close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+8°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն- 15

Քաղաքական

30 Հոկտեմբերի 2019, 17:58
 Հայ դիվականության պատմություն- 15

1996թ. ամռանը ամենասարսափելին արդեն հետեւում էր (դա պարզվեց հետագայում)։ Ժողովուրդը վերապրեց երեք սարսափելի ձմեռ եւ երեք վարչապետի։ Ձմեռներն իսկապես անտանելի էին,այդ թվում նաեւ՝ կլիմայական պայմանների բերումով,չորս ամիսների ընթացքում Երեւանում ջերմաստիճանը հասնում էր մինուս 10-15 աստիճանի։ Թվում էր,թե ինքը՝ բնությունը,վրդովված է մեզ վրա մեր ապուշության համար։

Չեմ կարողանում հասկանալ,թե մեր ժողովուրդը,հատկապես՝ Երեւանում,ինչպես կարողացավ դիմանալ առանց լույսի,ջրի ու ջեռուցման։ 1991թ. 4-ժամյա հովհարային անջատումները 1992թ. դարձան 8,ապա՝ 12-ժամյա։ 1993թ. հունվարին էլեկտրականություն տալիս էին օրը 1 ժամով,կարծես թե ծաղրելու համար, եւ կամ էլ՝ ընդհանրապես չէին տալիս։ Իսկ ինչպես հետագայում պարզ դարձավ, 1991-1994թթ.,էներգիա էր արտադրվում ոչ պակաս եւ նույնիսկ ավելի շատ,քան 1996թ., երբ  հովհարհային անջատումները դադարեցրին, եւ լույսը տներում դարձավ սովորական երեւույթ։ Տեղի էր ունենում բնակչության վարժեցման ընթացք,այսինքն՝ անհրաժեշտ էր,որ բնակչությունը լույսի համար  վճարի ցանկացած գումար,որը կնշանակվի կառավարության կողմից։ Արդյունքները տպավորիչ էին. արտագաղթի եւ բարձր մահացության պատճառով բնակչության թիվը 3 անգամ պակասել էր։ Այդ բնակչությունը անտրտունջ եւ նույնիսկ ոգեւորությամբ համաձայնեց վճարել սահմանված գումարները։ Սեւանի մակարդակն իջավ 6 մետրով,իսկ ո՞ւր մնացին արտասահմանյան  պետություններին վաճառված (մեծ մասամբ՝ Վրաստանին) էլեկտրաէներգիայի եկամուտները։ Այս հարցին տարիներ շարունակ  չի կարողանում պատասխանել պառլամենտական հանձնաժողովը։

Այժմ, ամեն անգամ լսելով «ցեղասպանություն» բառը,ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ իմ գիտակցության մեջ այդ հասկացությունը ոչ թե կապվում է թուրքերի ոճրագործության հետ,այլ մեր հայկական իշխանությունների հանցագործության հետ,որը նրանք իրականացրին արդեն մեր օրերում՝ ամբողջ աշխարհի աչքի առջեւ։ Վստահեցնում եմ,որ դա իսկական ցեղասպանություն էր,ֆիզիկական եւ բարոյական,ինչն ապացուցելու նպատակով դիմում եմ փաստերի եւ թվերի։

Մինչեւ 90 թվականը ներառյալ՝ Հայաստանում տարեկան ծնվում էր 85-88 հազար երեխա։ 1991թ. սկսած մինչեւ օրս ծնվում է 30 հազարից ավելի պակաս երեխա,այսինքն՝ Հայաստանի բնակչությունը 10 տարվա ընթացքում պակասեց կես միլիոնով։ Երկիրը լքողների մասին մենք արդեն խոսել ենք,ավելացնեմ միայն,որ եթե դուրս եկողների թիվը 90-ականների կեսերին մի քիչ պակասել էր,ապա 1998թ. կրկին աճեց,ու այդ ողբերգության վերջը չի երեւում։ Հայաստանից շարունակում է դուրս գալ ամիսը 10 հազար մարդ։ 2000 թվականին բնակարանների գները հասել էին ծիծաղելի մակարդակի։ Երեւանում երկու սենյականոց բնակարան կարելի էր գնել Մոսկվա մեկնելու 4 տոմսի գնով։

Երիտթուրքերը ոճրագործ էին,դա փաստ է։ Բայց «երիտհայերը»  ավելի մեծ պատժի են արժանի։ Չնայած իրենց կողմից կազմակերպված խավարին ու սարսափին,նրանք շատ հանգիստ ու կուշտ ապրում են։ Դժվար է նկարագրել այն ամենը,ինչ այդ տարիներին կատարվում էր խավարում թաղված Երեւանում, դա երբեք ոչ մեկի չի հաջողվի։ Գուցե միայն «պատկերներ»,ինչպես ասում է Ջեկ Լոնդոնը։     

Ձմռանը վաղ առավոտյան կինս ինձ արթնացնում է։ Ինչ-որ մեկը բակում ծառ է կտրում։ Վերարկուս գցում եմ վրաս ու դուրս վազում։ Կտրում են իմ տնկած գեղեցիկ ծառը։ Շիկահեր մազերով մի երիտասարդ, կացինը ձեռքին, սպասում է։ Հայհոյանքներով հարձակվում եմ նրա վրա,կացինը չեմ էլ նկատում,պատրաստ եմ արյուն թափել։ Իսկ երիտասարդը հիստերիայի մեջ է ընկնում,նետում է կացինը եւ ինքը թավալվում է ձյան մեջ՝ անկեղծորեն լացից ոռնալով. «Ուրեմն իմ երեխաները սառե՞ն»։ Երեանում այդպիսի տասնյակհազարավոր ծառեր կտրվեցին։ Այդ ծառերը թաց էին ու վատ էին վառվում,ջերմություն համարյա չէին տալիս։ 10-12 տարեկան տղաները վարժվել էին մի քիչ ավելի հաստ ճյուղերը կտրել,իսկ ծառերի բները գոնե պահպանվում ու մնում էին…

… Հարեւանուհիս այլանդակ ձայնով ճչում է. նրա 15 տարեկան որդին փորձել է հարեւան շենքից անօրինական լույս անցկացնել,բայց սայթաքել ու ընկել է 5 հարկանի շենքի տանիքից։

… Թաղում ենք մեր ընկերոջ 4 տարեկան որդուն,որը մահացել է ցրտից (բժիշկների դիագնոզն է)։ Երբ նրա փոքրիկ դագաղը դուրս էին բերում,երկնքում փայլեց փետրվարյան արեւը։ Երեխայի հայրը արտասվելով բացականչեց. «Ինչո՞ւ երեք օր առաջ դուրս չեկար,գուցե երեխաս կենդանի մնար»։

…Գերեզմանատան գերեզմանափորներն այն տարիներին հանգուցյալների ազգականներին հարցնում էին,թե ե՞րբ են թաղելու հանգուցյալին՝գիշե՞րը,թե՞ ցերեկը։ Շատերը դագաղի համար փող չունենալու պատճառով թաղում էին գիշերը՝ հանգուցյալին փաթաթելով սավանի մեջ։ Այդ գերեզմանը փորում էին նվազագույն գներով։ Գերեզմանափորները շատ ավելի խղճով էին,քան իշխանավորները,որոնք ժողովրդին հասցրեցին աղքատության մակարդակի։ Իսկ գերեզմանափորները ժողովրդից վերջին ունեցածը չէին խլում։

…Մեկ շաբաթ չկար, ջրատար խողովակները չէին սառել,պարզապես էլեկտրականություն չկար, եւ պոմպը չէր աշխատում։ Երեխաները բակից ձյուն բերեցին,որ հալվի,ջուր դառնա,բայց մի շաբաթ ձնակույտը մնաց բնակարանում ու այդպես էլ չհալվեց՝ էլ ավելի սառեցնելով բնակարանը։

Իսկ մարդիկ ընդհանրապես երեք ձմեռ ապրեցին անկողիններում։ Հարմարվեցին։ Գրեթե ոչ ոք աշխատանքի չէր գնում,ո՞ւր եւ ինչի՞ համար պիտի գնար։ Փողոցում կային այնքան ավտոմեքենաներ,որքան իմ մանկության տարիներին՝ 60-ական թթ. սկզբներին՝ մի ավտոմեքենա՝ 10 րոպեում։ 1993թ. սկզբներին արդյունաբերությունը սառեց եւ մեռավ վերջնականապես: Բոլոր աշխատողներին ուղարկեցին անվճար արձակուրդ։ Ամենուր սկսվեց «սեփականաշնորհումը»,որը ժողովուրդը սրամտորեն անվանեց «զավթաշնորհում», եւ որի հետեւանքով շուտով արտասահման հոսեցին յուրացված միլիոնները։ Գործող,աշխատող սարքավորումները երկրից դուրս էին բերվում որպես մետաղի ջարդոն,պարսիկները այդ մետաղի 1 տոննան գնում էին 100 դոլարով։ Ինչո՞վ էին մարդիկ ապրում։ Հիմնականում Հյուսիսային Կովկասից այն կողմ աշխատող ազգականներից ստացված գումարներով կամ օվկիանոսի այն կողմից եկած «թոշակներով»։ Յուրաքանչյուր ամիս այս ճանապարհով Հայաստան էր մտնում 30 միլիոն դոլար,հիմնականում՝ քաղաքաբնակների համար։ Գյուղացիները մեծ մասամբ ապրում էին սեփական տնտեսության հաշվին։

Կառավարության գլխավոր խնդիրը մնում էր  եւ մնում է այդ դրամների կորզումը։ Վառելանյութի եւ մթերքների,հատկապես  հացի ներմուծման մենաշնորհի պայմաններում այդ նպատակին հասնելը դժվար չէր։ Այս հարցում մրցակցությունը բացառվում էր եւ բացառվում է մինչեւ այսօր։ Մրցակիցները վերացվում էին տնտեսապես կամ ֆիզիկապես։ Պատահական չէր,որ 1994թ. սկզբին սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների՝ հացի,շաքարի,կարագի,բենզինի,էլեկտրաէներգիայի եւ այլն,գները Հայաստանում հավասար էին կամ նույնիսկ գերազանցում էին եվրոպական մայրաքաղաքներում գոյություն ունեցող գները։ Կառավարությունը դա համարում էր նորմալ եւ նույնիսկ պարծենում էր,որ ճշգրտորեն կատարում է միջազգային դրամական հաստատությունների հրահանգները ։Կառավարությունը ձեւ էր թափում,թե չի հասկանում,բայց իրականում շատ լավ հասկանում էր,որ նպաստում է սեփական ժողովրդի կենսունակությունը պարզելու մի առանձնահատուկ  փորձի անցկացմանը։

Իմիջիայլոց,մինչեւ օրս շարունակվող այդ փորձն առաձնահատուկ է իր մասշտաբներով եւ իր եզակի արդյունքներով։ Համոզված եմ,որ նույնիսկ ոչ թե նման պայմանների, այլ նույնիսկ մեր պայմանները հեռավոր կերպով հիշեցնող պայմանների մեջ դրված քաղաքակիրթ եվրոպացիները Փարիզի,Լոնդոնի,Բրյուսելի,Ամստերդամի փողոցներում կզբաղվեին մարդակերությամբ։ Հայերը զանգվածաբար դիմանում էին ու դիմանում են եւ միայն անիծում են իրենց սեփական ճակատագիրը (ուշադրություն դարձրեք),այլ ոչ թե իշխանություններին։ Նկարագրի այս գիծը զարմացրել է ու զարմացնում է արտասահմանցիներին,այդ թվում եւ՝ դիվանագետներին։ Հիշողության մեջ մնաց մի աննախադեպ եւ դիվանագիտությունից շատ հեռու մի դեպք, երբ Հայաստանում  Ֆրանսիայի դեսպանը համակրելի մադամ Ֆրանս դը Արտինգը հայ ժողովրդին ուղղած իր ամանորյա ուղերձում,ի տարբերություն Հայաստանի Հանրապետության իշխանավորների,ցավով եւ մտահոգությամբ նշեց,որ.

-Հայաստանից շարունակվում է արտագաղթը՝ վաղուց արդեն ստանալով վտանգավոր չափեր,

- ժողովուրդը ճնշված է իր վրա թափված դժվարություններից,

-ազգային մտավորականությունը կծկվել է եւ չի կարող հաշտվել երկրի անկման,ինչպես նաեւ՝ օտարության մեջ ապրելու գաղափարի հետ։

Սի քանի օր անց,արդեն մեկ ուրիշ ելույթում տիկին դը Արտինգը խստորեն քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ ուղղակիորեն նրանց վրա դնելով երկրի ողբերգության ամբողջ մեղքը։ Տիկինն անկեղծորեն զարմանում էր. «Ինչո՞ւ եք դուք այս ամենին դիմանում»։ Իսկ դիմանում էինք,որովհետեւ պատերազմ էր,որովհետեւ գիտակցում էինք,որ արտաքին վտանգի ժամանակ չի կարելի գրգռել ներքին բախումներ։ Առնվազն այսպես էր իրեն պահում հասարակության այն մասը, որը գիտակցելու կարողություն ուներ։     

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica