close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անհետացած կրոնական համայնք՝ շեմսիներ

Հարթակ

29 Հոկտեմբերի 2019, 20:30
 Անհետացած կրոնական համայնք՝ շեմսիներ

Դիարբեքիրում մնայուն արժեքներ թողած կրոնական համայնքներից մեկն էլ «արևապաշտներ» անվանվող շեմսիներն են եղել, սակայն եզդիների նման՝ ամենաշատ ճնշումների ենթարկվածները ևս նրանք են եղել։

Դիարբեքիրում առաջին դարերից հետո  մարդկությունը անցնում էր նստակյաց կյանքի, իսկ սրանից հարյուրից հարյուր հիսուն տարի առաջ այս վայրը զանազան կրոնական ու էթնիկ մշակույթների, ազգային ինքնությունների բնօրրան է եղել։ Դիարբեքիրում մնայուն արժեքներ թողած կրոնական համայնքներից մեկն էլ «արևապաշտներ» անվանվող շեմսիներն են եղել, սակայն եզդիների նման՝ ամենաշատ ճնշումների ենթարկվածները ևս նրանք են եղել։

Քրիստոնեությունից և իսլամից առաջ շեմսիներն առավելապես Դիարբեքիրի, ապա Մարդինի, Ադըյամանի և Ուրֆայի շրջաններում են ապրել։ Նրանք իրենց հավատքի պատճառով ճնշումների են ենթարկվել, օտարացվել են, և նրանց ստիպել են փոխել կրոնը։   Դիարբեքիրում գտնվող Ուլու մզկիթը, Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սուրբ Գևորգ եկեղեցին միևնույն ժամանակ շեմսիների արևի պաշտամունքային տաճարներն են եղել։ Ճնշումների և կոտորածների հետևանքով այս կրոնական համայնքն անհետացման եզրին է հայտնվել, որից հետո նրանց սրբավայրերը վերածվել են եկեղեցու կամ մզկիթի։

 Նրանց համարել են «մոլորյալ համայնք» և կոտորածի ենթարկել

Քրիստոնեության և իսլամի տարածումից առաջ շեմսիները ապրել են Միջագետքի մի շարք շրջաններում։ Այն բանից հետո, երբ այստեղ սկսել են գերիշխել քրիստոնեությունը և իսլամը, շեմսիները արևապաշտության պատճառով համարվել են «մոլորյալներ», և բոլոր ժամանակներում այդ երկու կրոնական համայնքների կողմից ճնշումների են ենթարկվել, իսկ նրանց սրբավայրերը բռնագրավվել են։

Սուրբ Աստվածածին եկեղեցին և Ուլու մզկիթը

1․400-ամյա պատմություն ունեցող իսլամի հինգերորդ գլխավոր սրբատեղին համարվող Ուլու մզկիթը եկեղեցու կառուցումից առաջ եղել է շեմսիների՝ արևի երկրպագության սրբավայրը։ 1․700 տարվա պատմություն ունեցող Սուրբ Աստվածածին ասորական հնագույն եկեղեցին էլ քրիստոնեությունից առաջ շեմսիների համար սրբավայր է եղել և օգտագործվել որպես արևի պաշտամունքի տաճար։ Դարձյալ Մարդինում գտնվող և ասորիների կողմից սուրբ համարվող Դեյրուլզաֆարան վանքը ևս քրիստոնեությունից առաջ կառուցել են շեմսիները։

Արևապաշտ համայնքը

Շեմսիներն էլ, եզդիների նման, պատմության մեջ և կրոնական գրքերում մնացել են որպես արևապաշտ համայնք։ Թեև շեմսիների և եզդիների կրոնական սրբավայրերը և ծեսերը տարբեր են, երկրպագության ձևերի մեջ նրանք բազմաթիվ նմանություններ ունեն։  Եզդիները մինչ մեր օրերը իրենց հավատքն ու մշակույթը պահպանել են, իսկ երկնային կրոնների կողմերից օտարված և «մոլորյալ» լինելու մեջ մեղադրվող շեմսիները, ցավոք, անհետ կորել են պատմության մութ էջերում։

Գրավոր աղբյուրներ չկան

Նրանց մասին ստույգ գրավոր աղբյուրներ չկան, ինչի պատճառով այդ հողերում ապրած ամենահին համայնքերից մեկը համարվող շեմսիների մասին շատ քիչ տեղեկություններ ունենք։

Գրավոր աղբյուրներում հնարավոր չէ գտնել մի փաստաթուղթ, որը բավարար կերպով կպատմի նրանց ապրելակերպի, բնակված շրջանների, կրոնի, ամուսնության, տոների, հարսանիքի և այլ ավանդույթների և սովորությունների մասին։ Շրջանում տիրապետող դիրք ունեցած յուրաքանչյուր կրոնի և քաղաքակրթության կողմից նրանք ճնշվել են, օտարացվել և կոտորվել, ինչի պատճառով կրոնական սրբավայրերից բացի՝ այլ տեղ գրավոր աղբյուր չի մնացել։

Դիարբեքիրում գտնվող շեմսիների թաղամասը

Դիարբեքիրում շեմսիների թողած հետքերից մեկն էլ նրանց թաղամասն է։ Մարդինքափըից Օնգյոզլյու կամուրջ գնալիս, մինչև Տիգրիս գետի ափ ձգվող Հևսելի այգիների դիմաց ընկած «շեմսիների բլուր» կոչվող վայրը դարեր առաջ որպես սրբավայր է օգտագործվել, ինչի մասին վկայում են նաև պատմիչները։ Այդ սրբավայրը վերջերս Մարդինքափը-Օնգյոզլյու կամրջի միջև գտնվող ճանապարհի ընդարձակման աշխատանքների ժամանակ քանդվել է, սակայն այդ շրջանը ներկայում արձանագրվում է որպես շեմսիների թաղամաս։

Շեմսիները Էսմա Օջաքի գրքում

Դիարբեքիրցի գրող Էսմա Օջաքն իր «Դիարբեքիր» կոչվող գրքում շեմսիներին անդրադառնալով՝ գրում է․ « Մարդինքափըից դեպի Օնգյոզլյու կամուրջ քայլելու ժամանակ ձեր առջև կբացվի հարթագագաթ, ժայռոտ և բարձր մի տարածք։ Տիգրիսին նայող այս վայրին «Շեմսիներ» են անվանում։ Արևապաշտների անցյալի մասին վկայող պաշտամունքի այդ վայրը մինչև 40-50 տարի առաջ կանգուն էր մնացել Մուրադ Չորրորդի կողմից քանդված ճակատամասի հետ միասին։ Ճանապարհի ընդարձակումից հետո նրա տեղում քամիներ են սուլում»։

Մնացել են վերջին սրբավայրերը

Այն ժամանակ, երբ շեմսիները Դիարբեքիրից դեռևս չէին աքսորվել և իրենց ծեսերն անելու հարցում դժվարության չէին հանդիպում, մզկիթի և եկեղեցու վերածված սրբավայրերում եթե չէին կարողանում իրենց կրոնական ծեսերն անել, դրանք անում էին Տիգրիս գետին նայող այդ սրբավայրում։ Շեմսիներն արևի երկրպագության համար աղջամուղջին Մարդինքափըից այդ տաճար էին գնում՝ աղոթելու, արևածագը դիմավորում և իրենց երկրպագությունն էին կատարում, որից  հետո վերադառնում էին իրենց գործերին։ Պնդում են, որ շեմսիների վերջին սերունդը վերացվել է Բաղդադի արշավանքից Դիարբեքիր վերադարձած Մուրադ Չորրորդի կողմից։

Եզդիականությունը և շեմսիները

Մեկը մյուսի հետ համատեղ գոյություն ունենալու հնարավորությունը ճանաչած և ընդհանրություններ ունեցող հրեականությունը, քրիստոնեությունը և իսլամը շեմսիականությունն ու եզդիականությունը համարել են մոլորյալ և հեթանոսական։  Այդ երեք կրոնական համայնքներից ոչ մեկ այդ կրոնական համայնքերի հետ համատեղ ապրել չի ցանկացել։ Այն շրջաններում, որտեղ գերիշխող էր դառնում երեք կրոններից մեկը, առաջին հայացքը հառում էին իրենց կողմից «հեթանոս» համարված համայնքներին։

Նրանց միշտ անտեսել են

Դիարբեքիրում և շրջակայքում արևապաշտ շեմսիները համարվել են տեղական հեթանոսության վերջին մնացորդներ։ Սակայն այդ սահմանումը, որն ի հայտ է եկել սահմանափակ տեղեկությունների լույսի ներքո, շատ ընդհանրական է և շեմսիների ինքնությանը պատկանող մանրամասներ չի ներառում։

Որևէ տվյալ չկա, թե նախկինում իրենք իրենց ինչպես են ներկայացրել։ Բացի այդ՝ ղեկավարության կողմից նրանք միշտ անտեսվել են, ինչի պատճառով շեմսիների վերաբերյալ պաշտոնական սահմանումներ չկան։

Երկու կրոններն էլ նրանց չէին ընդունում

Հեթանոսական հավատք ունենալու պատճառաբանությամբ նրանք քրիստոնյա և մուսուլման հարևանների կողմից մեղադրվում էին մոլորյալ լինելու մեջ։  Դիարբեքիրում և շրջակայքում 18-րդ և 19-րդ դարերում ճանապարհորդած անձինք արևապաշտ շեմսիների մասին գրել են քրիստոնյաներից և մուսուլմաններից լսածները, և նրանց անվանել են մոլորյալ համայնք։   Բռնի կրոնափոխության ենթարկված շեմսիներից ոմանք ողջ են մնացել և ստիպված են եղել ապրել  իրենց ընդունած հավատքով, իսկ ովքեր չեն կրոնափոխվել՝  ղեկավարության կողմից, կամ օտարացվել են, կամ՝ սպանվել։

Ահմեթ Սյունբյուլ

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica