close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+8°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն -13

Քաղաքական

28 Հոկտեմբերի 2019, 18:02
 Հայ դիվականության պատմություն -13

Վարչապետի տեղակալի պաշտոնը գրավելու ընթացքում Սարդարյանը ղեկավարում էր կրթությունը,գիտությունը,մշակույթը եւ մամուլը եւ կարողացավ իր դեմ տրամադրել ամբողջ մտավորականությունը,մամուլը՝  կնքելով Ավիս Նուրիջանյան անունով,այսինքն՝ ամենադաժան եւ արգահատելի անձնավորության,որը մտնում էր բոլշեւիկյան առաջին կառավարության կազմի մեջ։ (Ժամանակին Դաշնակցության շարքերից վտարված Ավիսը դաժանորեն վրեժ էր լուծում իր նախկին ընկերներից, եւ հենց դրա համար գնդակահարվեց հենց բոլշեւիկների կողմից)։ Սարդարյանի կողմից նոր իշխանության հեղինակությանը հասցրած վնասը կարելի է համեմատել այն վնասի հետ,որը ՀՀՇ-ին հասցրեց Վանո Սիրադեղյանը… Սարդարյանը նույնպես «պատիվ ունեցավ» առաջին հարձակումը կատարել Դաշնակցության գաղափարախոսության վրա,ընդ որում այդ անսպասելի հարձակման մեջ պարունակվում էին արնախառն տրամադրություններ։

Հարձակման պատրվակը պառլամենտին ներկայացված՝ Դաշնակցության հետեւյալ պահանջներն էին՝ որոշում ընդունել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ եւ Թուրքիայից պահանջել ճանաչել Ցեղասպանությունը։

Այդ պահանջին հակառակվեց անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝հայտարարելով,թե այդ պահանջին բավարարություն տալը խիստ կսահմանափակի Հայաստանի նոր իշխանությունների քաղաքական եւ դիվանագիտական գործունեության սահմանները եւ կփակի Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու բոլոր ճանապարհները։ Ընդհանուր առմամբ, այդ հայտարարությունը թվում էր հիմնավորված։ Ընդհանրապես, պառլամենտում որոշում ընդունելու նախաձեռնությունից ռոմանտիզմի հոտ էր գալիս,ինչը միշտ բնորոշ էր Դաշնակցությանը։ Սակայն,անշուշտ,նրանք արժանի չէին այն ատելությանը,որը նրանց նկատմամբ ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ որով վարակվեց նրա ամբողջ շրջապատը։

Մնում է ենթադրել,որ այդ ատելությունը ժառանգական էր եւ գալիս էր հորից,որը սիրիացի ընդհատակյա կոմունիստ էր եւ 40-ական թվականներին բարձր պաշտոն էր գրավում հռչակավոր Ֆեյսալի մոտ։ Պատահական չէ,որ ոչ թե հակակոմունիզմը,այլ հակադաշնակցությունը դարձավ Տեր-Պետրոսյանի վարչակարգի ներքին քաղաքականության առանցքը,որի ղեկավարն էր Կտրիճ Սարդարյանը՝  նախագահի անփոփոխ խորհրդատուն,որը զբաղվում էր քաղաքական եւ տնտեսական սրիկայությունների,ինչպես նաեւ պարտվողական տրամադրությունների գաղափարական հիմնավորումներով,որոնց վրա էլ կոտրեց սեփական վիզը։

Բայց կրկնում եմ՝ մինչեւ1991թ. ամռան ավարտը նոր իշխանությունը կտրուկ քաղաքական գործողություններ  չի կատարել եւ միայն առանց որեւէ հիմնավորման ճառում էր Հայաստանը անկախ հռչակելու մասին։ Իշխանությունների միակ հակակոմունիստական քայլն այն էր,որ իշխանությունները տապալեցին Լենինի հուշարձանը եւ սեփականաշնորհեցին կոմկուսին պատկանող շենքերը։ Այնպես որ՝ 1991թ. օգոստոսի 19-ի առավոտը՝ խռովարարության օրը,Տեր-Պետրոսյանը քաղաքական գործիչներին,լրագրողներին հրավիրեց Կենտկոմի բյուրոյի նիստերի անվանափոխված դահլիճ։

Ինձ վիճակվել է դրանից առաջ անմիջականորեն շփվել Լ. Տ. Պ.-ի հետ,թե՛ իշխանության անցնելուց առաջ եւ թե՛ պառլամենտի խոսնակ ընտրվելուց հետո, ուստի աչքի ընկավ նրա հետ մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունը։ Ավելի կարճահասակ դարձած,գունատ դեմքով՝ նա հենվել էր միջանցքի պատին,բայց ամեն վայրկյան պատից պոկվում էր յուրաքանչյուր հրավիրյալի ձեռքը սեղմելու համար։ Բացահայտ մտահոգությամբ նշեց. «Դաշնակցականներն ուշանում են,ամենաանհանգիստ  տարրն է»։ Վերջապես հրավիրեցին դահլիճ, եւ սկսվեց բրիֆինգը։ Բրիֆինգի իմաստը նրանում էր,որ ղեկավարությունը խնդրում էր,որ ոչ մի հրապարակային հայտարարություն չարվի եւ տեղի ունեցող իրադարձությունների մասին ոչ մի հոդված կամ նյութ չհրապարակվի։ Պետք է հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվությունը։ Լ.Տ.Պ.-ն այն համոզմունքն ուներ,որ ԳԿՉՊ-ին պետք չէ գրգռել եւ նրա հարվածի տակ մտնել։ Իսկ ինքն իր կողմից երաշխավորում էր, որ պաշտոնական իշխանությունները կվարեն շատ զգույշ քաղաքականություն Կրեմլի ուժային գործողություններից խուսափելու համար։ «Ընդհանրապես,այս պահին մենք նրանց միանգամայն ձեռք ենք տալիս»,-անսպասելիորեն հայտարարեց Տեր-Պետրոսյանն իր ծավալուն պատմությունից հետո այն մասին,թե ինչպես երեկոյան ինչ-որ կարեւոր գործով համառորեն փորձել է զանգահարել Յանաեւին եւ Կրյուչկովին եւ վերջապես նրանց գտել է միասին մի հեռավոր ամառանոցում։ «Հավանաբար քննարկում էին նախատեսվող գործարքը»,-ավելացրեց Տեր-Պետրոսյանն իր դառը ժպիտով։ Մի խոսքով, նա մտահոգված էր եւ նույնիսկ վախեցած,ինչն ի վիճակի չէր թաքցնել,սակայն իրեն պահում էր բավական միանշանակ։

Սիանգամայն այլ,ողորմելի վախկոտի տպավորություն թողեց վարչապետ Մանուկյանը,որը նույն օրն իր մոտ էր հրավիրել լրագրողների վերնախավին։ Նա պարզապես կաշվից դուրս էր գալիս՝ ապացուցելու համար իր հավատարմությունը Մոսկվայի նկատմամբ, պնդում էր,որ կառավարության բոլոր գործողությունները համաձայնեցվելու են միութենական իշխանությունների հետ. չնայած նրան,որ կուսակցության ղեկավարության մեջ կան հակախորհրդային տարրեր։ Այս նույն մարդը,մի քանի ամիս անց Լրագրողների միության բրիֆինգի ժամանակ առանց խղճի խայթ զգալու ճառում էր իր կառավարության համարձակության մասին,որն իրականացնում է շուկայական բարեփոխումները՝ Մոսկվայի ամբողջատիրական ճնշումներին հակառակ։ Այդ ժամանակ էլ նա պատմեց իր վարչապետության առաջին օրվա մասին,մասնավորապես այն մասին,թե ինչպես նրան վախեցրին գրասենյակի ժամացույցի զանգերը։ Ներկաները ծիծաղում էին,իսկ ես ասացի. «Դա ծիծաղելի չէ,տղաներ»։ Մանուկյանը փքվեց եւ, խիստ հայացք նետելով վրաս,առանց դերասանության հայտարարեց. «Ներկա պայմաններում ես ինձ համարում եմ տնտեսվարության բնագավառում ամենատեղյակ մարդը»։

Իսկ տնտեսությունն արագորեն քայքայվում էր…

Օգոստոսի 19-ից մնաց եւս մի զավեշտական տպավորություն։ Կառավարության շենքից մենք դուրս եկանք Այդին Մորիկյանի հետ,որը նորաստեղծ մի հանդեսի գլխավոր խմբագիր էր։ Նրա հետ մենք բարեկամներ էինք եւ մնացինք այդպիսին,չնայած նրա հհշական մոլորություններին։ Երբ մենք անցնում էինք Լենինի հրապարակով,որտեղ որբացած կանգնել էր Լենինի հուշարձանի տգեղացած պատվանդանը,ես, ցույց տալով պատվանդանը, կատակով ու կշտամբանքով նետեցի Այդինին. «Դուք այս ի՞նչ արեցիք», եւ ի պատասխան լսեցի. «Հավանաբար, շուտով նորից տեղը կդնենք» ։ Ընդհանրապես, Մորիկյանը հազվադեպ կրակոտ հհշականն էր,որը վերջնականապես չէր կորցրել խիղճը եւ չէր խառնվել այդ նեխածների հետ,մնացել էր միամիտ ռոմանտիկ,որը հիասթափվեց վարչակարգից ու վարչակարգը ներկայացնողներից,1996թ. նախագահական խայտառակ ընտրություններից հետո ակնհայտորեն լքեց քաղաքական ասպարեզը եւ անհայտացավ։

Կրկին առաջ ընկա…         

Խռովարարության վախը նոր իշխանությունների մոտ արագ անցավ։ Օգոստոսի 21-ին,երբ պարզ դարձավ,որ պուտչը տապալվեց,որոշում ընդունվեց սեպտեմբերի 21-ին անցկացնել հանրաքվե Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակելու վերաբերյալ։ Իմիջիայլոց,ոչ ոք չէր կասկածում հանրաքվեի դրական արդյունքների մեջ այնպես,ինչպես ոչ ոք չէր կասկածում,որ մեկ ամիս հետո հանրապետության նախագահ է ընտրվելու Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրան  քիչ թե շատ մրցակից կարող էր լինել միայն Վազգեն Մանուկյանը,որը խելամտորեն հանեց իր թեկնածությունը։ Դաշնակցության թեկնածու Սոս Սարգսյանը,որը փայլուն դերասան եւ շատ համակրելի մտավորական էր,հաղթելու ոչ մի շանս չուներ։ Ինչպես ասում էին դաշնակցական գործիչները,նախընտրական արշավի ժամանակ Դաշնակցություն կուսակցությունը ծախսեց 5 միլիոն դոլար,որի արդյունքում տպվել էին իրենց թեկնածուին պատկերող տպագրական հիանալի որակով թղթեր եւ գեղեցիկ ձեւավորված պլակատներ։ Այն ժամանակ շրջանառության մեջ դրվեց մի կատակ, որը շատ վիրավորեց ե՛ւ Դաշնակցությանը,ե՛ւ թեկածու Սարգսյանին։ Կատակի հեղինակները նշում էին,որ 5 միլիոնով կարելի էր փողոցի ցանկացած պոռնիկի դարձնել Հայաստանի նախագահի թեկնածու։ Իրականությունն այն էր,որ այս ընտրություններում ոչ մի մրցակցության ու պայքարի մասին խոսք լինել չէր կարող։

Այսպես թե այնպես,հոկտեմբերի 16-ին Լեւոնի ընտրությունը եւ Հայաստանի անկախության հռչակումը ժողովրդի կողմից ընկալվեց ցնծությամբ եւ ժողովրդական տոնակատարություններով,խնջույքներով։ Մեր խմբագրության լուսանկարիչն այդ տոնակատարություններից հանել էր մի փայլուն լուսանկար,որտեղ պատկերված էր արդեն Հանրապետության հրապարակի կենտրոնում պարող ցմփոր ու ճաղատ մի ծերունի՝ իր անբարետես կնոջ հետ։ Ես այդ լուսանկարը հրապարակեցի «Էպոխայի» առաջին էջում,հետեւյալ գրությամբ. «Պարեք,պարեք…»։ Թերեւս այդ թունավոր գրությունն ինձ հուշեց իմ բնազդը։ Ես կասծես թե զգում էի,որ երկրում տեղի ունեցող եւ դեռ կատարվելիք իրադարձությունները կհանգեցնեն այնպիսի վիճակի,որը կարող է կոչվել միայն ԽԱՎԱՐ։ Ընդ որում,այդ ԽԱՎԱՐԸ լուսավորելու է դժոխային խարույկներով ու ավերիչ դեւերի սատանայական պարերով։

Հետագայում,երբ իրականանում էին ամենահոռետեսական գուշակությունները,բազմիցս հարց է առաջացել,թե ի՞նչ եղան այդ լուսանկարում պատկերված մարդիկ։ Կարողացա՞ն վերապրել ցուրտ,քաղցած,մութ երեք ձմեռները,երբ մի ամբողջ ժողովրդի կարգադրված էր ապրել անկողիններում եւ սնվել անասնակերով։ Որքա՞ն էր նիհարել ծերունին,որքա՞ն էր տառապում պառավը՝ տեսնելով իր երեխաների եւ թոռների վիճակը։ Կարողացա՞ն նրանք այս այլանդակությունները կապել հրապարակում իրենց պարի հետ,անիծեցի՞ն այն օրը եւ նրա հետ՝ լեւոններին,բաբիկներին,վանիկներին  ու մյուսներին,որոնք գիտակցաբար,չարամտորեն եւ նպատակասլաց կերպով երկիրը տարան դեպի ողբերգություն,կազմակերպեցին սեփական ժողովրդի ցեղասպանությունը։

Սակայն ի՞նչ օգուտ անեծքներից …

 

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica