close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՊՀ դասախոսները շարունակում են աջակցել ուսանողների դասադուլին

Հասարակություն

11 Նոյեմբերի 2019, 11:13
 ԵՊՀ դասախոսները շարունակում են աջակցել ուսանողների դասադուլին

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Արշալույս Գալստյանի խոսքով՝ դասախոսները շարունակելու են աջակցել  ուսանողների ինքնաբուխ ակցիային. հաղորդում է Yerkir.am-ը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուսանողների միջև տեղի ունեցած զրույցին՝ նա նշեց. « Ես կուզենայի, որ այդ զրույցը լիներ այլ ձևաչափով, այլ տեղում, և բովանդակային հարցեր քննարկվեին, այլ ոչ այդպես՝ բանավիճային, որովհետև, իմ կարծիքով, խնդիրը շատ հստակ է, պետք չէ բարձրաձայնել, որ լեզուն 15-20 դասախոսի խնդիր է, և թողնել բուհերի հայեցողությանը: Ինչո՞ւ լեզվի և պատմության նկատմամբ նույն կառավարությունը չի որդեգրում հստակ քաղաքականություն, որ սա, այո, պետական մտածողության խնդիր է, մենք լեզվի ժամերի հարց չենք լուծում, մենք լուծում ենք մեր ազգային լեզվի, պատմության, մշակույթի խնդիրը»:

Արշալույս Գալստյանի կարծիքով՝ ԿԳՄՍ նախարարությունը չի փոխի արդեն իսկ հրապարակած նախագիծը: «Ես երեկ հետևում էի Հանրային հեռուսաընկերությամբ  Պետրոս Ղազարյանի վարած հաղորդմանը, և, ցավոք, իմ տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում սա տանել այլ հարթություն, որ սա ժամերի խնդիր է, կուսակցական պայքար է մարդու դեմ, մինչդեռ՝ ես կարծում եմ,  որ սա ուսանողների ինքնաբուխ ակցիա է, որը, հույս ունեմ, կշարունակվի, և մենք կաջակցենք ուսանողներին, որպեսզի մարդիկ վերջապես հասկանան, որ սա լեզվի ժամերի, քերականության խնդիր չէ, այլ ազգապահպանության խնդիր է»,- ասաց նա:

Արշալույս Գալստյանն առաջարկում է քննարկել նախագծի բովանդակային կողմը և լեզվին ու պատմությանը տալ պետական կարգավիճակ: Նրա խոսքով՝  պետք չէ սա վերագրել բուհերին ինքնավարություն տալու հարցին: «Իսկ ինչո՞ւ չենք քննարկում, որ բուհերի ինքնավարության մասով ավելի խոցելի կետ ունենք այդ նախագծով` 12 հոգանոց կառավարման խորհուրդ է ձևավորվում, ընդ որում՝ 6-ին նշանակում է նախարարը, սա բուհին ինքնավարությո՞ւն է տալիս»,- խոսքը եզրափակեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոցենտը:

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր , որ այսօր` նոյեմբերի 11-ին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են: ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողներն այսօր կրկին վերսկսեցին դասադուլը:

 

Պատրաստեց Նարա Մարտիրոսյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica