close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ սպասել ԱԺ քննիչ հանձնաժողովից

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2019, 14:39
 Ի՞նչ սպասել ԱԺ քննիչ հանձնաժողովից

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ո՛չ արածն է երևում, ո՛չ անելիքը: Փոխարենը մենք ամեն օր համոզվում ենք, որ այդ հանձնաժողովի ստեղծումը ՀՀ իշխանությունների հերթական պոպուլիստական քայլն է՝ մի կողմից հանրությանը ցույց տալու, թե իրենք ինչ մեծ տեղ են տալիս ճշմարտությունների բացահայտմանը, իսկ մյուս կողմից էլ՝ վարկաբեկելու Ապրիլյան քառօրյայի ողջ ծանրությունն իրենց ուսերին տարած մարդկանց, որոնք պատերազմական իրավիճակներում գուցեև սխալներ են թույլ տվել:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը նաև վկայում է, որ ՀՀ օրվա իշխանությունները թյուր պատկերացումներ ունեն պատերազմի մասին՝ ընդհանրապես: Բանն այն է, որ պատերազմական գործողություններ սկսում և զինադադար են հաստատում ոչ թե զինվորականները, այլ կառավարությունները և դրանց ղեկավարները, այսինքն՝ քաղաքական գործիչները, երբ բանակցություններով այլևս սպառվում են խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները: Հավելենք նաև, որ պատերազմները հենց այնպես չեն սկսվում և պատահաբար էլ չեն դադարում: Պատերազմներին նախորդում են որոշակի իրավիճակներ, ի հայտ են գալիս նպաստող հանգամանքներ, իսկ պատերազմը դադարում է կա՛մ մեկ կողմի ջախջախմամբ, կա՛մ կողմերի համաձայնությամբ, երբ կտրուկ փոխվում են պատերազմին նպաստող իրավիճակները, և ի հայտ են գալիս կողմերին խաղաղություն պարտադրող հանգամանքներ:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ մինչ այս արած հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ «խումբն» իր առաջադրանքին բոլորովին այլ կողմից է մոտենում՝ հաշվի չառնելով, դիցուք, Ապրիլյան պատերազմին նախորդած իրավիճակներն ու այդ պահին առկա հանգամանքները, ինչպես նաև այն, թե ինչու այդ պատերազմը տևեց ընդամենը 4 օր և դադարեց երկկողմ համաձայնությամբ՝ Մոսկվայում: ԱԺ հանձնաժողովն այս հարցերը քննելու, հասկանալու փոխարեն (մեզ թվում է՝ հենց դա պետք է լիներ նրա առաջին գործը), թիրախավորել է բանակի և գլխավոր շտաբի՝ այն օրերի ղեկավարությանը և, դեմքի լուրջ արտահայտությամբ, ուզում է ցույց տալ, թե Ապրիլյան պատերազմի հանգամանքներն է ուսումնասիրում: Այլ խոսքով՝ հիշյալ հանձնաժողովի ստեղծման նպատակը և կատարած գործը 180 աստիճանով շեղված են միմյանցից:

Մամուլում բազմիցս նշվել է, որ սխալ է նման հանձնաժողով ստեղծել ԱԺ-ում, և որ այս հարցը պետք է քննել հատուկ, առավել մասնագիտական և քաղաքական նկրտումներից զերծ հանձնաժողովում: Բայց՝ ոչ, մեր իշխանությունները հանձնաժողովի ստեղծումը ներկայացրեցին որպես ԱԺ նախաձեռնություն և հենց ԱԺ «մասնագետներով» սկսեցին քննել Քառօրյան:

Չենք կարող ասել, թե երեսփոխաններն ուր են հասել իրենց ուսումնասիրություններում, բայց արդեն իսկ փաստ է, որ ռազմական գործի ճանաչված գիտակները, մեղմ ասած, հրաժարվում են համագործակցել մեր իշխանությունների կյանքի կոչած խորհրդարանական այդ «աննախադեպ» հանձնաժողովի հետ՝ պատճառաբանելով, որ իրենք չեն ցանկանում զբաղվել մի քաղաքականությամբ, որ դատապարտում է գեներալներին, հրամանատարներին, սպաներին, որոնք, իբր, սխալներ են թույլ տվել:

«Բնականաբար, սխալներ ճակատում լինում են, բայց դրանք հանցավոր չեն, իրավիճակն է այդպիսին: Ապրիլյանի դեպքում Ադրբեջանը դեպի առաջնագիծ էր տեղաշարժել իր ԶՈՒ 20 տոկոսը, իսկ նրանց առջև կանգնած են եղել առաջնագծի դիրքապահները, որոնք հերոսաբար կռվել են:Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել: Ի՞նչ են այնտեղ փնտրում: Եթե մարդը դավաճանում է, նրան դատում են, եթե մարդը պատերազմում է, բայց ավելի քիչ ուժ ունի, քան հակառակորդը, նրան չեն դատում, այլ աջակցում են, ուժ են տալիս, հնարավորություններ: Իսկ մեր տրամաբանությունն այլասերված է»,- «168 ժամ»-ին ասել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին իր հնարավոր մասնակցության հարցին:

Հավելելու շատ բան չունենք, բայց արժե թերևս նշել, որ հասարակությունը նույնպես առանձնապես մեծ սպասումներ չունի՝ կապված խնդրո առարկա հանձնաժողովի բացահայտումների ու վերջնական եզրակացության հետ: Այդ ամենի մեջ քաղաքական ենթատեքստի անխուսափելիության մասին է խոսքը: Ի վերջո, բոլորն են հասկանում, որ հանձնաժողովին առաջին հերթին հետաքրքրում են ոչ թե Ապրիլյան քառօրյայի բուն պատճառներն ու հանգամանքները, այլ «հավաստի» վկայություններ, որոնք «կհաստատեն» մերօրյա իշխանության առանձին բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Ապրիլյան պատերազմի հետ կապված անհիմն մեղադրանքներն ու գնահատականները:

Էդիկ Անդրեասյան

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica