close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրն՝ ամփոփ. 24.10.2019

Հասարակություն

24 Հոկտեմբերի 2019, 23:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրն՝ ամփոփ. 24.10.2019

Արսեն Բաբայանն այսօր կալանավորվեց: Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու որոշումը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և իշխանության յուրացմանն օժանդակելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը ամսաթիվ է կեղծել եւ այդպիսով նպաստել, որ ՍԴ անդամի թափուր պաշտոնն անցնի Հրայր Թովմասյանին: Այսօր էլ դատարանի առաջ նրա աջակիցները հայտարարեցին, որ Բաբայանը քաղբանտարկյալ է, և այս կալանավորումը իշխանական օպերացիայի մի մասն է՝ ուղղված Հրայր Թովմասյանի դեմ: Արսեն Բաբայանն էլ նամակ է փոխանցել մամուլին՝ հայտարարելով, որ չի կատարել այնպիսի արարք, ինչի համար հնարավոր կլինի իրեն ենթարկել պատասխանատվության՝ օրինական կարգով։ «Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը հենց առաջին քայլից ամբողջությամբ ապօրինի է: Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ»,- գրել է նա:

Այս գործով կասկածյալի կարգավիճակ ունի ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, նա եւ Գագիկ Հարությունյանն այսօր Հատուկ քննչական ծառայությունում էին՝ հարցաքննության: Բաբլոյանը դեռ երեկ հայտարարել էր, որ որեւէ խախտում թույլ չի տվել՝ բացի այն, որ աջակցել է Փաշինյանին՝ իշխանության գալու համար: Հարցաքննությունից հետո էլ նա բացառեց, որ կարող էր ստորագրություն դնել կեղծված դիմումի տակ:

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ կմնա կալանքի տակ: Դատավճիռը հրապարակվեց այսօր: Պաշտպանները միջնորդել էին, որպեսզի կիրառվի գրավ՝ Խաչատրյանի ազատության դիմաց առաջարկելով 230 միլիոն դրամ:

Հայաստանը 6 կետով զիջել է Doing Business-ի վարկանիշային ցուցակում, որ հրապարակել է Համաշխարհային բանկը: Այժմ զբաղեցնում ենք 47-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում: Ինչով է պայմանավորված այս նահանջը՝ կառավարության նիստում վարչապետը հարց ուղղեց տնտեսական բլոկի պատասխանատուներին: Որպես պատճառ՝ նշվեց, որ հաշվարկի սկզբունքն է փոխվել, իսկ Արթուր Ջավադյանը մեզ համար նույնիսկ շահեկան վրիպակ տեսավ Համաշխարհային բանկի հրապարակած թվերում:

Գյումրիում ծերերի խնամքի կենտրոնը վերակազմավորվում է, ծառայությունները կմատուցեն մասնավոր կազմակերպությունների մրցույթով: Այս փոփոխությունից ծերերը միայն կշահեն՝ վստահեցրեց Փաշինյանը, նույնը նաեւ երեխաները՝ գիշերօթիկների լուծարումից հետո, իսկ այն, որ մարդիկ աշխատանք կկորցնեն, չի ստիպի կառավարությանը որոշում փոխել՝ կոպեկ փախցնողների դեմ պայքարելու են առանց սենտիմենտի:

Կառավարության շենքի առջև Անի Զախարյանը ստորագրահավաք է սկսել իր վարչապետության համար: Եվ արդեն կան առաջին արձագանքները՝ 6 հոգի կողմ է տիկնոջը տեսնել դիմացի շենքում:

Զախարյանի հարևանությամբ մի քանի ցույցեր էին, ավտոներկրողներն էին բողոքում Լարսի արգելքներից, մի քանի այլ ցուցարար էլ մասնավոր բողոքներով ու առաջարկներով էր եկել:

Մի քանի օր առաջ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը դիմեց վաղաժամկետ ազատման համար: Այս դիմումից հետո կասկածներ եղան, որ գործը վերաբացելու փորձեր են արվում, և դրա գինը Հունանյանի ազատությունն է՝ նոր ցուցմունքների դիմաց: Այս կասկածների ֆոնին՝ այսօր պարզ դարձավ, որ 27-ի գործին իշխանություններն անդրադառնալու են. վարչապետի խոսնակը համոզմունք հայտնեց, որ հայտարարություններ կլինեն:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Նա վստահեցրել է, թե հեռանում է պաշտոնից, բայց ոչ՝ թիմից, և իր որոշումը քաղաքական չէ, այլ միայն անձնական, ցանկանում է զբաղվել քաղաքային խնդիրների ուսումնասիրությամբ, ինչպես ինքն է նշել՝ ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով։

Եվ Գալուստ Սահակյանի բացառիկ հուշերը Երկիր.am-ի հետ զրույցում: Հանրապետական գործիչը մինչեւ հեղափոխությունը եւ մինչեւ իր քաղաքական կարիերան ստեղծագործել է, Շիրազի խորհրդով գրելը թողել է, բայց սաքսոֆոն նվագում է առ այսօր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica