close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ. ի՞նչ կփոխվի տարածաշրջանում

Աշխարհ

12 Նոյեմբերի 2019, 12:46
 Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ. ի՞նչ կփոխվի տարածաշրջանում

Նոյեմբերի 12-13-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է ԱՄՆ: Թրամփի հրավերի մասին հայտնի էր դարձել դեռևս հոկտեմբերի սկզբին, սակայն Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկից հետո այցը հարցականի տակ էր, քանի որ երկուստեք իրարամերժ հայտարարություններ էին հնչում. մի կողմից Թրամփը կոչ էր անում Էրդողանին՝ հիմար չլինել, այլապես կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը, մյուս կողմից էլ նշում էր, որ Էրդողանն իր ընկերն է, և ոչ մի խնդիր չկա Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև: Իրար հակասող հայտարարություններ էր անում նաև Էրդողանը. BBC-ն հաղորդում էր, որ Էրդողանը աղբարկղն է նետել Թրամփի՝ իրեն ուղղված նամակը, որում պահանջվում էր դադարեցնել ռազմական գործողությունները, մի քանի օր անց էլ Էրդողանը հայտարարեց, որ Թրամփը շատ անկեղծ և ազնիվ է իր նկատմամբ:

Թե ի՞նչ պետք է քննարկվի հանդիպման ժամանակ, դժվար չէ կռահել: Վերջին մեկ ամսվա ընթացքում թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացել են մի շարք խութեր՝ սիրիական, քրդական խնդիրներ, ամերիկյան պատժամիջոցներ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից և այլն: Բացի այդ՝ կան նաև ավելի վաղ ծագած հարցեր՝ Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը Ռուսաստանից՝ ամերիկյան «Պատրիոտ» համակարգերի փոխարեն,  «Ինջիրլիք» ռազմաբազայի հարցը, ամերիկյան Ֆ-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի հեռացումը և այլն:

«Մենք կքննարկենք մեր երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային իրադրությունը: Ս-400, «Պատրիոտ», Ֆ-35. անշուշտ, դրանք նույնպես օրակարգի հարց են: Մենք պատրաստ ենք գնել «Պատրիոտ»-ները, թող մեզ առաջարկեն, և մենք կգնահատենք: Մեր նպատակը առևտրաշրջանառությունը 100 մլրդ-ի հասցնելն է: Քննարկվելու են նաև ռազմական արդյունաբերությանն ուղղված քայլերը»,- նշել է Էրդողանը:

Նախքան ԱՄՆ այցելությունը տված մամուլի ասուլիսում նա նաև հայտարարել է, որ կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը նույնպես լինելու է առաջնայինների թվում:

Կասկածից վեր է նաև, որ Թրամփ-Էրդողան հանդիպման առանցքային հարցերից մեկը կլինի Հայոց ցեղասպանության հարցը: Էրդողանը կգնա ամեն քայլի, որպեսզի հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատում կանխի Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ Bloomberg-ի, Թրամփի վարչակազմից մի բարձրաստիճան պաշտոնյա հայտնել է, որ վարչակազմը դեմ է Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցներին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը:  Դատելով Թրամփի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության հարցում ոչ հայամետ դիրքորոշումից՝ չի բացառվում, որ այս հարցում ԱՄՆ ղեկավարությունը շարունակի նախորդների մոտեցումները:

Արդեն նշել ենք,  որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել Վաշինգտոնում՝ Էրդողանի այցի հետ կապված, որն արդեն պետք է պայքարի ոչ միայն հակահայկական, թուրքական լոբբինգի, այլ նաև Թրամփի վարչակազմի դեմ, որը համառորեն շարունակում է պրոթուրքական վարքագիծ որդեգրել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica