close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երից մանկանց վանքը՝ իր խորհրդավոր շքեղությամբ

Հասարակություն

13 Նոյեմբերի 2019, 23:01
 Երից մանկանց վանքը՝ իր խորհրդավոր շքեղությամբ

Արցախի ճարտարապետական շինությունների պատմությունը փաստում է երկրամասի արվեստի եւ մշակույթի արժեքային համակարգի՝ որեւէ օտար էթնոսի հետ կապ չունենալու մասին:

 Ջրաբերդից 7 կմ հեռավորության վրա, Թրղի գետակի ձախ ափին, քրիստոնյա Արցախ աշխարհի գեղատեսիլ մի անկյունում ամպակերտ տեսիլքի պես հառնում է Երից մանկանց եկեղեցին, որի մոտ է գտնվում գրեթե անմարդաբնակ Խստորաշեն (Խոխոմաշեն) անունով գյուղը:

Երից մանկանց վանքը եղել է Աղվանից հակաթոռ կաթողիկոսների նստավայրը: Պահպանված արձանագրությունների համաձայն՝ վանքի եկեղեցին կառուցվել է 1691 թվականին, պատմական Ջրաբերդում, Մելիք-Իսրայելյանների կողմից:

Եկեղեցին կառուցել է ճարտարապետ Սարգիսը՝ կաթողիկոս Սիմեոնի եւ իր եղբայր Իգնատիոս վարդապետի օժանդակությամբ, որի վկայությունն է ճարտարապետի անունն ամփոփող՝ ‹‹Շինաւղ և վարպետ եկեղեցոյս ուստա Սարգիսն յիշեցեք ի Քրիստոս›› արձանագրությունը:

Սրբատաշ եւ սպիտակավուն քարերով, եռանավ գմբեթավոր բազիլիկ հորինվածք ներկայացնող այս սրբավայրն իր ճարտարապետական յուրատիպ շքեղությամբ ներդաշնակ տեսք է հաղորդում ոչ միայն ամբողջ համալիրին, այլեւ շրջապատող բնությանը: Հրաշակերտ քանդակների մեջ հիշատակության է արժանի քարի վրա կերտված արևի ժամացույցը:

Կարծես երկնքից իջած ու հանգրվանած՝ լանջավոր լեռների մուգ կանաչ ֆոնի վրա ճերմակ եկեղեցու ճանապարհը հաղթահարելը հեշտ գբոսանք է թվում։ Եկեղեցու գմբեթը բարձրանում է չորս հոյակապ, քառակուսի, խաչաձեւ սյուների եւ դրանք իրար օղակող կամարների վրա։

Վեհաշուք եկեղեցու ընդարձակ դահլիճը, վերամբարձ սյուների ճոխությունը, ասեղնաձեւ խաչվող կամարների թեքությունը, պատուհաններից ներս թափանցող արեւի շողերը ներսում ստեղծում են լույսի եւ գծի խորհրդավոր միասնություն:

Եկեղեցու բեմի վերևի մասում եղած արձանագրության մեջ նշվել էր, որ եկեղեցում կային դպրատուն, բնակելի սենյակներ, որոնց տակ եղել են նկուղներ՝ ծառայելով որպես պահեստներ եւ թաքստոցներ:  Սենյակների մեծ մասն ավերվել է օտար զավթիչների ասպատակությունների հետեւանքով:

Աղմկոտ ու սրընթաց գետերի խշշոցը ահով է պարուրում դեպի ամպեր խոյացող կուսական անտառներին, երբ պատմում է Երից մանկանց՝ հետաքրքիր եւ ինքնատիպ շինության առասպելական պատմությունը:

Ըստ ավանդության՝ Դանիել վարդապետը, վրդովվելով կաթողիկոսից, լքել է Գանձասարի կաթողիկոսությունը եւ եկել Երից Մանկանց վանք, որտեղ եւ կառուցել է այդ հիանալի տաճարը

Ասում են՝ Երից մանկանց վանքը կոչվում է Հին Կտակարանի երեք հայազգի  մանուկների անունով, որոնց կրակ է նետել Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը կուռքին խոնարհվելուց հրաժարվելու համար: Հայազգի մանուկները փրկվել են Միքայել հրեշտակապետի կողմից եւ դժոխքից դուրս եկել անվնաս:

Պատերազմի ժամանակ հայազգի մանուկները սպանվել են օտար բռնակալների կողմից: Ուղտով տեղափոխելիս՝ ճանապարհին ուղտը չոքել է եւ չի  կարողացել գնալ: Այդ ժամանակ որոշել են մանուկներին թաղել վանքի տարածքում: Այստեղից էլ առաջացել է Երից մանկանց անվանումը: Սպանված մանուկների գերեզմանաքարերը մինչեւ այսօր էլ  պահպանվում  են:

Ուշագրավ է նաև եկեղեցու արձանագրություններից մեկում Երից մանկանց վանքի վերաբերյալ հետևյալ հիշատակումը. «Մեր աշխատանքը ավարտին հասցրինք՝ աստվածասերների ու ողորմածների միջոցով ու օգնությամբ. սուրբ Դանիել մարգարեի և երեք սուրբ մանուկների պատվական նշխարքները, որոնք դրված են այստեղ, մեծամեծ հրաշագործություններ են կատարում: Այստեղ այն կառուցվեց մեր փրկության, մեր բազում մեղքերի թողության, մեր հոգեւոր ու մարմնավոր ծնողների,

ինչպես նաեւ բոլոր աշխատողների համար. մեզ և վանքի միաբաններին հիշեցե՛ք ձեր սուրբ աղոթքների մեջ»:

Վանական տարածքում պահպանված բազմաթիվ բնակելի սենյակները, վանականների կացարանները, դահլիճներն՝ իրենց բուխարիներով, խոսում են Երից մանկանց վանքի միաբանության թվակազմի մասին։

Եկեղեցու արեւելյան մասում գտնվող բնակելի հատվածը կազմող սրահի ներսում դռները տանում են դեպի սրահի երկու կողմերում դասավորված բնակելի սենյակներ։ Նմանատիպ սենյակների մյուս խումբը գտնվում է եկեղեցու հարավային պատի մակարդակից ցածր եւ բաղկացած է իրար հաջորդող երկու ուղղանկյուն դահլիճներից։

Ամբողջովին հողի մեջ թաղված սրահի ձախ կողմում գտնվում է շրջանաձեւ եւ իր տեսակի մեջ հետաքրքիր եւ եզակի կաոուցվածքով դահլիճ ներկայացնող վեհարանը: Աշխարհիկ այս կառուցվածքները հատակագծային հորինվածքով եւ ճարտարապետական տարրերի կրկնությամբ աղերսվում են Քոլատակի սրբ. Հակոբավանքի նույնատիպ կաոուցվածքներին։

Երից Մանկանց եկեղեցին այժմ կիսավեր վիճակում է, եւ Ադրբեջանին սահմանամերձ լինելու հանգամանքը խոչընդոտում է զբոսաշրջային այդ ուղղության զարգացմանը:

1993թ. փետրվարին ‹‹Եղնիկներ›› կամավորական ջոկատի տղաները հրամանատար Շահեն Մեղրյանի գլխավորությամբ ոչնչացնում են Հաթերքից Քարվաճառ շարժվող ադրբեջանական զինուժի շարասյունը:

Հայկական ջոկատի հետքերով Ադրբեջանական զինուժը ռմբակոծության է ենթարկում Երից մանկանց վանքը, որի ժամանակ խաչն ընկնում է:

20 տարի անց Շահեն Մեղրյանի մարտական ընկերների օգնությամբ վերականգնվում է վանքի խաչը՝ իրականություն դարձնելով հերոս հրամանատարի երազանքը:

Հասմիկ Հակոբյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica