close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 23

Քաղաքական

11 Նոյեմբերի 2019, 17:57
 Հայ դիվականության պատմություն - 23

ԱՆԿՈՒՄԸ

 

Արդեն 1991թ. վերջում ՀՀՇ-ն սկսեց պառակտվել, իսկ Լ.Տ.Պ.-ից սկսեցին հեռանալ ինքնապահպանման զգացումով օժտված նրա գործընկերները։ 1993թ. վերջում նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ ընդդիմադիր դարձավ ՀՀՇ-ի ցույցերում դաստիարակված ճառ ասողների մի ամբողջ խումբ՝ Դավիթ Վարդանյանը, Արշակ Սադոյանը,Սեյրան Ավագյանը, Շավարշ Քոչարյանը։ Նրանք պառլամենտում կազմեցին առանձին խումբ,իսկ հետագայում դարձան Վազգեն Մանուկյանի Ազգային ժողովրդավարական միության միջուկը։ Մինչ այդ, 1993թ. աշնանը Լեւոնին հրապարակայնորեն լքեց նրանից վրդովված Աշոտ Մանուչարյանը, որը ՀՀՇ-ի լավագույն հռետորն էր։ 1994թ. սկզբին պաշտոնական միջանցքներից դուրս թափվեց եւ հասարակության սեփականությունը դարձավ Երեւանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի եւ նախագահի միջեւ գոյություն ունեցող սուր բախումը։ Քաղաքապետը մի քանի ամիս անց սպանվեց։ Ո՛չ ինքը,ո՛չ էլ նրա ձեռքի տակ գտնվող Վանո Սիրադեղյանը,Արա Սահակյանը եւ ուրիշներ,չմասնակցեցին Գալստյանի թաղմանը,որը ժամանակին ՀՀՇ-ականների լավագույն բարեկամն էր։

Հավանաբար,նրան չներեցին այն խայտառակ բացահայտումները,որ արվեցին 1994թ. կեսերին,երբ Գալստյանը Աշոտ Մանուչարյանի հետ հունիսի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ ծանր հանցանքների մեջ մեղադրեցին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին՝ միաժամանակ նշելով նրա գլխավոր հովանավոր Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Իսկ մի քիչ ավելի ուշ՝ 1994թ. սեպտեմբերի վերջին, երեք ընդդիմադիրներ գրեթե միաժամանակ բարձրաձայն խոսեցին նույն բանի մասին։ Նրանք էին՝ Աշոտ Մանուչարյանը,Իգոր Մուրադյանը եւ Պարույր Հայրիկյանը։ Նրանք հայտարարեցին,որ երկիրը ղեկավարվում է արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալների կողմից եւ պետական դավաճանության մեջ մեղադրեցին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին,պառլամենտի խոսնակ Բաբկեն Արարքցյանին,ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին,Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանին։ Մասնավորապես նշվում էր,որ Սիրադեղյանը հավաքագրվել է  Փարիզ կատարած խայտառակ այցելության ժամանակ,որն արժեցավ 300 հազար դոլար, եւ որի ժամանակ (իմիջիայլոց,Սիրադեղյանի խոստովանությամբ) մի սեւամորթ կնոջ հետ մեկ գիշեր անցկացնելու համար վճարել էր 5000 դոլար։  Եվ դա հասկանալի է՝ ավելի պակաս գումարով նրա հետ մեկ ժամ անցկացնել կխորշեին անգամ Պիգալ հրապարակի անառակ կանայք։

Վերջապես,1995թ. մայիսին Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից հրաժարական տվեց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանը (մեկ տարի առաջ նրա աղջիկն ամուսնացավ նախագահի որդու հետ)։ Հրաժարականը տրվեց Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում մի բանտարկյալի մահից հետո,որին դաժանաբար ծեծել էին ներքին գործերի նախարարի «աջ ձեռքերը»,իսկ հետո տեղափոխել,«գցել էին» Շահնազարյանի գերատեսչություն։ Այդ ամենից դեռ շատ առաջ՝ 1992թ. աշնանը,բավական դառնացած ու սրտնեղած հրաժարական տվեց Երրորդ հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը,որը հայտնի հայագետ եւ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի որդին է։ Նա կտրականապես համաձայն չէր (այդ մասին հայտարարեց հրապարակայնորեն) պաշտոնական արտաքին քաղաքականության մեջ գոյություն ունեցող թուրքասիրական տրամադրությունների հետ եւ այն սկզբունքի հետ,որ կիրառում էին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական խորհրդատու Ժիրայր Լիպարիտյանը։ Վերջինս, 7 տարի շարունակ գրավելով բարձր պաշտոններ,այդպես էլ չբարեհաճեց ձեռք բերել իր պատմական հայրենիքի քաղաքացիությունը։ Նրանց արտաքին քաղաքականության գլխավոր դոկտրինը Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի արանքում անվերջ խուսանավումն էր,որի բացասական արդյունքները հստակ դարձան 1996թ. Լիսաբոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Լիսաբոնում Հայաստանի նախագահը ստիպված եղավ հակադրվել ողջ «քաղաքակիրթ աշխարհին»՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանաձեւի վրա օգտագործելով վետոյի իր իրավունքը։ Սակայն այն ժամանակ Լ.Տ.Պ. -ն եւ սակավաթիվ դարձած նրա շրջապատը հասցրին իրենց հակադրել նաեւ ամբողջ հայ հասարակարգն ու հայ ազգին՝ բռնագրավելով ոչ միայն խորհրդային,այլեւ եկեղեցական իշխանությունը, ու հասկանալի  դարձավ նրանց ներքին եւ արտաքին քաղաքականության հակաժողովրդական,հակապետական,հակազգային բնույթը։

Այս իմաստով հատկանշական են 131-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունները, որոնք հիշեցնում են արկածախնդիր մի անհաջող վեպի բովանդակություն։ Ազգային Եկեղեցական ժողովի մասնակիցները 1995թ. ապրիլին ընտրեցին Ամենայն Հայոց կաթողիկոս։ Ժողովի թե՛ հոգեւորական,թե՛աշխարհիկ պատգամավորների վրա ճնշում գործադրվեց,որպեսզի ընտրվի Լ.Տ.Պ.-ին ցանկալի թեկնածուն։ Յուրաքանչյուր պատգամավորի հետ առանձին-առանձին խոսում էր այն ժամանակվա ամենահզոր ու գլխավոր ոստիկան Սիրադեղյանը՝ կա՛մ կաշառելով,կա՛մ սպառնալով։ Կաշառքը հավասար էր 3-5 հազար դոլարի, եւ պատգամավորը դա ստանում էր առձեռն։ Եթե հաշվի առնենք,որ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների թիվը 50 էր, եւ նրանց վճարումները կատարվում էին այլ հաշվարկների համաձայն,ապա տարրական թվաբանական հաշվարկը ցույց է տալիս,որ մնացած 380 պատգամավորների վրա իշխանությունները ծախսեցին 1.5-2 միլիոն դոլար։ Շատ մեծ գումար չէ, եթե նկատի ունենք,որ այդ գործի համար,հավաստի աղբյուրների համաձայն, հատկացված էր 15 միլիոն դոլար եւ Լ. Տ. Պ.-ին էր հանձնվել անձամբ ամերիկացի միլիոնատեր Հրայր Հովնանյանի կողմից։ Ընտրողների հետ անմիջական հաշվարկները կատարում էր ՀՀ նախագահի վարչակազմի ղեկավար  Շահեն Կարամանուկյանի հարազատ եղբայրը,որը հոգեւորական կոչում ունեցող պաշտոնյա էր Սուրբ Էջմիածնում։ Այս անգամ եկեղեցական դաշտում սրված խառնակություններն ի՞նչ տվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Պատասխանը միանշանակ է. խայտառակվեցին Սուրբ Էջմիածինը եւ Հայ Առաքելական եկեղեցին,այն միակ հաստատությունները,որոնք քիչ թե շատ դեռեւս պահպանել էին ժողովրդի հարգանքը։ Իսկական հովիվ հանդիսացող Վազգեն Երկրորդի փոխարեն նա Էջմիածնի գահ բարձրացրեց մի հոգեւորականի,որը դաստիարակվել էր Էջմիածնից անջատված Կիլիկյան թեմում (իսկ վերջին 18 տարիների ընթացքում գրավում էր Կիլիկիայի թեմի աթոռը)։ Սա արվեց իբր թե երկու հակադրված թեմերը հաշտեցնելու,միացնելու համար։ Պետք է ասել,որ այդ հակադրությունը առկա էր միայն Սփյուռքում։ Հակադրությունների հարթեցում տեղի չունեցավ եւ չէր էլ կարող ունենալ, քանզի պառակտումն ուներ մեծ կշիռ ունեցող պատճառներ,որոնք արդեն այն ժամանակ պարզ էին, եւ դրանց մեջ կար նաեւ Կիլիկյան կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարոյական կերպարը։ Նորընտիր կաթողիկոսն Էջմիածին տեղափոխվեց Գարեգին Առաջին անվան տակ։ Քառամյա կաթողիկոսության շրջանում նա ձեռք բերեց հարբեցող,զազրախոս մարդու համբավ, որն Էջմիածնի Մայր տաճարի շրջակա տարածքում թափառում էր վարտիքով,որի համար մի անգամ սուրբ տաճարից դուրս էր վռնդվել վանահոր կողմից։ Եվ հետո՝ պատմում են,որ անձամբ «օրհնում էր» նոր բացվող գինետները, որտեղ հարբում էր եւ ներկաներին բացատրում, թե որքան օգտակար է Աստծուն հայհոյելը։  

Շարունակելի      

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica