close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով

Տնտեսական

18 Նոյեմբերի 2019, 11:25
 Ինչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով

Օրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից արտագաղթը նվազել է 90 տոկոսով։ Ցավոք, հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները չփորձեցին կոնկրետ թվերով հիմնավորել այդ պնդում, ինչը հանրության շրջանակում տարընկալումների տեղիք տվեց։

Թեև գործող իշխանությունները չեն սիրում թվեր, հաշվարկներ, մոդելներ, այնուամենայնիվ, դրա անհրաժեշտությունը կա, քանի որ արտագաղթը և դրա դինամիկան ուղղակիորեն խոսում են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության մասին։ Արտագաղթը արյունաքամ անող վերք է. արտագաղթ ծնող հիմնական պատճառների մասին խոսելիս նախևառաջ հարկավոր է համեմատել ցուցանիշները՝ գնահատելու համար, թե ինչ է արվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը և կենսամակարդակը բարելավելու, մարդկանց իրենց հայրենիքում պահելու ուղղությամբ։

Այսպես՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնողների և ժամանողների տարբերությունը կազմում է -9857 մարդ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը՝ մուտքերը և ելքերը։ 2016 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -86694  մարդ։ Ըստ ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ 2019 թվականին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից մեկնողների և ժամանողների տարբերությունը (ներառյալ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ) նվազել է 88,6 տոկոսով, որը բավականին մոտ է վարչապետի հրապարակած 90 տոկոսին։

Միաժամանակ, նույն պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտագաղթել է 35549 ՀՀ քաղաքացի (ՀՀ փաստաթղթերով), որոնց թիվը, 2018 թվականի համեմատ, նվազել է 15,7 տոկոսով, 2017 թվականի համեմատ՝ 52,6 տոկոսով, 2016 թվականի համեմատ՝ 64,1 տոկոսով։

Հատկանշական է, որ 2019 թվականին արտագաղթի կրճատման տեմպն ավելի ցածր է, քան նախորդ տարիներին, մասնավորապես՝ 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, արտագաղթը նվազել է 37,2 տոկոսով, 2018 թվականին, 2017 թվականի համեմատ, 70,9 տոկոսով, 2017 թվականին, 2016 թվականի համեմատ, 37,8 տոկոսով։ Պատկերը ավելի վատ է ՀՀ փաստաթուղթ ունեցող անձանց արտագաղթի կրճատման մասով։ Սա նույնն է, թե  նախորդ տարվա համեմատ գրանցենք նվազող ՀՆԱ-ի աճի տեմպ, և դա որպես մեծ ձեռքբերում կամ հեղափոխական առաջընթաց հայտարարենք։

Մտահոգիչ է նաև, որ վերջին տարիների ընթացքում օտարերկրացիների էական հոսքի անվերահսկելի դինամիկա է գրանցվում, իսկ այս ուղղությամբ համապատասխան միգրացիոն և աշխատաշուկայի կարգավորման քաղաքականությունն ուղղակի բացակայում է։

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է արձանագրել, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վատացել է արտագաղթի կրճատման տեմպը, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ նախորդ շրջաններից եկող  և այս իշխանությունների կողմից շարունակվող նեոլիբերալ քաղաքականությունն իրեն սպառել է, նույնիսկ՝ նվազող կոռուպցիայի պայմաններում։ Հայաստանի ժողովրդագրության խնդիրն արմատապես լուծելու համար անհրաժեշտ է համադրել քաղաքական և մասնագիտական շրջանակների ներուժը՝ նոր սոցիալ-տնտեսական քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյան

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica