close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+8°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 18

Քաղաքական

4 Նոյեմբերի 2019, 18:40
 Հայ դիվականության պատմություն - 18

Այս առիթով Իգոր Մուրադյանը, որը բավականին հայտնի էր Ղարաբաղյան շարժման շրջանում,մի առիթով այսպես արտահայտվեց. «Պատկերացրեք երեւանյան սովորական մի ընտանիք. մայրը՝ցմահ տնային տնտեսուհի,այժմ զբաղվում է մաքոքային արհեստով,հայրը՝ նախկին բանվոր,որ փողոցի անկյունում ծխախոտ է վաճառում,աղջիկները՝ գռեհիկ եւ ճղճղան,17-ամյա որդին,որը հանկարծ պոկվում,փախչում է տնից եւ հայտնվում սահմանամերձ խրամատներում՝ հայրենիքը պաշտպանելու համար։ Սա ազգ է»։ Այսպես՝ մի քիչ ճոռոմացրած տվյալ երեւույթը մեկնաբանում էր մի մարդ,որը կատարյալ հոռետես էր,բայց միաժամանակ ճանաչում էր մարդկանց վարքագծի ժառանգական սկզբունքները։ Եվ այնպես պատահեց,որ ժառանգականության մեջ պարունակվող դրական ու բարձր արժեքների տեր մարդիկ զենք վերցրեցին՝ երկիրը թողնելով ավազակների հոշոտմանը։

Մարտական գործողությունների սկզբնական շրջանում (1992-94թթ.) Ադրբեջանի՝ քանակով,որակով ու զենքերով գերազանցող բանակին հիմնականում հաջողությամբ դիմադրեցին կամավորականները,որոնք կռվում էին ոչ թե պարտիզանական ոճով,այլ դեմ առ դեմ։ Պատերազմի այս սկզբնական շրջանի տխուր վիճակագրությունը, միջազգային վիճակագրական կենտրոնների տվյալների  համաձայն,որը հրատարակվեց Ֆրանսիայում,հետեւյալն է՝ Լեռնային Ղարաբաղում մարդկային զոհերի թիվը՝ ամեն 1000 բնակչի հաշվով, կազմում է 106 մարդ։  (Առ ի տեղեկություն՝ Աֆղանստանում այդ թիվը կազմել է 90 մարդ, Բոսնիայում եւ Հերցեգովինայում՝ 53,Սուդանում՝ 20,Անգոլայում՝ 5)։

Կանոնավոր բանակը՝ որպես այդպիսին,սկսեց  ձեւավորվել 1992թ. կեսերին, այսինքն՝ լայնածավալ մարտական գործողություններից կես տարի անց։ Այդ բանակը հիմնականում կազմված էր նորակոչիկներից,խորհրդային բանակի նախկին պահեստապետներից,խոհարարներից,խոզապաններից,ինչպես նաեւ երեւանյան բուհերի ռազմական ամբիոնների ոչ կադրային սպաներից։ Այս բոլորին երկար ժամանակ չէին ուղարկում դիրքեր,որպեսզի խուսափեն ավելորդ կորուստներից։

Կամավորական շարժման պատիվը արատավորող միակ բիծը Արծվաշենի հանձնումն էր։ Առ այսօր մութ մնացած այդ պատմությունը ծածկվեց մի շարք մեղադրանքներով,որոնք հիմնականում ուղղված էին այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի դեմ,որը հրապարակայնորեն խոստացավ ոչ մի դեպքում Արծվաշենը չհանձնել։ Նրա այդ խոստումը բազմիցս մեղադրանքների առիթ է տվել։ Ամենատարօրինակն այն է,որ Սարգսյանը ոչ մի անգամ իրեն չարդարացրեց այդ մեղադրանքների առիթով,մինչդեռ այդ պատմության մեջ ինքը ոչ մի մեղք չուներ,բացի պատասխանատվությունից։

Դիմեմ այս հարցում ամենավստահելի աղբյուրին՝ ռազմական մասնագետ,այս դեպքերի անմիջական մասնակից եւ ականատես գեներալ Յուրի Խաչատուրովի վկայություններին։

Արծվաշենը պաշտպանում էին 2 վաշտ, մոտավորապես՝ 300 հոգի։ Այդ վաշտերը երեք կողմից պաշարվեցին թշնամու գերազանցող ուժերի կողմից։ Բացի դրանից,Արծվաշենը ռմբակոծվում էր ծանր հրետանիով։

Միակ ճանապարհը,որ Հայաստանի սահմանից տանում էր դեպի Արծվաշեն,բազմաթիվ անգամներ փակվել էր ադրբեջանցիների կողմից,ինչը ստեղծում էր լրիվ շրջափակման եւ գյուղի պաշտպաններին ամբողջությամբ ոչնչացնելու վտանգ։ Հայկական զորքերն արդեն երկու անգամ կռիվներով ճեղքել էին հակառակորդի պաշարումը եւ զինամթերք հասցրել պաշտպանական ուժերին։ Այս դժվարին կռիվներին երկու անգամ էլ մասնակցում էր պաշտպանության նախարարը։

Ի վերջո,ակնհայտ դարձավ,որ Արծվաշենի պաշտպանությունը ռազմական տեսանկյունից դարձել էր բացարձակ անհեռանկար,իսկ ավելի ճիշտ,ինչպես Խաչատուրովն էր ասում՝ «հանցագործություն»։ Որոշում ընդունվեց գյուղից դուրս բերել բնակիչներին եւ միայն դրանից հետո կազմակերպել նահանջը։ Այդ նահանջի համար անհրաժեշտ էր քաղաքական որոշում,այսինքն՝  նախագահի հավանությունը։ Զինվորականները  պնդում էին,որ Սարգսյանն անմիջապես կապվի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ՝ գալիք ողբերգությունը չեզոքացնելու համար։ Սակայն Սարգսյանը ձգձգում էր այն մտահոգությամբ,որ իր բացակայությունը (նա կարող էր Երեւանի հետ կապվել միայն Հայաստանի տարածքից) խուճապ կառաջացնի գյուղի պաշտպանների մոտ։  Վերջապես նա մեկնեց հրամատարական կազմի մի մասի հետ,սակայն բառացիորեն մի քանի ժամ անց ադրբեջանցիները սկսեցին գյուղի գրոհը։ Խաչատուրովը երրորդ անգամ ճեղքեց-մտավ Արծվաշեն՝ տեսնելով,գնահատելով կացությունը, առանց Երեւանից հրամանի սպասելու,սեփական պատասխանատվությամբ գյուղի պաշտպաններին հրամայեց փոքր խմբերով նահանջել։ Ճանապարհով (որը հերթական ճեղքումից հետո հանձնարարված էր պաշտպանել ՆԳՆ –ի համահավաք գումարտակին) նահանջում էին 12 մարտիկներ՝ զրահատանկով,որն այլ կերպ հնարավոր չէր դուրս բերել մարտի վայրից։ Սակայն երբ գումարտակը եկավ հավաքի վայրը,պարզվեց,որ հրամանատարն առանց հրամանի,ելնելով ներքին գործերի նախարարի բանավոր կարգադրությունից,լքել էր դիրքերը,ինչի հետեւանքով Արծվաշենի 12 պաշտպանները ողբերգական կերպով զոհվեցին։ Դաժանորեն բզկտված նրանց դիակները Խաչատուրովին հաջողվեց հետագայում վերադարձնել՝ դարանակալված 20 չեչենների դիակների հետ փոխանակելով։ Ո՛չ գումարտակի հրամանատարությունը,ո՛չ ներքին գործերի նախարարության ղեկավարությունը չդատապարտվեցին ու դատարանի առջեւ չկանգնեցին իրենց բացահայտ դավաճանության համար,որի հետեւանքով զոհվեցին հայ մարտիկները։

Մի ամոթալի փաստ եւս։ Երբ երրորդ անգամ հայ մարտիկները մտան Արծվաշեն,պարզեցին,որ գյուղի բնակիչները նահանջելով իրենց հետ տարել էին բոլոր անասուններին, նույնիսկ՝ հավերին,սակայն «մոռացել էին» 15 ծեր կանանց ու տղամարդկանց,որոնց այդտեղից դուրս բերեցին մեր մարտիկները։

Չնայած այն բանին,որ ադրբեջանական զորքերը որոշ տեղերում ինչ-որ չափով ճնշեցին  Ղարաբաղի պաշտպաններին ու նույնիսկ գրավեցին Մարտունու շրջանի մի մասը,1992թ. վերջերին պարզ դարձավ,որ արդեն հոգնել են,այլեւս ընդունակ չեն ակտիվ ռազմական գործողություններ վարել։ Ավելին՝ ադրբեջանցիների մարտական ոգին լուրջ անկում ապրեց մարտական գործողությունների ժամանակ հսկայական մարդկային կորուստներ տալու պատճառով։        

Հայերի առաջին իսկ հարձակողական գործողություններից հետո ջախջախվեց Քելբաջարի խմբավորումը եւ ետ մղվեց Օմարի լեռնանցքի մյուս կողմը։ Ղարաբաղն այլեւս ստիպված չէր երկու ճակատով կռվել եւ կարող էր ամբողջությամբ կենտրոնանալ հարավային ու արեւելյան ճակատների վրա,որոնք ամենավտանգավորն էին։ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյի ամբարտավան խոստումը՝ 1993թ. գարնանը լողանալ Սեւանում, ավարտվեց նրանով,որ ադրբեջանցիները հայերին հանձնեցին եւս չորս շրջաններ (Բաքվի հեղաշրջման ժամանակ երկու կողմերը դադարեցրին մարտական գործողությունները),իսկ չորս այլ շրջաններ եւս հանձնեցին Ալիեւի իշխանության ժամանակ,որն իշխանությունը գլխավորելուց հետո վերսկսեց ռազմական գործողությունները։ Ադրբեջանի ղեկավարների քաղաքական պատվախնդրությունը հանգեցրեց նրան,որ ադրբեջանական ժողովուրդը կորցրեց տասնյակհազարավոր երիտասարդ կյանքեր։   

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica