close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կեղծ օրակարգ է հայ եկեղեցու պատմությունը դասավանդելու հարցում կրոնական փոքրամասնությունների իրավունքը մեջտեղ բերելը. Տեր Եսայի քահանա Արթենյան

Քաղաքական

11 Նոյեմբերի 2019, 18:31
 Կեղծ օրակարգ է հայ եկեղեցու պատմությունը դասավանդելու հարցում կրոնական փոքրամասնությունների իրավունքը մեջտեղ բերելը. Տեր Եսայի քահանա Արթենյան

Կրոնական կամ ազգային փոքրամասնությունների իրավունքը մեջտեղ բերելը կեղծ օրակարգ է և իրականում ոչ մի կապ չունի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդելու հարցի հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Սա պարզապես շինծու օրակարգ է՝ այն իմաստով, որ ոչ մեկը կրոնական այլ դավանանք ունեցող մարդկանց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցման ժամանակ հատուկ պարտադրանքով ոչինչ չի ստիպում։ Ի՞նչ անենք, որ մեզանում կան կրոնական փոքրամասնություններ, և ի՞նչ անենք, որ մեր եկեղեցու հետևորդները Հայաստանում 80 տոկոսից ավելի են: Մենք խոսում ենք փոքրամասնությունների իրավունքներից, բայց մոռանում ենք մեծամասնության իրավունքների մասին»,- ընդգծեց Տեր Եսային՝ հավելելով, որ դասավանդման 15 տարիների փորձառությունը  դրա լավագույն վկայությունն է։  

ՀԱԵ պատմությունը քարոզչություն չէ, այլ պատմական իրողությունների մասին ուսուցում, որին, ըստ նրա,  յուրաքանչյուր մարդ պետք է տեղյակ լինի՝ անկախ կրոնական պատկանելությունից: «Անհավատը կամ այլադավանը Նարեկացի չի՞ ընթերցում, Շնորհալի չի՞ ընթերցում կամ Դավիթ Անհաղթ... Որևէ հեղինակի անունը որ տանք, բոլորը հոգևորականներ են, ունեն գործեր, որոնք անմիջական կապ ունեն ոչ միայն կրոնի, այլև մեր մշակույթի հետ՝ աշխարհայացքի առումով, ճանաչողության։ Ինչպե՞ս եք պատկերացնում հայի ինքնությունն առանց Նարեկացու, Շնորհալու, Դավիթ Անհաղթի, Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու... Խորենացին հոգևորական է եղել, ուրեմն դպրոցում չպիտի՞ անցնեն, Կորյունի մասին  չպիտի՞ անցնեն»,- ասաց Տեր Եսային։

Նա, բնականաբար, նախընտրելի է համարում, որ հայ եկեղեցու պատմությունը, իբրև առանձին առարկա, դասավանդվի դպրոցում, ինչպես եղել է մինչև այժմ։ Պատճառաբանություններին, թե Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը զուգագեռ է հայ ժողովրդի պատմությանը, հետևաբար կարելի է և նույն առարկայի շրջանակում անցնել, քահանան հակադարձում է՝ հայ եկեղեցու պատմությունը իր բովանդակային, ծավալային առումով շատ ավելի ընդգրկուն է, քան կարող ենք պատկերացնել։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան միայն թվեր ու փաստեր չեն. այսպես կարծողների մոտ, հոգևորականի համոզմամբ, թյուրըմբռնում կա, դա այն ամբողջ ժառանգությունն է, որի կրողը հայ եկեղեցին է։

«Այդ ժառանգությունը՝ և՛ մշակութային, և՛ հոգևոր, ահռելի է ուսումնասիրության, սերտողության, հայի ինքնության ճանաչողության առումով, որովհետև գրերի գյուտից մինչև միջնադար և ուշ միջնադար մշակույթի բոլոր գործիչները հայ եկեղեցու հոգևորականներ են և կերտել են հայի ինքնությունը։ Այն մարդիկ, որոնք ասում են, որ այս երկու պատմությունները միահյուսված են, արդեն դրանով ընդգծում են հայ ժողովրդի պատմության կարևորությունը և ընդգրկունությունը, որովհետև հայ եկեղեցին, հայ ժողովրդին զուգահեռ, քայլել է դարերի ընթացքում, մաքառել ու պայքարել մեր պետականության համար»,- ասաց Տեր Եսային։

Պատարագի ժամանակ մի քանի եկեղեցի մտած և վիրավորանքներ հնչեցրած մարդկանց մասին նա ասաց, որ իր հասցեին ևս վիրավորանքներ են հնչել։ Քահանան համոզված է, որ նրանց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումն է ուղղորդել՝ օգտվելով այդ մարդկանց մտավոր խնդիրներից։

«Այս մարդիկ ոչ ադեկվատ մարդիկ են, որոնք իրենց չհաջողված կյանքի ընթացքի համար մեղավորներ են փնտրել և առաջինը թիրախավորել եկեղեցուն»,- ասաց նա։  

Այդ տիպի շարժումների ծնունդը քահանան բացատրեց, թերևս, քաղաքական դաշտի փոփոխության արդյունքում ստեղծված համոզումով, որ եթե նոր իշխանություններն ընդգծում են ազատ խոսքը, ուրեմն կարելի է թիրախավորել նաև եկեղեցին։ Այնինչ՝ նա համոզված է, որ նոր կառավարությունն այդպիսի ուղերձ չի հնչեցրել, պարզապես որոշ խմբեր ամեն խոսք ընկալում են այնպես, ինչպես իրենց հարմար է։  

Աննա Բալյան

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica