close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+3°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում եղել է չորս Դաշնակցություն

Հարթակ

22 Հոկտեմբերի 2019, 12:33
 Հայաստանում եղել է չորս Դաշնակցություն

Հետաքրքրությամբ կարդացի Ռամկավար ազատական (Լիբերալ դեմոկրատական) կուսակցության անդամ Վիգեն Խաչատրյանի արտահայտությունը, որ 1990-1995 թվականներին Հայաստանում եղել է երկու Դաշնակցություն։ Սա կարող է անմեղ արտահայտություն է, պարոն Խաչատրյանը իր արտահայտած գաղափարներից մեկը շեշտելու համար ուզել է նշել, որ նույնիսկ Դաշնակցությունը որոշ մի հանգրվանի բաժանվել է երկուսի։ Իսկ քաղաքական ներկա մթնոլորտում կարելի է նաև մտածել, որ պարոն Խաչատրյանը ջուր է լցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, որ փորձում է միշտ երկու Դաշնակցություն տեսնել՝ դրսում ու ներսում, Հայաստանում եւ արտերկրում…

Փարատելու համար մտահոգություններն ասեմ, որ 1990-ականներին Հայաստանում եղել է ո՛չ թե երկու, այլ չո՛րս Դաշնակցություն։ Այս մեկը հաստատում եմ որպես այդ հանգրվանին Հայաստանում որոշ անցուդարձերի գործուն մասնակից ու կարող եմ այդ ժամանակից մի հուշ պատմել։

1989-ին մաս էի կազմում ՀՅԴ Բյուրոյի նշանակած՝ Հայաստանի պատասխանատու մարմնին։ 1990-ին Հայաստանում Դաշնակցությունը տակավին գտնվում էր չհայտարարված կարգավիճակում. չէի ասի ընդհատակյա, քանի քաղաքական դաշտում բոլոր ակտիվ մարդիկ գիտեին, որ Դաշնակցությունն արդեն Հայաստանում է, սակայն կուսակցության պատասխանատու մարմինները տակավին չէին որոշել բացահայտել կուսակցության վերընձյուղումը Հայաստանում։ Արցախում էի։ Կիրակի օր էր, երբ վերադարձա, ու Երեւանում մեր ընկերներից երկուսն անմիջապես եկան հանդիպելու եւ հայտնելու, որ նախորդ օրը Օպերայի հրապարակում երեք տարբեր խմբավորումներ հայտարարել էին Հայաստանում Դաշնակցության հիմնադրությունը։ Նրանցից ամեն մեկը հայտարարել էր, թե ինքն արդեն կապի մեջ է «Աթենքի Բյուրոյին» հետ, ընկ. Հրայր Մարուխյանի հետ կամ ավելին` Աթենքից ընկ. Հրայր Մարուխյանը կապ է պահել իրենց հետ եւ թելադրած հայտարարել կամ բացահայտել իրենց՝ Դաշնակցության հայաստանյան կառույցը լինելու մասին։

Երեք խմբավորումները հետևյալներն էին՝ Ջանփոլադի խումբը (ազգանունը այս պահին, դժբախտաբար, չեմ հիշում, օրվա զեկույցներն էլ չունեմ ձեռքի տակ), Րաֆֆիկ Համբարձումյանի խումբը եւ Էդամ Արիստակեսյանի խումբը։ Երրորդի շուրջ համախմբված էին բավական թվով ջոկատներ՝ Հայաստանի տարբեր շրջաններից՝ Երևանից մինչև Նոյեմբերյան և Լոռի։ Երեք խմբավորում՝ գումարած ՀՅԴ Ընդհանուր ժողովի որոշումներով եւ ՀՅԴ Բյուրոյի գործնական քայլերով տակավ առ տակավ ձև ստացող ՀՅԴ Հայաստանի կուսակցական կառույցը, և հանրագումարում` չորս Դաշնակցություն…

Անմիջապես կապ պահեցի ՀՅԴ Բյուրոյին հետ։  Ընկ. Հրայր Մարուխյանի թելադրանքը հստակ էր եւ կտրուկ՝ կանչել բոլորին եւ նրանցից պահանջել հրապարակավ հայտարարել, որ իրենք կապ չունեն Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ, եւ եթե այդ խմբավորումներին անդամակցող որևէ անհատ փափագում է դառնալ դաշնակցական, ապա անհատապես կարող է դիմել Երևանում գործող ՀՅԴ մամլո եւ տեղեկատվական կենտրոն (ՄՏԿ)։ Ու բոլորին տրվում էր շատ կարճ ժամանակ այս հայտարարությամբ հրապարակ գալու, որովհետև ՀՅԴ Բյուրոն շուտով սեփական հայտարարությամբ հանդես պիտի գար՝ անդրադառնալու ինքնակոչ այս խմբավորումներին, եւ հայտարարեր, որ դրանք ոչ մի կապ չունեն կուսակցության հետ։ 

Անմիջապես կապ պահպանվեց երեք խմբերի հետ։ Ջանփոլադի խումբը անմիջապես ներկայացավ հանդիպման և թեև դժկամությամբ, սակայն համաձայնեց պահանջված հայտարարությունը հրապարակել։ Րաֆֆիկ Համբարձումյանը չներկայացավ հանդիպման՝ պատճառաբանելով, որ ինքն ուղղակի կապի մեջ է «Աթենքի Բյուրոյի» հետ ու այնտեղից է ստանում իր ուղղությունները, սակայն Բյուրոյի հրապարակած հայտարարությունից հետո Դաշնակցության անվան տակ նրա գործունեության նշաններ գրեթե չերևացին։ 

Էդամ Արիստակեսյանի խմբավորման հետ որոշվեց հանդիպել։ Հանդիպումը կազմակերպված էր Երաժշտության տան շենքում, սակայն ի հայտ եկավ, որ սրահում էին համախմբված բավական մեծ թվով մարդիկ, որոնք սպասում էին «ՀՅԴ Բյուրոյի կողմից ուղարկված» մարդու հետ հանդիպման։ Հրավիրեցին բարձրանալ բեմ ու ինչ-որ պետք էր այդ խմբավորման ղեկավարությանը՝ փոխանցել: Փաստի առաջ կանգնելով՝ պարտավորվեցի հայտարարել 150-200 մարդու առջև՝ դուք դաշնակցականներ չեք, այս խմբավորումը ոչ մի կապ չունի ՀՅԴ-ին հետ, իսկ եթե ձեզնից որևէ մեկն ուզում է միանալ Դաշնակցությանը, անհատապես, առանձին-առանձին կարող եք ներկայանալ ՄՏԿ (Պլանի գլուխ) եւ գրավոր դիմում տալ Դաշնակցությանը, և կուսակցությունը, դիմումները մեկ առ մեկ քննելով, որոշում կկայացնի՝ ձեզ ընդունել շարքեր կամ մերժել ձեր դիմումը։

Սրահը պայթեց։ Աղմուկ, քաշքշուկ, հայհոյանքներ… Բնականաբար, Էդամի ու նրա մի քանի գործընկերների թիրախը ես էի, սակայն հավաքված մարդկանց մեծամասնությունը, անդրադառնալով որ իրենց խաբել էին (չգիտեմ որքան ժամանակով), ձայն էին բարձրացնում այդ խաբողների դեմ։

Մի կերպ դուրս եկա սրահից։ Դուրս գալ ինձ օգնեցին Ջանփոլադի ընկերներն ու Բագրատ Կանայանը (Դրաստամատ Կանայանի՝ զորավար Դրոյի եղբոր թոռը)` իր ընկերներով։

Իրենք իրենց Դաշնակցություն հայտարարած առաջին երկու խմբավորումները շուտով մարեցին. նրանց անդամներից որոշները ներկայացան ՄՏԿ եւ դիմում տվեցին՝ Դաշնակցությանը միանալու։ «Էդամի դաշնակներ»-ից ևս բավական մարդիկ ներկայացան ՄՏԿ. ոմանք փորձեցին խմբով միանալ Դաշնակցությանը, սակայն այդ առաջարկները մերժվեցին՝ բոլորը պարտավոր էին անհատապես դիմել կուսակցության շարքերին։

Էդամը շարունակեց գործել։ Նա զավթեց «Նաիրի» կինոթատրոնի շենքն ու այնտեղ հաստատվեց, ինչպես որ կարծում էր, թե զավթել է Դաշնակցության անունը։ Նա ոչ մի կապ չուներ Դաշնակցության հետ, սակայն նրա գոյատևումը նպաստում էր Հայաստանի՝ օրվա սասանվող կոմունիստ իշխանությանը, ինչպես նաև երկրի իշխանությունը գրավել պատրաստվող ՀՀՇ-ին, հավանաբար՝ նաև արտաքին ուժերին, սակայն Հայաստանում մարդ չկար, որ անծանոթ էր այս իրականությանը՝ բացառությամբ նրանցից, ովքեր փորձում էին ինչ-ինչ հաշիվներով անգետ ձևանալ …

Այսքանը՝ պարզապես ընդգծելու եւ հաստատելու համար ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյանի խոսքը, որ եթե պարոն Վիգեն Խաչատրյանը (կամ ուրիշներ) ժամանակին հանդիպել են երկու կամ չորս Դաշնակցության, կամ փորձում են այսօր էլ երկու կամ երեք Դաշնակցություն տեսնել հայկական իրականությունում, դրանցից միայն մեկը կարող է լինել Դաշնակցություն, որի հասցեն ու ղեկավարությունը ծանոթ են բոլորին։ Մնացյալը կարելի է վերագրել Դաշնակցությանն անծանոթ լինելուն կամ, չիմացություն ձևացնելով, քաղաքական էժան խաղեր խաղալու փորձի։

Ժ.Պ.

 

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica