close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ է կատարվում Իրանում. փորձ է արվում ցույցերը տեղափոխել քաղաքական և էթնիկական դաշտ

Աշխարհ

18 Նոյեմբերի 2019, 17:00
 Ինչ է կատարվում Իրանում. փորձ է արվում ցույցերը տեղափոխել քաղաքական և էթնիկական դաշտ

Իրանում նոյեմբերի 15-ից ուժի մեջ է մտել կառավարական որոշումը բենզինի կրկնակի թանկացման վերաբերյալ: Ըստ այդմ՝ բենզինի գինը մեկ լիտրի համար դարձել է 30.000 ռիալ (0.2 դոլար)` նախկին 15.000 ռիալի (0.009) փոխարեն, բացառությամբ յուրաքանչյուր անձին հասանելիք ամսական 60, իսկ տաքսու վարորդների դեպքում` 400 լիտրը, որը պետք է վաճառվի նախկին՝ 15.000 ռիալով։

Ըստ պաշտանական տեսակետի՝ այս որոշումն ընդունվել է աղքատ քաղաքացիների համար. խոստանում են, որ խնայված գումարներն ուղղվելու են կարիքավորների աջակցմանը: Իրանի նախագահ Ռոհանին նշել է, որ աղքատներին աջակցելու համար կար ևս երեք տարբերակ՝ ավելացնել հարկերը, շատացնել նավթի արտահանումը կամ վերացնել սուբսիդավորումները:

Որոշման ընդունումից հետո բողոքի ալիք է բարձրացել տասնյակ քաղաքներում:

«Թեև սոցիալական բնույթի այդ ցույցերը տեղի են ունենում բազմաթիվ քաղաքներում, բայց ունեն տեղային բնույթ, այսինքն՝ որևէ իրանական քաղաք ամբողջությամբ մատնված չէ  ցույցերի: Բայց տեղային բնույթի բավականաչափ անհանգստացնող գործողություններ են տեղի ունեցել՝ բենզակայանների և այլնի հրկիզումներ, հարձակումներ բանկերի մասնաճյուղերի վրա, նաև տեղի է ունեցել ոստիկանական միջամտություն, որի արդյունքում կան զոհեր, որոնց թիվը հստակ չէ, և յուրաքանչյուր թիվ, որը հաղորդվում է, կարիք ունի ճշտման: Իրանի հոգևոր առաջնորդն արդեն հայտնել է զոհերի մասին, սակայն հստակ թիվ չկա, հետևաբար՝ պետք է ուշադիր լինել՝ զանազան մանիպուլյացիաներից խուսափելու համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտնում է, որ ցուցարարները կիրառում են հրազեն ոստիկանության հետ բախումների ժամանակ, ինչի հետևանքով զոհվել են մի քանի իրավապահներ: Իրանում արգելափակվել է ինտերնետը:

Իրանի էլիտար՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ եթե անկարգությունները շարունակվեն, վճռական միջոցառումներ կիրականացնի և կմիջամտի:

Իրանցի ուսանողների տեղեկատվական գործակալության (ISNA) հաղորդմամբ՝ Իրանի ղեկավարությունը նոյեմբերի 18-ից պատրաստվում է կոմպենսացնել բենզինի գնի բարձրացման հետևանքով առաջացած վնասները:

Ըստ Վարդան Ոսկանյանի՝  տեղի է ունենում մի գործընթաց, երբ փորձ է արվում սոցիալական բողոքի գործողությունները օտարերկրյա ԶԼՄ-ների միջոցով տեղափոխել քաղաքական, և, որն ամենավտանգավորն է՝ էթնիկական դաշտ: «Մասնավորապես՝  ադրբեջանական լրատվամիջոցները խոսում են Թավրիզում (որն, ըստ ադրբեջանական զառանցանքների, պետք է լինի միացյալ Ադրբեջանի մայրաքաղաքը) սպանվածների մասին, որն իրականությանը չի համապատասխանում: Խոսք է գնում նաև քրդերի շրջանում սպանվածների մասին, ինչը ակնհայտ ցուցիչ է առ այն, որ կիրառվում է քարոզչական մեթոբանություն՝ Իրանի ներսում էթնիկական գործոնը ակտիվացնելու համար: Օտարերկրյա ԶԼՄ-ների հետապնդած նպատակը մեկն է՝ հասնել գործող իշխանությունների և,  ընդհանրապես, շիա վարչակարգի փոփոխությանը, սերմանել համատարած անկայունություն՝ խամաճիկային իշխանություն ունենալու համար»,- նշեց իրանագետը:

Նշենք նաև, որ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառող ԱՄՆ-ն արձագանքել և իր աջակցությունն էր հայտնել «իրանցի ժողովրդին խաղաղ ցույցերի ընթացքում» և քննադատել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Դրան ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հայտարարությունը միջամտություն է Իրանի ներքին գործերին, և նշել, որ իրանցի ժողովուրդը քաջ գիտակցում է, որ նմանատիպ հայտարարությունները կեղծավոր ու ցուցադրական են, որոնց մեջ չկա ոչ մի անկեղծ մտահոգություն:

Իրանագետը նաև նշեց, որ սա «սովորական» իրավիճակ է Իրանի համար, քանի որ նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել նաև նախկինում, և, որպես կանոն, իշխանությունները կարողացել են կանխել այսպիսի իրավիճակները: Նա հույս հայտնեց, որ այս անգամ ևս դա կհաջողվի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica