close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 20

Քաղաքական

6 Նոյեմբերի 2019, 17:42
 Հայ դիվականության պատմություն - 20

Սակայն հայկական նոր իշխանությունների վճռականությունը Ռուսաստանի զինվորական ներկայությունը շրջանում վերականգնելու մասին,որը հիմնավորվում է թուրքական սպառնալիքով,անսպասելիորեն հաստատվեց ամենաբարձր մակարդակով։ Ռուսաստանի քաղաքական եւ զինվորական շրջանակներն իրենց հերթին շատ բարյացակամ վերաբերվեցին Հայաստանի ղեկավարների այդ մոտեցմանը, եւ կարելի է ենթադրել,որ այդ մոտեցումն այնքան էլ անսպասելի չէր եւ ցանկալի էր,քանզի Ռուսաստանը շտապեց ոչ միայն Հայաստանին ցուցաբերել տնտեսական եւ ռազմական օգնություն,այլեւ սիրալիր կերպով նրան ծածկեց իր միջուկային հովանոցով։

Պետք է խոստովանել,որ Հայաստանի ղեկավարության այն ժամանակվա փայլուն մարտավարությունն անմիջապես երկիրը դրեց շատ շահավետ ռազմավարական կացության մեջ,որով էլ կարելի էր բացատրել նրա ռազմական հաջողությունները։ Թուրքիայի վրա արդեն կարելի էր ուշադրություն չդարձնել։ Իրանն ինքը շահագրգռված էր Թուրքիայի մուտքը Կովկաս արգելելու մեջ։ Անշուշտ,սխալ կլիներ ամբողջ այդ դրական շրջադարձը վերագրել միայն Լ.Տ.Պ.-ին,որը իբր կարողացավ իր ամբողջ լկտիության հետ միասին միայնակ կերպով կոտրել ՀՀՇ-ի դիմադրությունն այդ հարցում,որոնք իրենց ոչնչություն ներկայացնող հոգիներով ատում էին Ռուսաստանը եւ ռուսականությունը։ Այդ հարցում նրան եւ երկրին անգնահատելի ծառայություն մատուցեցին նախագահին շրջապատող մարդիկ՝ վերոնշյալ Աշոտ Մանուչարյանը եւ առաջին հերթին Վազգեն Սարգսյանը,որը հետագայում ապացուցեց իր ռուսասիրական (ավելի շատ՝ հակաարեւմտյան) քաղաքական կողմնորոշումը։ Ընդ որում,եթե Սարգսյանի մոտ այդ տրամադրությունները ստեղծվում էին հիմնականում բնազդի եւ մատերիալիստական սկզբունքների ազդեցության տակ,ապա Մանուչարյանն ուներ նաեւ գաղափարախոսական հիմքեր։

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի իրական՝ առանց գունազարդումների հայացքներին,ապա այդ մասին կարելի է դատել թուրք լրագրող Սեհմեդ Ալի Բիրանդի հետ ունեցած նրա զրույցներից։ Դրանք 1992թ. վերջին հրատարակվեցին Թուրքիայում՝ «32-րդ օրը» վերնագիրը կրող առանձին գրքով։ Հեղինակի խոստովանությամբ նա հայ ղեկավարից լսեց ԱՅՆՊԻՍԻ բաներ,որ «ականջներին չհավատաց»,մասնավորապես՝ այն մասին,թե ինչո՞ւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն։ Հայաստանի ղեկավարը բողոքում էր այդ հարցում ունեցած դժվարություններից,որոնք ծագում են,որովհետեւ «Հայաստանում կա մի սերունդ,որը դաստիարակվել է հակաթուրք քարոզչության ազդեցությամբ»։ Սակայն լարվածություն ստեղծող գլխավոր աղբյուրը,ըստ Լ. Տեր-Պետրոսյանի,հայկական Սփյուռքն է. «Թուրքիայի նկատմամբ թշնամությունը հրահրվում է Հայաստանից դուրս ապրող հայերի կողմից,որոնք ամեն առիթով բարձրացնում են ցեղասպանության հարցը։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունների համար ցեղասպանության հարցն օրակարգի առաջնակարգ հարցը չէ»։ Ավելին,ինչպես վկայում է Բիրանդը, Տեր-Պետրոսյանը խորհուրդ տվեց Թուրքիային. «Մի ստիպեք մեզ,որպեսզի մենք ընկնենք ռուսների գիրկը»։

Լեւոն Տեր-Պետրոսյանի այս եւ նման այլ խոստովանությունները հայտնի դարձան այն բանի շնորհիվ,որ 1996թ. փետրվարի կեսերին ընդդիմադիր «Շրջան» թերթը մեջբերումներ հրապարակեց թուրք լրագրողի գրքից,որոնք ցնցեցին հասարակությունը,իսկ նախագահի մամուլի ծառայությունը շտապեց հերքել Բիրանդի վկայությունները։ Պետք է նշել,որ մինչեւ գրքի լույս տեսնելը թուրքական հեռուստատեսության նույն՝ «32-րդ օրը» անունը կրող ծրագրով ցուցադրվեց այդ զրույցի ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ,որը ոչ մի կերպ չէր կարող կեղծված լինել։ Եվ այդ հեռուստածրագրի հետ կապված հայկական կողմից ոչ մի բողոք չներկայացվեց։ Ըստ երեւույթին,Տեր-Պետրոսյանը եւ նրա վարչակարգը ուզում էին հանգստացնել միայն սեփական քաղաքացիներին։  

Այդ ընթացքում պատերազմը հեռացավ Հայաստանի սահմաններից,հրանոթային կրակներից  քանդված սահմանային գյուղերից եւ քաղաքներից դեպի արեւելք,եւ եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի գերզգուշությունը,որ բացահայտորեն սկսել էր վախենալ հարեւան պետության վրա հարձակվելու մեղադրանքներից,ապա զինվորականների պնդումով արդեն վաղուց գրավված կլինեին Դաշտային Ղարաբաղը եւ ընդհանրապես Կուր գետի աջ ափը։ Սակայն հենց նախագահի պալատից զսպվում էին բոլոր ուղղություններով հայկական զորքերի ավելի քան հաջող առաջընթացի մասին տեղեկությունները,  եւ որ ամենակարեւորն է՝ առանց ադրբեջանցիների դիմադրության,քանի որ Ադրբեջանում 1993թ. ամռանը լուրջ քաղաքական ճգնաժամ էր,որն իշխանության բերեց Հեյդար Ալիեւին։

Բացառված չէ նաեւ այն,որ իրենք՝ ռուսները, զսպում էին իրենց դաշնակիցներին, հույս ունենալով,որ Ադրբեջանի նոր ղեկավարը կվերանայի իր նախորդի նավթային պայմանավորվածությունները եւ ընդհանրապես կվարի ռուսամետ քաղաքականություն։ Դա տեղի չունեցավ։ Ավելին՝ Ալիեւն անմիջապես թիկունք ցույց տվեց Մոսկվային,չնայած նրան,որ Անկարան այն ժամանակ Ալիեւի հանդեպ մեծ համակրանք չուներ, եւ դա որոշեց հետագա ռազմական արշավի արդյունքները,որ Ադրբեջանի օգտին չէին։

Մոտավորապես նույն ժամանակ սարսափելի լուրեր տարածվեցին հայկական բանակում տիրող անառողջ եւ անմխիթար վիճակի, բանակի հրամանատարական կազմի եւ զինվորականության միջեւ գոյություն ունեցող բախումների մասին։ Լուրեր տարածվեցին,որ թիկունքից սպանվել են զինվորներ,որոնք ծառայության առաջին օրվանից պաշտպանել են հայրենիքը ոչ թե հրամանով,այլ խղճի թելադրանքով,որ զինակոչիկները քաղցած են,հագուստ չունեն,ստրկական վիճակում են,ենթարկվում են ծեծի,որ տնտեսական հրեշավոր չարաշահումների եւ ծառայողական դիրքի չարաշահումների հետեւանքով հրամանատարները հարստություն են կուտակում՝ փաստորեն, զինվորներին թալանելու հաշվին,նրանց մայրերի տառապանքների ու արցունքների հաշվին։

Պաշտպանության նախարարությունը մեծ ուշացումով՝  միայն 1994թ. խաղաղության համաձայնությունից հետո, որը կնքվեց Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների գործնական ջանքերի հետեւանքով,սկսեց շտկել կացությունը,որի համար պահանջվեց մոտավորապես 3 տարի։ Դա էլ հնարավոր դարձավ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ծայրահեղ կարծր միջոցառումների շնորհիվ։ Նա գեներալների ու գնդապետների ուսերից պոկում էր ուսադիրները,հանցագործներին ու անբաններին զանգվածաբար ուղարկում ռազմական տրիբունալ։ Չի կարելի,անշուշտ,գերագնահատել նրա անձի դերը,սակայն չպետք է նաեւ թերագնահատել նրա անհատականության գործոնը։        

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica