close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 11)

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2019, 15:26
 Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 11)

Է) Պայքար «ռուսահայ» գործիչների և «ռուսահայ» էութեան դէմ

Դաշնակցութիւնն ու հակադաշնակցականութիւնը խստօրէն զատորոշւում են նաև նրանով, որ առաջինն ունի համահայաստանեան և համահայկական զգացում ու գաղափարաբանութիւն, վերջինը գարշելի տեսակի հատւածամոլ է: Դաշնակցութեան երազած «Միացեալ և Անկախ Հայաստանը» միայն հողի պահանջ չէ, այլ ազգային ուժերի համադրման, ցեղի ցրուած զաւակների համախմբման, հայութեան քաղաքական և հոգեբանական առողջացման տենչանք:

Դաշնակցականը Հայաստանը պատկերում է մի և ընդհանուր, հակադաշնակցականը, Հայաստան ասելով, հասկանում է մերթ միայն Տաճկա-Հայաստան, մերթ՝ միայն Կիլիկիա, մերթ էլ՝ միայն Երևան: Դաշնակցականի ըմբռնումով աշխարհի բոլոր հայերը կազմում են միևնոյն ազգութեան նոյնագոյն բեկորները, հակադաշնակցականը սոյն բեկորները համարում է էութեամբ այլազան: Նա ասում է՝ «հայ» և «հայութիւն», սա՝ «ռուսահայ», «թուրքահայ», «պարսկահայ» և այլն: Նա ձգտում է համադրումի, սա իր էութեամբ պառակտիչ է: Դաշնակցականի համար ռուսահայ-տաճկահայ տարբերութիւնը քաղաքական-սահմանային է, հակադաշնակցականի ըմբռնումով՝ հոգեբանական-զգացումային:

Հակադաշնակցական են բոլոր նրանք, ովքեր ճմլւելով ռուսի և թուրքի ազդեցութիւնից՝ հոգեբանօրէն իրենց զգում են «ռուսահայ» կամ «թուրքահայ»:

Հոգեբանօրէն «ռուսահայ»-ի էությունը համակուած է ներքին ինքնառուսզգացութեամբ, հոգեբանօրէն «թուրքահայ»-ը, եթէ չի էլ գիտակցում, գէթ բնազդով կապուած է  թուրքական էութեան: Նա մարմնաւոր հայ է, հոգևոր՝ ռուս, սա մարմնաւոր հայ է, հոգևոր՝ թուրք: Երբ պատմութեան զանգը հնչում է, և ցեղն ուզում է իր ճակատագիրը դարբնել, նա դառնում է բոլշևիկ, սա՝ թուրքական լրտես կամ անգիտակցաբար թուրքի հացին կարագ քսող քաղաքական խեղկատակ, ներքին խառնակիչ:

Եւ ահա՛ մի անակնկալ: Մինչև երէկ այս ռուսահայն ու թուրքահայը զիրար ատում էին, որովհետև ցարական ռուսը և սուլթանական տաճիկը թշնամիներ էին, այսօր զիրար «սիրում են», որովհետև բոլշևիկ ռուսն ու քեմալական թուրքը զինակցել են: Այստեղ՝ հոգեբանական, եթէ կուզէք՝ ենթագիտակցական հիմքը թուրքա«հայ» հակադաշնակցականների և ռուսա«հայ» բոլշևիկների բարեկամութեան: Ռուսահայ բոլշևիկը սիրում է թուրքահայ հակադաշնակցականին, որովհետև վերջինս ասում է. «Ես Տաճկա-Հայաստան չեմ ուզում» (թուրքի ուզածը): Թուրքահայ հակադաշնակցականը սիրում է ռուսահայ բոլշևիկին, որովհետև սա ասում է. «Հայկական դատ այլևս չկայ, Խորհրդային Հայաստանը մեզ բաւարարում է» (ռուսի ուզածը):

Իսկ ի՞նչ է անում դաշնակցական հայը: Կովկասցի դաշնակցականն ասում է՝ «առա՛նց թուրքաց Հայաստանի չկա՛յ Հայաստան», գաղութաբնակ դաշնակցականը շեշտում է՝ «առա՛նց կովկասեան Հայաստանի չկայ Հայաստան», ասում են ու շեշտում և միասին ձգտում են «Միացեալ ու Անկախ Հայաստանին»:

Դաշնակցական այս համահայաստանեան և համահայկական մտածումը՝ հակադաշնակցական սինլքորին թւում է «ռուսահայ» էութեան պտուղ: Նա պայքարում է այս մտածումը ներկայացնող արևելահայ ցեղապաշտ գործիչների դէմ և քծնում իսկական ռուսահայերին՝ բոլշևիկներին: Պայքարում է, որովհետև չի ուզում Միացեալ Հայաստան, քծնում է, որովհետև ուզում է Հայաստանը տեսնել բաժանուած, յօշոտուած, չքացած:

 Գ. ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Իբր ամփոփում ասենք.

1.  Հակադաշնակցական շէյթանը խլուրդի պէս դեգերում է թուրքի և ռուսի բացած ակօսում: Ատում է մեզ, որովհետև մենք թշնամի ենք թուրքին և ռուսին: Իբր ցեղի թշնամիների գործակից՝ նա նրանցից ստացել է պայքարի մի տախտակ և յանձնառութիւն՝ մեր կեանքում շփոթ առաջ բերելու, մեզ ինքնամփոփւելու և նոր թափով կռւի պատրաստւելու կարելիութիւնից զրկելու դիտաւորութեամբ: Նա վէճ է ստեղծել, որպէսզի մեր ուշադրութիւնը ցրի:

2. Այս պայմաններում անհնար է «ազգային միացեալ ճակատ» ստեղծել: Ո՛չ մենք նրանց կգործակցենք, ո՛չ էլ նրանք՝ մեզ: Իւրաքանչիւրը պիտի գնայ իր ճանապարհով, իսկ վճիռը կտայ պատմութիւնը: Դաշնակցութիւնը մարմնացնում է հայ ցեղի տեմպերամենտը և ազգի քաղաքականօրէն դաստիարակուած զանգուածների հաւաքական մտածումը, իսկ պատմութեան մարզում ենթակայական դերակատարներն են՝ բարձր տեմպերամենտը և դաստիարակուած զանգուածը:

3. Հակադաշնակցական փոքրամասնութիւնը շերտաւորուած է՝ հոգեբանօրէն: Ցեղանենգ շէյթանականութիւնը ներկայանում է իբր անհատների մի խմբակցութիւն: Որքան էլ բոլշևիկ-հնչակ-ռամկավար-կղերական տարրերը հիմա շէյթանի չւանի տակն են խեղկատակում՝ չի նշանակում, որ նրանք բոլորը էութեամբ շէյթաններ են: Կայ մոլորուածների, երկչոտների, հարկադրուածների բազմութիւնը: Այդ բազմութիւնը խօսքի ու գրչի քարոզով չի դաստիարակւի, այլ յեղափոխական կենդանի և լայնածաւալ գործունէութեամբ: Քաղաքական պրոպագանդի տեսակէտից՝ մէկ ռումբի ձայնն աւելի՛ է դաստիարակիչ, քան մէկ միլիոն քիլոգրամ մրոտուած թուղթ:

Երբ ռումբի որոտը լսելի կը դառնայ նաև հակադաշնակցական մոլորուածին, նա կը հոգեփոխուի, կը լծուի յեղափոխութեան կառքին, կը թքի իրեն մոլորեցնող ցեղանենգ շէյթանի աչքերի մէջ և կը թքի զայրոյթի այնպիսի՛ թոյնով, որ նա կուրանայ:

4. Աշխարհը յղի է նոր կարելիութիւններով. մօտենում է փոթորիկի ժամը: Այս աշխարհում իշխում է պարբերակների՝ խմորումների և թռիչքների սկզբունքը: Աստուածը յոգնել է, թմրել, կախել է ականջները և յօրանջում է. աշխարհի անիւը խրուել է ցեխում, ճռնչում է և դուրս չի գալիս՝ խաղաղութիւն է:

Աստուածը կայտառացել է. հարբել է գինով և երգում է, երգում է և երկնում, երկնում է և ստեղծագործում, տիեզերքը հեծնել է իր երիվարը և սանձակոծում է. պատմութիւնը մի վայրկեանում դարերի վազք է անում, մարդը տենչում է, ձգտում, ուզում է յաղթել-յաղթահարել, բարձրանալ, բնաշրջումի մի նոր պարբերակ է բացւում, պտուղն հասել է ու վայր է ընկնում, և քաղաքակրթութիւնը նոր, ճակատագրական մի թռիչք է անում՝ պատերազմ է:

Հայութեան ճակատագրական թռիչքի ժամն է մօտենում: Պատրաստ: Մոլեգնօրէն: Տարերայնօրէն: Մեր ցեղի թշնամիների դիակները և հայ ցեղանենգ շէյթանների եղկելի հոգիները կոխկրտելով՝ մենք պիտի քայլենք դէպի Միացեալ և Անկախ Հայաստանի մեծ գաղափարի յաղթանակի արշալոյսը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica