close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+5°
+13°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխատողների իրավունքները բացահայտ խախտվում են

Իրավունք

1 Նոյեմբերի 2019, 16:31
 Աշխատողների իրավունքները բացահայտ խախտվում են

Աշխատանքային հայտարարությունների կայքերում գործատուները բացահայտ տեղադրում են աշխատողների աշխատանքային իրավունքները խախտող՝ թափուր հաստիքների մասին հայտարարություններ: Մինչ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավելու սահմանափակումները,  ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի բացառիկ դեպքերն ու ժամային սահմանափակումը,  որոշ գործատուներ, անտեսելով օրենքը, փնտրում են իրենց շահույթին առավել նպատակահարմար աշխատակիցներ:

Աշխատանքային պորտալներում բազմաթիվ են այն հայտարարությունները, որոնք գերազանցում են, տարեկան կտրվածքով, 180-ժամյա թույլատրելի արտաժամյա աշխատանքը:

Օրինակ՝ jobfinder.am, job.am կայքերում նոյեմբեր ամսին աշխատանքային իրավունքի խախտումներով՝ թափուր հաստիքների մասին հայտարարություններ են տեղադրել «Կասկադ Ռիելթի», «Մոբայլ Սենթր Արթ», «Բրենդ Լիդեր», «Բիելլա»  ընկերությունները: Այս ընկերությունների կողմից սահմանված աշխատաժամանակը ոչ միայն գերազանցում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ շաբաթական 40-ժամյա նորմալ աշխատանքային գրաֆիկը, այլև գերազանցում է տարեկան 180-ժամյա արտաժամյա աշխատանքի թույլատրելի շեմը:

ՀՀ աշխատանքային և սոցիալական հարցերի նախարարության կողմից կայքերում աշխատանքային հայտարարությունների դաշտը չի վերահսկվում. այս մասին նախարարությունից տեղեկացրել էին դեռևս օգոստոս ամսին: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չունի  գործատուների կողմից արտաժամյա աշխատանքի ներգրավելու իրավախախտումները վերահսկելու լիազորություն:

Yerkir.am-ը  կապ հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի հետ` պարզելու համար՝ արդյո՞ք նրանք ունեն այս բաց դաշտը վերահսկելու լիազորություն: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը ներկայացրեց հետևյալը. «ՊԵԿ-ը ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ էր ներկայացրել ԱԺ, որպեսզի գործատու-աշխատակից հարաբերությունների, վեճերի հետ կապված վարչական վարույթը վերապահվի ՊԵԿ-ին: Առաջին ընթերցման ժամանակ ՊԵԿ-ն առաջարկում էր գործառույթը վերապահել ՊԵԿ-ին, քանի որ այն որևէ այլ գերատեսչության վերապահված չէր, և դաշտը, ըստ էության, բաց էր, սակայն ուներ հսկողության և կարգավորման կարիք: Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ՝ աշխատանքային հարաբերությունների ընթացքում գործատու-աշխատակից հարաբերությունների, վեճերի հետ կապված վարչական վարույթը վերապահվել է առողջապահական և տեսչական մարմնին»:

Լուսինե Մկրտչյանը հավելեց նաև, որ ԱԺ-ում նախագծի առաջին ընթերցումից հետո փոփոխված տարբերակն են ներկայացնում երկրորդ ընթերցման, և կառավարությունից առաջարկ է ստացվել, որ այդ վարույթը վերապահվի առողջապահական և տեսչական մարմնին: Եթե այս փոփոխված տարբերակին օրենսդիրը կողմ քվեարկի, ՊԵԿ-ը ևս համաձայն է, այսինքն՝ նախագիծն ընդունվում է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

«ՊԵԿ-ին վերագրվում էր գործառույթ, որը նրա լիազորությունների մեջ չէ, այժմ տեղի է ունեցել փոփոխություն, և այս լիազորությունները վերապահվում է առողջապահական և աշխատանքի տեսչության մարմնին»,- նշեց նա:

Yerkir.am-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների վարչությունից տեղեկացրեցին, որ օրինագիծն ուժի մեջ է մտել, սակայն այն պաշտոնապես կհրապարակվի և կգործի 2021թ. հուլիսի 21-ից:

Նարա Մարտիրոսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica