close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայագիտական առարկաների դասավանդման հարցում «հակահեղափոխականներ» փնտրելը չի փրկելու իշխանությանը

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2019, 13:51
 Հայագիտական առարկաների դասավանդման հարցում «հակահեղափոխականներ» փնտրելը չի փրկելու իշխանությանը

Հայ հանրության շրջանում գլուխ բարձրացրած այն հարցը, թե անհրաժե՞շտ է, արդյոք, որ բուհական համակարգում հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդումը լինի պարտադիր, թե՞ այն պետք է թողնել բուհերի ղեկավարության խղճին, շատերին զարմացրեց, շատերը նաև զայրացան: Բնականաբար, այստեղ ևս արագ գործի անցան որոշ ստահակներ, որոնք, ինչպես միշտ, բնավ չմտնելով լուրջ բանավեճի մեջ և վերոնշյալ դժգոհ շրջանակներին անվանելով նեղ ազգայնականներ, հետադիմականներ ու կրթության առաջադիմական ծրագրերին անհաղորդներ, սկսեցին անվանարկել, ծաղրել ու վիրավորել սեփական հայրենակիցներին:

Հիշեցնենք՝ գործող օրենքի համաձայն՝ հայաստանյան բուհերում նշված առարկաների դասավանդումը երկու կիսամյակում պարտադիր է, որն ավարտվում է պարտադիր ստուգմամբ: Նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում այդ պարտադրանքը չկա, ինչը ենթադրում է, որ պետական և ոչ պետական բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում այդ առարկաների ուսումնասիրությունը հանվելու է դասացուցակներից:

Խնդրի շուրջ առաջացած աղմուկը իշխանական քարոզչամեքենան և դրան սպասարկող հասարակական ակտիվիստները փորձում են կապել «սև ու մութ ուժերի» կամ «հակահեղափոխականների» արհեստական հրահրումների հետ: Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ 2018 թ. իշխանափոխության և դրան հաջորդող շրջանում մեծ արդյունքներ տվող այս քարոզչական հնարքը գրեթե սպառել է իրեն, և հանրության մեջ ձնագնդի նման աճում է սթափ դատող մարդկանց թիվը: Նրանք այլևս չեն հավատում իշխանությունների՝ այսպիսի մանր խորամանկություններին և խոստովանում են՝ հասարակությունը գնալով ավելի ու ավելի զգայուն է դառնում, նրա մեջ սկսում են ավելի արագ գործել ինքնապաշտպանական պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսները, և այս ամենը նոր իշխանությունների՝ ազգային արժեքների հանդեպ ունեցած կասկածելի, երբեմն բացահայտ վտանգավոր դրսևորումների արդյունք է:

Նոր իշխանություններն ազգային պետության կառուցման հարցում գնալով վստահություն չեն ներշնչում հանրության լայն հատվածին, ինչի արդյունքում անգամ միս ու արյուն չստացած և գրեթե սաղմնավորման փուլում գտնվող ցանկացած նախաձեռնություն արդեն կասկածելի և վտանգավոր է համարվում: ԿԳՄՍ-ն, նրա հետ նաև իշխող քաղաքական ուժը այս հոգեբանական գործոնները վերլուծելու և հետևություններ անելու փոխարեն կրկին առաջնորդվում են տխրահռչակ «հին ավանդույթներով» և մտահոգ շրջանակներին անխնա պիտակավորում՝ նրանց գրեթե համարելով «ժողովրդի թշնամիներ»:    

Հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության՝ բուհական ոչ մասնագիտական շրջանակներում ուսումնասիրության ոչ պարտադիր լինելու օրենսդրական նախաձեռնությունը ևս դեռևս սաղմնավորման փուլում է, այդուհանդերձ, հասարակության բուռն արձագանքը, վերոբերյալ հոգեբանական գործոններից զատ, պայմանավորված էր նաև կոնկրետ իրողություններով. աշխատանքային տարբերակում բացակայում է ուսուցման պարտադիր լինելու մասին դրույթը, իսկ իշխանական և մերձիշխանական շրջանակների «գաղափարախոսները» սկսել են բուռն կերպով բարձրաձայնել, թե քիմիկոսին, բժշկին կամ ինժեներին ինչո՞ւ է պետք պարտադրել ուսումնառության առաջին շրջանում ուսումնասիրել հայագիտական նշյալ ոլորտները և հանձնել ստուգարքներ:

Նրանք, ովքեր ցանկանում են երևալ ավելի առաջադեմ, բերում են որոշ զարգացած երկրների օրինակները՝ պնդելով, որ ԱՄՆ-ի կամ այլ երկրների ոչ մասնագիտական բուհերից որևէ մեկում չի պարտադրվում ուսումնասիրել, օրինակ, ԱՄՆ-ի պատմությունը կամ անգլերենը:

Առաջին հայացքից դիպուկ և «ջախջախիչ» այս օրինակները կարելի էր անգամ ուշադրության չարժանացնել՝ դրանց զավեշտալի լինելու պատճառով, եթե դրանք խորքի մեջ խիստ վտանգավոր, ես կասեի՝ կործանարար տարրեր չպարունակեին:

Այդպիսի օրինակները շրջանառության մեջ դնողները կա՛մ զուրկ են հասարակագիտական տարրական գիտելիքներից, կա՛մ հայ հանրությանը գիտակցաբար փորձում են տեղափոխել կործանարար ուղու վրա:

Իրականում՝ հայտնի հասարակագետ-պատմաբանների ծիծաղը կարող է շարժել այն միտքը, թե կարելի է երկու տարբեր պատմական և հասարակական միջավայրերն արհեստականորեն հարմարեցնել մեկը մյուսին կամ առաջին միջավայրին նայել բոլորովին այլ՝ սեփական միջավայրի աչքերով:

Դա գրեթե նույն բանն է, որ Բագրատունիների Գագիկ Երկրորդ արքայի խնդիրը տեղափոխենք մերօրյա միջավայր՝ նրան անխնա մեղադրելով, թե ինչու չի գաղտնալսել Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձի հեռախոսազրույցները և դրանով չի կանխել Անիի բանալիների՝ Կոստանդին Մոնոմախին ուղարկելու՝ նրանց դավադիր քայլը: Կամ, ասենք, թե ինչո՞ւ 1799 թ. հակաֆրանսիական կոալիցիայի մեջ մտած Ռուսաստանի կայսր Պավել 1-ինը Սուվորովին Իտալական և Շվեյցարական հայտնի արշավանքների ժամանակ Ալպյան լեռներով անցնելիս չի տրամադրել մարտական ուղղաթիռներ:

Պատմական բոլորովին այլ դարաշրջաններ ու հասարակարգեր ապրած և հասարակական զարգացման բոլորովին այլ աստիճանում գտնվող, պետության հիմքերում բոլորովին այլ քաղաքակրթական արժեքներ ու հայեցակարգեր ունեցող այլ պետությունների միջավայրերը համեմատել Հայաստանի միջավայրի հետ, ավելին՝ այդ տեսանկյունից քննադատել կամ ծաղրել այն մարդկանց, որոնք տեսնում են այդ հսկա տարբերությունները, կա՛մ տգիտության և ողորմելի կեցվածքի դրսևորում է, կա՛մ պետության և հասարակության դեմ կազմակերպված հանցավոր գործողություն:

Այդպիսի շրջանակների «մերկությունն» ի ցույց դնելու համար հիշեցնենք պարզապես, որ ԱՄՆ-ում, որտեղ միգուցե պարտադիր չէ սեփական պատմության ուսուցանումը ոչ մասնագիտական բուհական շրջանակներում, չկա՛ որևէ մեկը, որ չիմանա, թե ով է եղել պետության հիմնադիրներից Ջորջ Վաշինգտոնը, Ռուսաստանում միգուցե չկա նման պարտադրանք, բայց այդ երկրում չկա՛ մեկը, որ չիմանա, թե ով է եղել Ռուսական կայրության հիմնադիր Պետրոս Առաջինը, Իտալիայի բուհերում միգուցե չեն դասավանդում պատմություն, բայց Իտալիայում չկա՛ մեկը, որ չիմանա, թե ով է եղել համազգային շարժման առաջնորդ, Իտալիայի վերամիավորման «կնքահայրերից» Ջուզեպպե Գարիբալդին, Թուրքիայում, որտեղ միգուցե ինժեները կամ քիմիկոսը բուհում չի հաճախում պատմության դասաժամերին, բայց չկա՛ մեկը, որ չիմանա, թե ով է եղել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

Ավելին՝ Ջ. Վաշինգտոնի, Պետրոս Առաջինի, Ջ. Գարիբալդիի և Մ. Քեմալի գերեզմանները համազգային ուխտատեղի են, և բոլոր երկրներում կարող ենք տեսնել պատմական այդ դեմքերի տուն-թանգարաններ կամ այլ խորհրդանշական հսկա կենտրոններ:

Իսկ որտե՞ղ, ո՞ր աստիճանում է գտնվում համեմատական երկրների այս շարքում Հայաստանը, և կրթական ծրագրերում սեփական պատմությունն «անտեսող» այս երկրների հետ համեմատվելիս այդ «հանճարեղները» երբևիցե հարց տվե՞լ են իրենք իրենց, թե Հայաստանում քանի՞ մարդ է ճանաչում հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին, փողոցում հարցվածներից քանի՞սը կարող է միանգամից պատասխանել այն հարցին, թե ո՞վ է Արամ Մանուկյանը, և սոցհարցման այդպիսի խայտառակ պատկերը տեսնելուց հետո էլի՞ կուզենան համեմատվել «պատմությանը տեղ չտվող» երկրների հետ: Բնականաբար, Արամ Մանուկյանն այստեղ հանդես չի գալիս որպես սոսկ պատմական խոշոր դեմք, և նրա մասին չիմանալը սոսկ «տեխնիկական վրիպակ» չէ. նա մեր պետության և պետականության խորհրդանիշն է, իսկ նրա հանդեպ մեր վերաբերմունքը լավագույս արտացոլում է այդ արժեքների հանդեպ մեր գիտակցության աստիճանը՝ դրանից բխող բոլոր հետևություններով:

Կարծում եմ՝ Արամ Մանուկյանի գերեզմանի պարագայում պետք է հարցում անել ոչ թե այցելելու, այլ Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը նրա գտնվելու վայրի իմացության մասին: Իսկ թե ինչ է կատարվում հանրապետության հիմնադրի տան հետ՝ ոչ թե բռնազավթված Արևմտյան Հայաստանում, այլ Երևանի սրտում, բոլորս ենք տեսնում:

Եվ սեփական պատմության, պետության և պետականության գիտակցության այս գաղջի, այս մղձավանջի մեջ մենք փորձում ենք համեմատվել այս ասպարեզի վերոնշյալ հսկաների հե՞տ:  

Այսքանից հետո բոլորովին հակված չեմ մեղադրել մեր հասարակությանը, որն այսպիսի արժեհամակարգի կրողն է: Ես լավագույնս գիտակցում եմ, որ ունեցել ենք այլ հասարակարգի առկայություն, պատմական բոլորովին այլ ընթացք, գիտեմ նաև, որ պետության և պետականության գիտակցության, պետականությունը մեր մեջ կրելու բարձր փիլիսոփայության ձևավորման համար պետք է աշխատանք, պետք է ժամանակ, պետք է հասունացում:

Հետևաբար՝ Հայաստանի կրթական ծրագրերը պետք է լինեն ուրույն, և լավ կլինի, որ ոչ թե կոնկրետ այս դեպքում համեմատվենք այլ պետությունների կրթական ծրագրերի հետ, այլ լայն բացենք մեր աչքերը և տեսնենք, թե ինչ պատմափուլեր են անցել այդ պետությունները և հասարակական գիտակցության ինչ աստիճանի վրա են այժմ:

Մեր կրթական քաղաքականությունը պետք է ծառայի այդ բարձր նպատակին:

Վահե Սարգսյան

       

 

 

     

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica