close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ Դատի Աշխատանքներուն Համար Հանգանակուեցաւ 2.400.000 Տոլար

Հասարակություն

11 Նոյեմբերի 2019, 21:23
 Հայ Դատի Աշխատանքներուն Համար Հանգանակուեցաւ 2.400.000 Տոլար

Բակօ Սահակեան. «Անհրաժեշտ Է Հետեւողականօրէն Ամրապնդել Հայաստան – Արցախ – Սփիւռք Եռամիասնոթիւնը»

Արամ Ա. Կաթողիկոս. «Հայ Դատը Ամբողջ Հայ Ժողովուրդին Դատն Է»

Յակոբ Տէր Խաչատուրեան. «Հայ Դատի Զինուորագրեալները Մեր Երկրորդ Բանակն Են»

Շաբաթ, 9 նոյեմբեր 2019-ին, կազմակերպութեամբ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյին, Պրիւքսելի Steigenberger Wiltcher's հիւրանոցին մէջ, ժամը 20։00-էն 23։00, տեղի ունեցաւ դրամահաւաք-ընթրիք, որուն ընթացքին Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու  աշխատանքներուն համար հանգանակուեցաւ 2.400.000 ամ. տոլար։

Պատուոյ սեղանին նստած էին Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսը, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը, Մեծ Բրիտանոյ եւ Իռլանդայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովակիմ եպս. Մանուկեանը, Պելճիքայի թագաւորության մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան եւ Եւրոպական Միութեան մօտ Հ.Հ. առաքելութեան ղեկավար Թաթուլ Մարգարեանը, ՆԱՏՕ-ի մօտ Հայաստանի Հանրապետութեան առաքելութեան ղեկավար Գագիկ Յովհաննիսեանը, Պրիւքսէլի մէջ Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Իրինա Բեգլարեանը, բարերարներ Տ. եւ Տ. Վարուժան եւ Սիլվա Լափոյեանները եւ պարոն Գաբրիէլ Չէմպէրճին։

Ներկայ էին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամներ, Հ.Յ.Դ. մարմիններու ներկայացուցիչներ, Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու պատասխանատուներ, նուիրատուներ եւ հիւրեր:

Հանդիսավար Հրայր Սողմոնեանի կողմէ տեղի ունեցաւ միջոցառումի բացումը։

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը իր խօսքին մէջ խորին շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք կը մասնակցին նուիրահաւաքին: Ան դիտել տուաւ, որ ձեռնարկը երախտագիտութեան զգացումի արտայայտութեան զուգահեռ նաեւ առիթ է հաշուետուութեան, ներկայացնելու Հայ Դատի Եւրոպայի, Հայաստանի կեդրոնական գրասենեակի, Միջին Արեւելքի գրասենեակի աշխատանքներու ծիրը` աւելցնելով, որ Ուաշինկթընի Կեդրոնական գրասենեակին կողքին շրջանային մակարդակով Հայ Դատի գրասենեակներ կը գործեն ամէնուրեք:

«1991 թուականէն սկսեալ, երբ հպարտութեամբ ողջունեցինք Հայաստանի վերանկախացումը, Արցախի գոյամարտի արդիւնքը հանդիսացող Արցախի Հանրապետութեան ստեղծումը, հարստացաւ նաեւ մեր Հայ Դատի օրակարգը: Եթէ դասականօրէն կը զբաղէինք Հայոց Ցեղասպանութեամբ, այսօր ցեղասպանութիւնը երկրորդ մակարդակի վրայ է, որովհետեւ առաջին մակարդակի վրայ եղած է` մեր բոլոր Հայ Դատի գրասենեակներուն եւ յանձնախումբերուն համար, Հայաստանի Հանրապետութեան զօրակցութեան խնդիրը,  անոր միջազգային վարկի, հեղինակութեան բարձրացումը, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման խնդիրը` կա՛մ ինքնորոշման իրաւունքի շեշտաւորումով եւ կա՛մ, ուր որ կարելի է, Արցախի միջազգային ճանաչման հարցին արծարծումով: Երկրորդ կարգի վրայ կու գայ Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը, որ արդէն բաւական ճամբայ կտրած է, եւ, ասոր կողքին, մենք բացած ենք հատուցումներու օրինական երեսներու քննարկման հարցը մեր հիմնած Հայ իրաւանց խորհուրդին կողմէ, որ կ՚ուսումնասիրէ անհատական եւ հաւաքական հատուցումներու հարցը: Երրորդը` հայապատկան հողերու վրայ հայութեան  իրաւունքներու վերադարձի, հայակերտումի խնդիրն է, իսկ չորրորդը` ընդհանրապէս ժողովուրդին եւ յատկապէս երիտասարդութեան քաղաքականացումն է եւ անոնց առիթներ եւ հնարաւորութիւններ տալու կարելիութիւնը, ոչ թէ իբրեւ խօսք եւ օդային ծրագիրներ, այլ շատ յստակ ծրագիրներ, որոնց մասին տակաւին առիթ պիտի ըլլայ խօսելու, որոնց ընդմէջէն մենք կը փորձենք բանալ դռներ միջազգային մայրաքաղաքներու մէջ, որպէսզի կարենանք մեր այդ երիտասարդները զետեղել քաղաքական, տնտեսական, ելեւմտական, մտաւորական համալսարանական շրջանակներու մէջ, եւ այդպիսով երբեմն հպարտանանք ըսելով, որ բերդը ներսէն գրաւած ենք», յայտնեց Յակոբ Տէր Խաչատուրեան: Ան տեղեկացուց, որ երիտասարդութեան վերաբերող այս ծրագիրին մէջ արդէն կարելի եղած է ներգրաւել շուրջ 200 երիտասարդներ Ուաշինկթընէն եւ եւրոպական զանազան մայրաքաղաքներէ:

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչը հաստատեց, որ ՀՅ Դաշնակցութեան պարտականութիւնն է ծառայել իր ժողովուրդին` դիտել տալով, որ լաւապէս գիտենք ինչ կը նշանակէ նուիրում, կամաւոր աշխատանք, զոհողութիւն, եւ եթէ հարկ ըլլայ` կեանքի գնով պայքարի մասնակցութիւն: «Բայց 21-րդ դարուն կ՚անդրադառնանք նաեւ, որ միայն կամաւոր աշխատանքը բաւարար չէ, մենք պէտք է ունենանք արհեստավարժ կեդրոններ: Ուրախ ենք ըսելու, որ վերջին  15 տարուան ընթացքին մենք կրցած ենք ստեղծել նման կառոյցներ», յայտնեց Յակոբ Տէր Խաչատուրեան` աւելցնելով, որ անոնք բաւարար ու ամբողջական կրնան չըլլալ, սակայն անկասկած կը շարունակեն տարին 365 օր, շաբաթը 7 օր եւ օրական 24 ժամ միշտ հիմնական պատնէշներու վրայ ըլլալ: «Մեր Հայ Դատի զինուորագրեալները, մէկ մասը` արհեստավարժ, ջախջախիչ մասը կամաւոր բանակ, իսկապէս անոնք երկրորդ բանակը կը հանդիսանան` Հայաստանի ու Արցախի բանակներուն կողքին, անոնք մեր քաղաքական դաշտի բանակն են, որ Արցախի եւ Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչներուն կողքին կը պայքարին առաջադրուած չորս հիմնական ոլորտներուն մէջ», շեշտեց Բիւրոյի ներկայացուցիչը:

Իր խօսքը եզրափակելով` ան ըսաւ, որ այդ արհեստավարժութեան յաջողութեան եւ պայքարի յարատեւման համար ՀՅԴ-ն կը դիմէ ժողովուրդին, որ միշտ կ՚անսայ դիմումին եւ նեցուկ կը կանգնի Դաշնակցութեան:

Հանդիսավարը մէջ ընդ մէջ կ՚ընթերցէր նուիրատուութիւններու ցուցակները։

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան իր ելոյթին ընթացքին ողջունեց ներկաները, փոխանցեց Արցախի ժողովուրդին ջերմ բարեմաղթանքները, կարեւոր նկատեց այսպիսի ձեռնարկներու կազմակերպումը եւ նշեց, որ ասիկա հարթակ մըն է` քննարկելու համազգային եւ միջազգային զարգացումները, ծանօթանալու տարբեր կարծիքներու:

Նախագահ Բակօ Սահակեան անդրադարձաւ Արցախի պետականաշինութեան, ներքին եւ արտաքին քաղաքականութեան շարք մը հիմնարար գաղափարներու:

«Աշխարհում տեղի են ունենում բաւականին դինամիկ եւ լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու փոփոխութիւններ: Ընդ որում՝ այդ փոփոխութիւնների մի կարեւոր հոսանքն ընթանում է մեր եւ հարակից շրջաններում: Դա պահանջում է աւելի մեծ զգոնություն, փոխգործակցութեան համակարգման աստիճանի բարձրացում, տարբեր երկրների հետ տարուող աշխատանքների, մարտավարութեան եւ ռազմավարութեան մէջ յստակեցումների ու փոփոխութիւնների իրականացում», – իր ելույթին մէջ ընդգծեց Արցախի Հանրապետութեան Նախագահը:

Նախագահը աւելցուց. «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակներն իրականացնում են մեծածաւալ եւ կարեւոր աշխատանք՝ միջազգային հարթակներում մեր համազգային խնդիրների ներկայացման ուղղութեամբ, յատուկ ուշադրութեան կենտրոնում պահելով Արցախը, նրա շահերի պաշտպանութիւնը, տարբեր երկրների հետ երկկողմ բարիդրացիական յարաբերութիւնների զարգացումն ու խորացումը, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը»:

Նախագահ Սահակեան շեշտեց, որ մեր բոլոր յաղթանակներու եւ ձեռքբերումներու կեդրոնը ինկած են ժողովուրդի միասնականութիւնը, անկոտրում հաւատքը, հաւաքական կամքը, լաւատեսութիւնն ու քրտնաջան աշխատանքը` աւելցնելով, որ անհրաժեշտ է ընել կարելին այս ուղղութեամբ, հետեւողականօրէն ամրապնդել Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւնը, զարգացնել ու խորացնել մնայուն գործնական կապերը Արցախի եւ անոր բարեկամներուն միջեւ:

Նախագահը երախտագիտութիւն յայտնեց ներկաներուն` Արցախին մշտապէս սատարելու, մեր համազգային խնդիրներու լուծման գործին մէջ աշխուժ մասնակցութիւն ունենալու համար:

Տէր Յովակիմ սրբազանը ընթերցեց Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի օրհնութեան գիրը։ (Գարեգին Բ.-ի օրհնութեան գիրը ամբողջութեամբ կցուած)

Ցուցադրուեցաւ տեսերիզ Հայ Դատի յանձախումբերու եւ գրասենեակներու համաշխարհային գործունէութիւնը ներկայացնող։

Հ.Հ. դեսպան Թաթուլ Մարգարեանը ընթերցեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի ուղերձը։ (Հ.Հ. նախագահի ուղերձը ամբողջութեամբ կցուած)

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոս ուղղեց իր հայրապետական պատգամը, որուն մէջ անդրադարձաւ Հայ Դատի աշխատանքներու կարեւորութեան, հայ ժողովուրդի դարաւոր պայքարին եւ ներկայիս դիմագրաւած դժուարութիւններուն ու պայքարը շարունակելու անհրաժեշտութեան:

Խօսքին սկիզբը Արամ Ա. կաթողիկոս ըսաւ, որ Հայ Դատը միայն սփիւռքի կամ միայն Հայաստանի ու Արցախի դատը չէ, անիկա ամբողջ հայ ժողովուրդին դատն է:

«Մեզի համար Հայաստանի հզօրացումը պայքար է: Արցախի անկախութեան պահպանումը պայքար է: Մենք պահանջատէր ժողովուրդ ենք եւ մեզի համար առաջնահերթ տեղ կը գրաւէ Հայաստանի անկախութեան ամրապնդումը», ըսաւ Արամ Ա. կաթողիկոս` շեշտելով յատկապէս, որ մեզի համար, հայ ժողովուրդին համար Հայ Դատը ամէնօրեայ պայքար է:

«Այսօր Հայ Դատի մարմինները ի սփիւռս աշխարհի բարձրագոյն աստիճանի նուիրուածութեամբ, նախանձախնդրութեամբ, հետեւողականութեամբ եւ մանաւանդ կամքով եւ հաւատքով կը հետապնդեն մեր ժողովուրդի իրաւունքները. մեր ժողովուրդի իրաւունքներու հետապնդման մէջ անկասկած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ունեցաւ, ունի եւ պիտի ունենայ իր առանցքային տեղը եւ դերը», ըսաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոս:

Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը ներկայացուց նախորդ հանգանակային ձեռնարկէն ի վեր նիւթական հաշուեկշիռը եւ Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու համակարգն ու աշխատանքները։

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը յայտարարեց երեկոյի մեծագոյն նուիրատուութիւնները. մինչ այդ կատարուած խոստումներու գումարը հասած էր 1,198,400 ԱՄՆ դոլար եւ 151,500 Եւրո: Մեծագոյն նուիրատուութիւններն էին՝ Սիմոն եւ Մարալ Հասըրճեաններ հարիւր հազար ամերիկեան տոլար. Գաբրիէլ Չէմպէրճի՝ հարիւր յիսուն հազար ամերիկեան տոլար. Գագիկ Ծառուկեան՝ երկու հարիւր յիսուն հազար ամերիկեան տոլար. Վարուժան եւ Սիլվա Լափոյեաններ՝ հինգ հարիւր հազար ամերիկեան տոլար։ Ընդհանուր գումարը հասաւ մօտ երկու միլիոն չորս հարիւր հազար ամերիկեան տոլարի։
Մինչեւ միջոցառումի փակումը յայտարարուեցաւ, որ Հայ Դատի աշխատանքներուն համար դրամահաւաքը կը շարունակուի։

Հ.Յ.Դ. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐՈՒ ԳՐԱՍԵՆԵԱԿ

 

Ստորև Yerkir.am-ը համապատասխանաբար ներկայացնում է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքը։

Image result for գարեգին բ կաթողիկոս

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Տիար Բակո Սահակյան,

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա,

Հայ Դատի հանձնախմբի մեծարգո անդամներ,

Սիրելի՛ հավատավոր զավակներ Մեր,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ձեզ և հղում Հայրապետական Մեր օրհնությունն ու սերը Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից կազմակերպված այս հավաքի առիթով: Գնահատելի են աշխարհի տարբեր երկրներում, միջազգային ու պետական հարթակներում ներդրած ձեր նվիրյալ ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Արցախի հիմնարար իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հայության առջև հառնած խնդիրների լուծման ուղղությամբ:

Ազգամիջյան ու կրոնական տարբեր հակառակություններով մտահոգ արդի աշխարհում համազգային մեծ խնդիրների բարձրաձայնումը և պաշտպանությունը սոսկ քաղաքական գործունեություն չէ, այլ մեր ժողովրդի լուսավոր գալիքի տեսլականով բարձր առաքելություն: Այս գիտակցությամբ մեր շուրթերից հնչող խոսքերը պետք է կնքվեն արդյունաշատ գործերով, անցյալից եկող ավանդները տարածվեն ապագայում, ներկայի մեջ դառնալով պատասխանատվություն ու պարտականություն: Գոհունակություն է մեզ համար հաստատել, որ միջազգային կառույցների, տարբեր պետությունների ու կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման իրողության մեջ տեսանելի է մեր ժողովրդի հավաքական ներուժի դրսևորումը: Մեզ բոլորիս քաջալերում է Հայոց Ցեղասպանության շարունակական ճանաչումը, քանզի հայ ժողովրդի նկատմամբ արդարության իրագործումը էական է ավելի արդար ու խաղաղ աշխարհի կառուցման համար: Հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարը ընտրություն չէ մեր ժողովրդի համար, այլ մեր լինելիության անբաժան մասը, մեր աննահանջ հանձնառությունը: Մենք ամենքս նույն տեսիլքն ունենք՝ մեր պատմության մեջ բացված Ցեղասպանության դառնագույն էջը եզրափակել մեր պահանջատիրության հաղթանակով, պաշտպանված ու զորեղ, բարօր ու զարգացող դարձնել մեր հայրենիքը և ապահով, շեն ու կենսունակ պահել սփյուռքը: Այս նպատակների համար մեր ժողովուրդը մեծ զոհողություններ է հանձն առել, միավորվել ազգաշահ ու  հայրենաշեն ծրագրերի շուրջ, որոնցում կարևոր դեր են ունեցել նաև ազգօգուտ նախաձեռնություններն ի նպաստ կազմակերպվող դրամահավաքները: Այս դրամահավաքը ևս կարևոր ներդրում պիտի լինի Հայ դատի գրասենյակների ազգանվեր գործունեության մեջ:

Սիրելինե՛ր, արդարության և ճշմարտության, խաղաղության արժեքները, եղբայրասիրության, հայրենասիրության ու միաբանության ոգին մեզ միշտ զորություն են տալու, մեր բազկին՝ ուժ, և մտքին՝ իմաստություն:  Այդ արժեքներով պիտի  շենացնենք մեր հայրենիքը, կենսունակ պահեքն սփյուռքը, հույս ապավեն դառնանք և նեցուկ լինենք միմյանց՝ դժվարությունները հաղթահարելու և մեր իղձերն իրագործելու: Այս է Մեր Հայրապետական պատգամը  ձեզ և համայն մերն ժողովրդին, որպեսզի միասնաբար կյանքի կոչենք ազգային առաջընթացի  և լուսավոր ու պայծառ  գալիքի մեր տեսիլքները: Վերստին Մեր գնահատանքն ու լավագույն բարեմաղթանքներն ենք բերում Հայ դատի ազգաշահ առաքելությունը:

Բարի և արդյունավոր ընթացք այս նախաձեռնության աշխատանքներին

Օրհնությամբ՝ Գարեգին Բ կաթողիկոս ամենայն հայոց»:

 Image result for արմեն սարգսյան

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հարգարժա՛ն  ներկայացուցիչներ, տիկնա՛յք, և պարոնա՛յք

Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ, որ մեկ հարկի տակ են հավաքվել հայ  ժողովրդի ճակատագրի հանդեպ սրտացավ, Հայկական հարցի արդար լուծմամբ շահագրգիռ, Հայ դատը առաքելություն հռչակած մարդիկ՝ ազգային, պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, գործարարներ ու բարերարներ տարբեր երկրներից և քաղաքներից:

Հարգելի՛ բարեկամներ,

Հայ դատի առաջնահերթ առաքելությունը եղել ու մնում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Դա ոչ միայն առաքելություն է, այլև՝ պարտք և պարտավորություն:

Անշուշտ, այն ազգանպաստ գործունեությունը, որ ծավալում են Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները աշխարհի տարբեր երկրներում, տեսանելի չէ ամենայն մանրամասնությամբ: Սակայն նկատի ունենանք, որ այդ գործընթացն ինչ-որ առումով նման է դիվանագիտությանը, որտեղ ամեն ինչ չէ, որ բացահայտ է:

Ի պատիվ Հայ դատի հանձնախմբերի՝ պետք է ասել, որ, գտնվելով տարբեր երկրներում, նրանք կարողանում են գործել համակարգված և արդյունավետ: Նրանց ջանքերի շնորհիվ է նաև, որ տարբեր պետություններ, խորհրդարաններ, միջազգային կառույցներ ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող իրավական ակտեր: Ամենաթարմ վկայությունը ԱՄՆ Ներկայացուցկիչների պալատի՝վերջերս ընդունած թիվ 296 բանաձևն է, որն արձանագրում է ՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնումը:

Այդ ամենը Հայաստանի Հանրապետության պետական ու դիվանագիտական կառույցների, ինչպես նաև տվյալ երկրների պատկան մարմինների, հասարակական կազմակերպություններ, նաև սփյուռքի մեր հայրենակիցների, ավանդական կուսակցությունների, ազգային և եկեղեցական կառույցների, նրանց աջակիցների, բարեկամների, ընկերների լայն շրջանակի քրտնաջան աշխատանքի, հսկայական ջանքերի արդյունք է:

Օգտվելով առիթից՝ խորին շնորհակալություն եմ հայտնում Հայ դատի գրասենյակներին ու հանձնախմբերին, Հայ դատի նվիրյալներին, անհատներին, աջակիցներին հայանպաստ գործունեության, հայրենասիրության ու համազգային բարձր գիտակցության համար:

Հարգելի՛ ներկաներ, ժամանակակից աշխարհն առաջ է ընթանում մեծ արագությամբ: Ուստի անհրաժեշտություն կա հռչակած նպատակները, ռազմավարությունն ու մարտավարությունը համապատասխանեցնել այսօրվան: Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի աշխատանքները, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից բացի, ընդգրկում են նաև այլ ոլորտներ: Հայաստանի միջազգային վարկի ամրապնդմանը, նրա տնտեսական հզորացմանն ու առաջընթացին, Արցախի հարցի արդարացի լուծմանն ու Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանն աջակցելը համազգային այն առաջնահերթություններից են, որոնք համահունչ են Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի գործունեությանը: Այս առումով դրվատելի է նրանց օգտակար մասնակցությունն այս գործընթացներին:

Անշուշտ, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները քաջատեղյակ են այն խնդիրներին, որոնք արդիական են մեր ժողովրդի, Հայաստանի և Արցախի հանրապետությունների, սփյուռքի հայկական գաղթօջախների համար: Համոզված եմ, որ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, որպես ազգային կառույցներ, հաջողության կհասնեն իրենց ծրագրերում ՝ ջանքերի մեկտեղմամբ, համազգային շահի միասնական գիտակցումով:

Կրկին ողջունում եմ բոլորիդ, մաղթում հաջողություն և ամենյան բարիք»: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica