close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիական բանակը մտել է Ռաքքա և Քոբանի. թուրքական ներխուժման 7-րդ օրը

Տարածաշրջան

16 Հոկտեմբերի 2019, 17:37
 Սիրիական բանակը մտել է Ռաքքա և Քոբանի. թուրքական ներխուժման 7-րդ օրը

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերությունը հայտնում է, որ սիրիական կառավարական բանակի առաջնային ջոկատները մտել են հյուսիսարևելյան Ռաքքա քաղաքը (5 տարվա մեջ առաջին անգամ), որտեղ գտնվում էին քրդական զինված խմբավորումները. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Իսկ րոպեներ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ սիրական բանակը մտել է նաև Քոբանի քաղաքը:

Սիրիայի կառավարական ուժերն արդեն վերահսկողություն են սահմանել Թաբքա քաղաքի և մոտակա օդանավակայանի նկատմամբ, ինչպես նաև վերցրել են Եփրատի վրա գտնվող մի շարք կամուրջներ և երկու հիդրոէլեկտրակայան: Սիրիական զորքերը մտել են նաև Մանբիջ և դիրքավորվել այնտեղ գտնվող ամերիկյան ռազմաբազաներում, որտեղից օրեր առաջ հեռացել էին ԱՄՆ զորքերը:

Ռուսական զորքերն արդեն սկսել են պարեկություն իրականացրել Մանբիջում: Այդ մասին հայտնել է ռուսաստանցի սպաներից Սաֆար Սաֆարովը: «Մեր պարտականությունն է ցանկացած կրակի արձակման դեպքում բնակչության անվտանգությունն ապահովելը: Երբ ռուսական դրոշը երևում է, բախումներն ինքնըստինքյան դադարում են: Թուրքերն էլ, քրդերն էլ չեն ցանկանում մեզ վնասել»,- ասել է նա:

Էրդողանն արդեն այսօր հայտարարել էր, որ Մանբիջի՝ սիրիական ուժերին անցնելը այդքան էլ բացասական երևույթ չէ:

Հոկտեմբերի 9-ին սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերը համաձայնության են եկել Ասադի ղեկավարության հետ՝ համատեղ թուրքական առաջխաղացումը կանգնեցնելու համար: Ասադի զորքերն օրըստօրե հետ են վերադարձնում երկարատև արյունալի պատերազմների հետևանքով կորցրած տարածքները:

Տեղեկություններ են տարածվել, որ սիրիական հակամարտության գլխավոր դերակատարները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Սիրիա, Իրան, «Ռոժավան» (սիրիացի քրդեր), համաձայնության են եկել, ըստ որի՝ Թուրքիային թույլատրվել է առաջ գնալ սիրիական սահմանից դեպի երկրի ներսը 5 կմ խորությամբ, թեև Էրդողանը շարունակում է հայտարարել 32 կմ-ի մասին:

Թեև Թուրքիայի գործողությունները չգնացին սեփական սցենարով, այնուհանդերձ, թուրքական զինուժն ու նրանց օժանդակությունը վայելող իսլամիստական խմբավորումները շարունակում են ռմբակոծել ու դաժանություններ անել ինչպես քուրդ զինյալների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ: Թուրքամետ զինյալ խմբերը կրակ են բացել Ռաս  ալ Այնայի մոտակայքում գտնվող Ռեյհանիյա քաղաքի խաղաղ բնակչության վրա: Բազմաթիվ տեսանյութեր են տարածվում, որոնք ապացուցում են թուրքերի վայրագությունները: Դրանցից մեկում մի խումբ զինյալներ, քուրդ զինվորների գլուխները կտրելով, այն նվիրում են քրդերի դեմ պայքարում մահացած իրենց հայրենակիցներին: Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ն էլ տեսանյութ էին տարածել, որում երևում է, թե ինչպես է թուրքական զինուժի կողմից արձակված ռումբը ցերեկային ժամին ընկնում մարդաշատ փողոցի վրա: Ըստ քրդերի՝ դրա հետևանքով մահացել է 12 մարդ:

Հաղորդվում է, որ ռմբակոծվում է Սիրիայի հյուսիս-արևելքը, որը սահմանակցում է նաև Իրաքի հետ: Դերեքի շրջանը, որտեղ բնակվում են տասնյակ հայ ընտանիքներ, հայտնվել է գնդակոծության տակ: Բացի Սիրիայից, ռազմական բախումներ են  ընթանում նաև Իրաքյան Քուրդիստանում: Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» հաղորդում են, որ Հեֆթանըն և Խաքուրքե բնակավայրերի մոտակայքում  թուրքերը 23 զոհ են  տվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական ռմբակոծության հետևանքով 2 թուրք զինվոր է մահացել: Չի բացառվում, որ Էրդողանը նմանատիպ դեպքերը (որոնք գուցե իրականությանը չեն համապատասխանում) կօգտագործի կառավարական ուժեր-քրդեր նորաստեղծ դաշինքի դեմ:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ զինադադարի մասին խոսք անգամ գնալ չի կարող, մինչև որ «Սիրիայի հյուսիսը չմաքրվի ահաբեկիչներից»: Չնայած Էրդողանի կոշտ դիրքորոշմանը՝  ռուսական գործոնի պայմաններում նա չի համարձակվի անցնել Վաշինգտոնի և Մոսկվայի նախանշած «կարմիր գիծը»: Իսկ Բաշար  ալ Ասադի քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբան հայտարարել է, որ չի բացառվում՝ մոտակա ժամանակներում Սոչիում տեղի ունենա Սիրիա-Թուրքիա հանդիպում, որը հույսեր կարթնացնի սիրիական ճգնաժամի կարգավորման համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica