես փորձել է այդպիսի քայլ անել՝ մոլորեցնելու համար ընդդիմությանը, ինչը, ինչպես երևում է, չի հաջողվել»,- նշեց Հրանտ Միքայելյանը և հավելեց, որ այստեղ չի տեսնում որևէ արտաքին ազդեցության հետք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica