close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղամիշլիում վերջին հրաժեշտ են տվել սպանված Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը

Հասարակություն

12 Նոյեմբերի 2019, 20:05
 Ղամիշլիում վերջին հրաժեշտ են տվել սպանված Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը

Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Այս մասին հայտնում է «Արևելք» լրատվականը:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի Սուրբ Հովսեփ առաջնորդանիստ եկեղեցում: Կրոնական արարողությունը գլխավորել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ ծայրագույն վարդապետ Այվազյանը, արարողությանը ներկա են գտնվել Ղամիշլիի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ Տեր Լևոն աբեղա Եղիայանը և քույր համայնքների կրոնական առաջնորդներ:

Հարյուրավոր սգավորների ներկայությամբ տեղի ունեցած կրոնական արարողության ընթացքում հայր Անդրանիկ ծայրագույն վարդապետը զոհված քահանային համարել է համայն քրիստոնեության և սիրիական հայրենիքի նահատակ: Ահաբեկչության զոհ դարձած Տեր Հովսեփ քահանայի մարմինն, ավանդույթի համաձայն, թաղվել է եկեղեցու խորանի ներքևում գտնվող հատուկ դարակի մեջ, իսկ նրա հոր մարմինը հողին է հանձնվել Ղամիշլիի գերեզմանատանը:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ղամիշլիում սպանված Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը ունի մեկ որդի և երկու դուստր: Քահանայական ձեռնադրությունն ընդունել է 2014թ.՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, Հայաստանի Արևիկ համայնքում: 2014-ից  ծառայում էր  Գամիշլիում,  որտեղ և ապրում էր ընտանիքով: Հիմնել է Գամիշլիի Սուրբ Հովսեփի երիտասարդական միությունը, կազմակերպում էր նաև տեղում գործող այլ միությունների՝ Սրբուհի 
Ռիտայի, Սրբուհի Թերեզայի միությունների աշխատանքը:

«Տ. Հովսեփը մի քանի ամիս ծառայել է նաև Հայաստանի կաթողիկե համայնքներում, 2017-2018թթ. մասնակցել է Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցող Երիտասարդական համայնքային օրերին: Սիրում էր աշխատել երեխաների և երիտասարդների հետ և իր կենսուրախ, աշխույժ բնավորությամբ  սիրելի էր բոլորի համար»,-նշված է պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերի 11 ի  առավոտյան  ահաբեկիչների  ձեռքով  սպանվել  է  Սիրիայի  Գամիշլի  բնակավայրի  հայ  կաթողիկե  համայնքի ժողովրդապետ, հոգևոր հովիվ Արժ. Տ. Հովսեփ  Քհն. Պետոյանը: Տ. Հովսեփը սպանվել է Հասաքիե-Դեր  Զոր  ճանապարհին,  ըստ երևույթին,  ահաբեկիչների  կողմից արձակված  կրակոցներից: Տեր  Հոր մեքենայում եղել են նաև  նրա հայրը և Ֆադի  Սանո Սարկավագը: 
Հայրը մահացել է տեղում, քահանան մահացել է  հիվանդանոց տեղափոխվելու  ճանապարհին, իսկ սարկավագը  գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում:  Հայտնի է, որ Տ. Հովսեփ Պետոյանը գնում էր Դեր Զորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 

Զուգադիպությամբ, ողբերգական դեպքը պատահել է Շիդդադե կոչվող մի վայրում, որտեղ տեղի ունեցել 1915-ի հայկական ցեղասպանության վերջին կոտորածը:

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica