close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում կցուցադրվի Արցախյան պատերազմին նվիրված «Լուսաբացից առաջ» ներկայացումը

Մշակույթ

8 Նոյեմբերի 2019, 12:15
 Արցախում կցուցադրվի Արցախյան պատերազմին նվիրված «Լուսաբացից առաջ» ներկայացումը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կողմից շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի «Լուսաբացից առաջ» ներկայացումը՝ ըստ երիտասարդ գրող Հերմինե Ավագյանի «Պատերազմ…Աչքեր… Ծաղիկներ» գրքի:

Ներկայացման առաջնախաղին ընդառաջ` Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հետ համատեղ, նոյեմբերի 6-ին հրավիրել էր մամուլի ասուլիս, որին հրավիրվել էին Արցախում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանն ասել է, որ ներկայացման մեջ փորձել են ամփոփել հերոսի ձևավորված կերպարը: Հերոս, որը պատերազմի և մեր գոյության պայքարի մեջ մտցրեց հաղթելու և ապրելու բանաձևը:

Ռ. Խաչատրյանը նշում է, որ դեռևս մեկ տարի առաջ, երբ լույս տեսավ Հերմինե Ավագյանի «Պատերազմ…Աչքեր…Ծաղիկներ» գիրքը, ծանոթանալով ստեղծագործությանը, որպես ռեժիսոր, պատկերացնում էր բեմական տարբերակն ու կենդանի հերոսների պատմությունը: Համատեղ նախաձեռնությունը կյանքի կոչվեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Համազգային հայ կրթական և մշակութային միության  հետ համատեղ: Ծրագրի իրականացմանն աջակցեցին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, Արցախի հանրային հեռուստաստեսությունը, «Pace» ընկերությունը և այլ կազմակերպություններ:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծում է՝ թեմայում երկրորդական դերեր չկան, պարզապես կան մարդիկ, որոնք կազմում են պատմության առանցքը:

Իր հերթին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի ղեկավար, ստեղծագործության հեղինակ Հերմինե Ավագյանը նշել է, որ գրքի բեմականացումը համարձակ քայլ էր նաև իր համար, քանի որ երբևէ թատրոնի համար որևէ ստեղծագործություն չէր գրել:

Ստեղծագործության հեղինակը հավատում է, որ համատեղ ուժերով կկարողանան հանդիսատեսին հետաքրքրիր բեմադրություն ներկայացնել: Անդրադառնալով ներկայացման անվանմանը՝ Հ. Ավագյանն ասել է, որ լուսաբացն ազատամարտի ժամանակ ոտքի կանգնած բոլոր մարտիկների ու ժողովրդի երազանքն է, որը խորհրդանշում է ազատ ու անկախ հայրենիք ունենալու գաղափարը:

Հիմքում ընկած է մի ընտանիքի պատմություն, սակայն, ըստ հեղինակի, սա պատմություն է, որում հանդիսատեսը կգտնի իրեն, քանի որ այն իր մեջ ամփոփում է բոլորի խաղաղության երազանքը:

Ի դեպ, ներկայացման համար գրվել է նաև հատուկ երաժշտություն, որի հեղինակը կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն է:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև դերասանական կազմը: Դերասան Գենադի Առուշանյանը, որը մարմնավորելու է հրամանատարի կերպարը, հատկապես կարևորում է հերոսի գերմարդկային այն հատկությունները, որոնք նա դրսևորել է ճշգրիտ որոշումներ կայացնելիս:

Երիտասարդ դերասանուհի Էվա Իվանիդիսն էլ մարմնավորում է հրամանատարի կնոջ՝ Անահիտի կերպարը: Ընդգծում է՝ կերպարն ընդհանրական է բոլոր այն կանանց համար, որոնք ռազմի դաշտում կորցրել են հերոս ամուսիններին: Ներկայացման թեման և իր մարմնավորած կերպարը դերասանուհին համարում է պարտավորեցնող: Նա նշում է, որ պետք է ամեն կերպ ջանալ, որպեսզի արցախցի հանդիսատեսի սպասելիքներն արդարացվեն:

Դերասանուհիներ Լիլիթ Հայրապետյանը և Լենա Մաթևոսյանն էլ մարմնավորելու են հրամանատարի աղջկա՝ Անիի կերպարը: Հենց այս կերպարում էլ ամփոփվելու է պատմության ամբողջ գիծը, քանի որ ներկայացնելու են բոլոր այն երեխաներին, որոնք պատերազմի պատճառով կորցրել են իրենց մանկությունը:

Ներկայացման առաջնախաղը նախատեսվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին: Կազմակերպիչները նշում են, որ ներկայացումը հասու կլինի ոչ միայն արցախցի, այլև սփյուռքահայ հանդիսատեսին:

Մամուլի ասուլիսի ընթացքում ստեղծագործական կազմը պատասխանել է նաև լրագրողների կողմից բարձրացված մի շարք հարցերին:

 

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica