close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դատի հանձնախմբերն իրենց անձնուրաց ու նվիրական աշխատանքի շնորհիվ ձևավորել ու ներկայացրել են ՊԱՀԱՆՋ

Հարթակ

30 Հոկտեմբերի 2019, 16:21
 Հայ դատի հանձնախմբերն իրենց անձնուրաց ու նվիրական աշխատանքի շնորհիվ ձևավորել ու ներկայացրել են ՊԱՀԱՆՋ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Լուսինե Քարամյանը գրում է. 

«Խորհրդային միության փլուզման տարիներին շատ ազգերի համար նոր դռներ բացվեցին՝ իրենց անկախությունն ու պետականությունը վերականգնելու, նոր արժեքների ու մոտեցումների հիման վրա պետություն կառուցելու համար։ Այդ ամբողջ գործընթացից մենք էլ անմասն չմնացինք, ու մեր երկիրը ևս դարձավ Խորհրդային միության փլուզմանը նպաստող պայքարի օջախներից մեկը՝ արդյունքում վերականգնելով մեր անկախ պետականությունն ու ազատագրելով մեր պատմական Հայրենիքի մի հողակտորը։ Բայց մի կարևոր բան կա։ Խորհրդային միությունը 70 տարի շարունակ ջանք չի խնայել՝ ազգերի հավաքական երազները, նպատակները ջնջելու, ազգային ինքնությունը սպանելու, առանձին ազգերի արդար պահանջների մասին մոռացնել տալու համար։ 70 տարի, պատկերացնո՞ւմ եք։ Բայց մարդկանց մեջ չի մեռել երազը՝ ամբողջական հայրենիք ունենալու, մարդիկ, միևնույն է, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում են հայտնվել ու, այդ 70 տարվա քարոզչական մեքենայի ամբողջ աղբը իրենց ուղեղներից զտելով, վերականգնել են մեր պետականությունը և Հայրենիք ազատագրել։

Ո՞վ էր հավատում այն ժամանակ, որ մի օր Արցախը նորից հայկական կտեսնենք։ Ռոմանտիզմ, միամտություն ու նմանատիպ այլ պիտակավորումների էին արժանանում բոլոր նրանք, ովքեր համարձակվում էին իրենց մտքի մեջ պահել ու անգամ բարձրաձայնել մեր արդար իրավունքների, մեր հողերի ազատագրման ու անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Բայց մարդիկ խոսում էին, պայքարում ու գործում էին՝ չնայած բոլոր ճնշումներին։ Գործում էին գաղտնի կամ ոչ գաղտնի, խոսում էին մեր պահանջների մասին շշուկով կամ բարձրաձայն, բանտերից կամ բեմերից։ Ու նույն ժամանակ մեր բոլոր ազգային նվիրական նպատակների ու պահանջների ամենամեծ ջատագովը մնում էին այն ուժերը, որոնք թեկուզ ոչ Հայրենիքի ներսում, բայց կարողացել էին, բոլոր դժվարությունները հաղթահարելով, հային հայ պահել, մեր պահանջները կենդանի պահել և աշխարհին ներկայացնել, կարողացել էին Հայոց ցեղասպանության լռության պատը կոտրել ու ստիպել աշխարհին՝ կրկին խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին։ Ու այդ ալիքը չէր կարող չհասնել նաև մայր Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, չէր կարող ոգևորություն ու, թեկուզ որոշ մարդկանց մոտ ենթագիտակցորեն, բայց պահանջատիրական ոգի չարթնացնել Խորհրդային միության տարածքում բնակվող հայ ժողովրդի մեջ։ Ու հենց դա պատճառ դարձավ, որ նպաստավոր պայմաններում մենք ոչ թե սպասեցինք, թե իրողություններն ինչպես պետք է զարգանան, այլ բռնեցինք մեր պայքարի ուղին, առաջնորդվեցինք մեր ԱԶԳԱՅԻՆ շահերով ու մեր երազով, որը յոթանասուն տարի շարունակ փորձել էին սպանել մեր մեջ, բայց չէին կարողացել։

Չեմ կարող համեմատական չտանել երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևի շուրջ ընթացող քննարկումների և վերոնշյալ իրողության հետ։ Տարիներ, տասնամյակներ շարունակ Հայ դատի հանձնախմբերն իրենց անձնուրաց ու նվիրական աշխատանքի շնորհիվ ձևավորել ու ներկայացրել են ՊԱՀԱՆՋ՝ վաղուց արդեն մոռացված Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, իսկ հետո՝ նաև հատուցման վերաբերյալ։ Տասնամյակներ շարունակ ունեցել են հանդիպումներ, ստեղծել են ամուր կապեր, Հայոց ցեղասպանության մասին քննարկումներն ու ելույթները դարձրել են միջազգային ամենաբարձր ատյանների խնդրո առարկա։ Իսկ երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչ կլիներ, եթե այդ պահանջը երբևէ ձևակերպված ու ներկայացված չլիներ, կարծում եք՝ այսօր ԱՄՆ-ը, թեկուզ սեփական շահերից ելնելով, կկարողանա՞ր Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը դարձնել քաղաքական գործիք։

Մի բան ակնհայտ է. ինչպես Խորհրդային միության տարիներին, այնպես էլ հիմա, համապատասխան արժեքների, պահանջների ու ոգու բացակայության դեպքում նույնիսկ ամենամեծ քաղաքական շահի առկայության պայմաններում իրականություն չէին դառնա ո՛չ Արցախյան պատերազմի հաղթական ավարտը և ո՛չ էլ բանաձևի ընդունումը։ Իսկ ստրկամիտ ու սեփական ժողովրդի զորությանը չհավատացող տարրերին ուրիշ բան չի մնում, քան «աշխարհաքաղաքական հարմար իրավիճակ»-ի քողի տակ թաքնվելը, որովհետև նույնիսկ մեր ազգային ամենամեծ նվաճումների, մեր պատմական Հայրենիքի վերամիավորման պարագայում, իրենք, միևնույն է, չեն հավատալու Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի գոյությանը։ Ես հավատում եմ նաև հիմա»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica