close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 10

Քաղաքական

23 Հոկտեմբերի 2019, 17:57
 Հայ դիվականության պատմություն - 10

Ճիշտ է,հաղթանակը բավականին հարաբերական էր,նույնիսկ ոչ համոզիչ,որովհետեւ Տեր-Պետրոսյանը ընտրվեց մեծ դժվարությամբ՝ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանին հաղթելով միայն երրորդ փուլում, այն էլ՝ միայն այն բանից հետո,երբ ինքը՝ Մովսիսյանը, եւ նոմենկլատուրայի մի շարք ներկայացուցիչներ նահանջեցին։ Պետք էր տեսնել,թե ինչպես էին հրապարակավ իրար փաթաթվել Տեր-Պետրոսյանը եւ Սիրադեղյանը՝ ապագա հանցավոր վարչակարգի ստեղծողը եւ հիմնաքարը։ Տեսարանը հիշեցնում էր Վելինգտոնի եւ Բլյուխերի հանդիպումը Վաթերլոյում Նապոլեոնի կրած պարտությունից հետո։

Ինչպես հայտնի է,Մարքսը բավականին խայթող ոճով է անդրադարձել այդ հանդիպմանը՝ նշելով,որ երկու ծայրահեղ հետադիմականներ պատմության անիվը գլորեցին ցեխը,որտեղից  մարդկությունն այն պիտի հաներ 100 տարվա ջանքերի շնորհիվ,եւ չգիտես ինչու  ուրախանում են։ Գուցե,համեմատությունն անհեթեթ թվաց,բայց այսպես, թե այնպես Տեր-Պետրոսյանի եւ նրա խորամանկ ու ագահ շրջապատի հաղթանակը հանգեցրեց էլ ավելի ողբերգական արդյունքի,հայ հասարակությունը մի քանի տարվա ընթացքում այլանդակվեց եւ իր զարգացման մեջ հետ նետվեց 100 տարով։

Սակայն այդ մասին խոսակցությունը դեռ առջեւում է,իսկ առայժմ միայն նշենք,որ հաղթանակի առիթով ոգեւորություններն անտեղի էին,քանզի հաղթանակը ոչ թե Նապոլեոնի նկատմամբ էր,այլ տեղական մի ապարատչիկի՝ վառ արտահայտված դեմքով եւ էլ ավելի արտահայտիչ փորով։

Պատմում են,որ պետական այս գործիչը,մուտք գործելով երբեմնի երազած գրասենյակը՝ Կենտկոմի քարտուղարի գրասենյակ,որն արդեն կորցրել էր իր հմայքի մի մասը,ներկաներին  շշմեցրեց հայտարարությամբ,թե այս երկրում իրենից ավելի խոշոր կաշառակեր երբեք չի եղել եւ չի լինի,բայց հիմա կաշառքների մասին պետք է մոռանալ,իշխանությունը գնում է… Բայց շուտով նա համոզվեց,կամ նրան համոզեցին,որ կոմկուսից իշխանության գնալուն պետք չէ դիմադրել,որովհետեւ դա նախ տրամաբանությունից զուրկ է եւ վտանգավոր, հետո՝ անկարելի։ Կարճ ժամկետում ապարատի աչքի առջեւ կուշտ եւ բարի,նույնիսկ կայտառ անձնավորությունը դարձավ քայքայված ծերունի։ Նա արդեն վատ էր լսում ու տեսնում,դժվար քայլում,ձեռքերը դողում էին եւ գանգատվում էր տարբեր ցավերից։ Իսկ շուտով այդ պատրվակով ընդհանրապես հրաժարվեց որեւէ բան անելուց, որեւէ որոշում կայացնելուց։ Երկիշխանությունն ավարտվեց,որովհետեւ վախճանվեց կուսակցական եւ խորհրդային իշխանությունը։ Այժմ բոլորը հասկանում են,իշխանությունը գրավելու համար «ժողովրդավարների» առաջին եւ բավականին հաջող փորձն էր,որը տեղի ունեցավ մի առանձին միութենական հանրապետությունում։ Հետո Մոսկվայում եւ Լենինգրադում իշխանության գլուխ անցան Պոպովը եւ Սոբչակը,որից հետո ընթացքը դարձավ անդառնալի։

Սակայն վերադառնանք Հայաստան,որին համակրանքով էին վերաբերվում Ռուսաստանի ժողովրդավարները պառլամենտական ընտրությունների նախօրյակին։ Ռուսաստանի ժողովրդավարների ղեկավարն էր Գալինա Ստարովոյտովան,որը բառացիորեն նշանակում էր Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավորներին եւ միանգամայն կարող էր կազմել Գերագույն Խորհրդի կազմի 2/3-ը, այսինքն՝ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը,որը ձգտում էր հանրապետության անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Սակայն նա ստիպված եղավ սահմանափակվել կեսից ավելի պակաս կազմով,քանզի պակասում էր մարդկային զանգվածը, եւ կյանքի ապագա տերերը ներկայանալի պատկեր չէին կարող ունենալ։ Էլ չխոսենք այն մասին,որ ռուսերենին տիրապետում էին շատ վատ,ինչը զգալիորեն նվազեցնում էր ժողովրդավարական ընտրություն կատարող գլխավոր մասնագետի կարողությունները։ Ի վերջո,որոշվեց,որ  «շարժման» չսափրված ու կեղտոտ անդամների մեծ մասը պետք է պահվի գործադիր մարմինների համար, ինչը վերածվեց հասարակական եւ տնտեսական իսկական փլուզման։ Ավելի լավ կլիներ,որ նրանք մնային պառլամենտում եւ 5 տարի մասնակցեին պառլամենտի նիստերին։

Ես հաճախ եմ ինձ հարց տվել,թե ի՞նչ կլիներ,եթե վերջին երկու կուսակցական ղեկավարներից մեկը,չեմ ասում՝ կարգին մարդ լիներ,դա հավանաբար բացառված էր,բայց գոնե պատասխանատվության տարրական զգացում ունենար կամ առնվազն մորթապաշտ չլիներ։ Ու հանգում եմ այն եզրակացության,որ դա շատ քիչ բան կփոխեր։ Ոչ միայն սովորական անհատների,այլև որեւէ գործնական կարողություն ունեցող ուժի,եթե նմանը գոյություն ունենար,կխորտակեր դիվականության ալիքը,որն իրենով ծածկել էր ամբողջ հասարակությունը։ Եվ դա,կրկնում եմ,ստեղծեցին ոչ թե առասպելական հիպնոս ճառագայթողները,որոնցով հետագայում մեր վճարովի «իմաստունները» փորձում էին բացատրել եւ արդարացնել պատահածը,այլ մեր հասարակության համատարած տգիտությունը,մեր վարչական վերնախավի մտավորական արատավորությունը եւ արդեն հիշատակված՝ մեր ազգային նկարագրի հոգեբանական տեսակը։

Ճառագայթներ արտացոլող սարքավորումների կարիք չկար,բավական էին խոստումները,ինչպես օրինակ,արտասահմանում հանքային ջուր վաճառելուց ստացված եկամուտները,եւ ամբոխը կհավատար երկրի լուսավոր ապագային։ Բավական էր ամբոխին ներշնչել,որ «նոմենկլատուրայի» առավելությունները հավասարաչափ բաժանվելու են բոլորի միջեւ, եւ մարդիկ արդեն չէին կասկածում,որ իրենցից յուրաքանչյուրը կարող է ազատորեն մեկնել որեւէ երկիր,ապրել շքեղ հյուրանոցներում, հանգստանալ ծովափնյա թանկարժեք հանգստյան տներում եւ լողալ ոսկիների մեջ։ Բավական էր մի տգետ ամբոխավար դուրս տար հերթական հիմարությունը, եւ ամբոխը հավատում էր այդ հայտարարությանն ու հազար անգամ կրկնում։ Այս ամենը կամավոր զանգվածային ցնորվածություն էր։ Տրամաբանություն չկար,այն փոխարինվել էր զգացմունքներով,որոնք արտահայտում էին չարություն,նախանձ,ագահություն,ոգեւորություն։

Այդ ամենը ազգային հիմարության խրախճանքն էր,որից խումհարը ազգին տանջում է մինչեւ այսօր եւ դեռ երկար կտանջի,ճիշտ այնպես,ինչպես տանջում է հսկայական հոբելյանական տորթից առաջացած այրոցը,որը ժողովրդին մատուցվեց «շարժման» երկրորդ տարելիցին։ Այդ հսկայական տորթը դրվել էր «ազատության մարտիկների» սիրելի թատերական հրապարակում,որտեղ հռչակավոր թխվածքը ոտնակոխ էր արվել,քսվել էր ծառերին եւ ասֆալտին,իսկ հարյուրհազարանոց ամբոխի տականքները խժռում էին այդ անվճար հյուրասիրությունը։ Խժռելու համահայկական այս զզվելի արարողության կազմակերպիչները վերեւից նայում էին ոտից գլուխ կրեմով աղտոտված իրենց քաղաքացիներին եւ լկտիաբար ժպտում։ Նրանք արդեն գիտեին,որ դիմադրություն չի լինի, եւ ճանապարհը դեպի իշխանություն բաց է։

Այդ ժամանակ Հայաստանի ապագան եւ երկարաժամկետ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը,որը իբր թե «Մատրոսկայա տիշինա» բանտում ձեռք էր բերել ողնաշարի հիվանդություն,հաջողությամբ վիրահատվեց Ֆրանսիայում։ Այդպես,գիպսե վիրակապի մեջ,որից նրա գլուխը այն տպավորությունն էր թողնում,թե դուրս է եկել (ներողություն) զուգարանակոնքից,անցկացրեց ՀՀՇ-ի առաջին համագումարը։ Նա խոսում էր դաժանորեն եւ հստակ,կարծես Հովհաննես Մկրտիչը լիներ։

Այդ համագումարը կոչվեց «Հաղթողների համագումար»,ինչը հաստատվեց մի երկու ամիս հետո։ Մոտավորապես այդ նույն ժամանակ (1990թ. գարնանը) Մոսկվայում տեղի էր ունենում կոմերիտմիության համագումարը,որը,իմիջիայլոց,վերջինն էր։ Կոմերիտմիության այս վերջին հավաքը ցույց տվեց Խորհրդային Միությունում տեղի ունեցող կենտրոնախույս ընթացքների պատկերը։ Մերձբալթիկայի հանրապետությունների եւ Վրաստանի պատվիրակությունները ներկայացված էին մարդկանցով,որոնք կապ չունեին երիտասարդների հետ,բայց որոնց կարգադրված էր մասնակցել համագումարին։ Ճիշտ է մի վրացի,այնուամենայնիվ, իրեն չկարողացավ տիրապետել եւ հարբած վիճակում հյուրանոցի հերթապահի մոտ պոռթկաց՝ հայտնելով վրացիների կարծիքը ռուսների մասին։ Ասիացիները, ինչպես միշտ,լուռ էին եւ ոչնչի չէին խառնվում։ Հայերին եւ ադրբեջանցիներին տեղավորեցին դահլիճի տարբեր ծայրերում եւ խստիվ արգելեցին Ղարաբաղի մասին ծպտուն հանել։ Սակայն առանց դրա էլ երկու կողմերն էլ հասկացել էին,որ այդ մասին խոսելն ավելորդ է, եւ հարցը լուծվելու է ոչ թե խոսակցություններով, այլ բոլորովին այլ միջոցներով։     

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica