close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 10)

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2019, 14:55
 Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 10)

Ե) Պայքար Միացեալ և Անկախ Հայաստանի «երազ»-ի դէմ

Այս աշխարհն այնպէս է, որ նրանում ցերեկ կայ և գիշեր, կեանք կայ և մահ, իրականութիւն կայ և երազ, առաքինութիւն կայ և լրբութիւն, շահերի անհաշտելի հակամարտութիւն կայ և ներդաշնակութիւն, ուրախութիւն կայ և տրտմութեան արցունք, խաղաղություն կայ և պատերազմ, յաղթութիւն կայ և պարտութիւն:

Յաղթականները ձգտում են ապահովել «շահած»-ի տիրապետումը, պարտուողները սգում են իրենց «կորուստ»-ը, տառապում են, փոթորկւում և երազում են կորցրածի վերանուաճումը:

Ֆրանսիացիները 1871-ին պարտւում են, կնքում «ամօթալի» մի դաշնագիր և յետ այնու, գրեթէ կէս դար, սգում են Ալզաս-Լորէնի կորուստը, տառապում են, փոթորկւում , երազում և մի օր էլ (1918-ին) հասնում են իրենց բաղձանքին:

Հայերը 1917-18-ին ստիպւում են իրենց վրայ վերցնել ռուս-տաճկական պատերազմի բեռը, շարունակում են կռիւը Թուրքիոյ դէմ, կորցնում են Տաճկա-Հայաստանը և Կարսը, բայց փրկում են Երևանը: Բաթումում ստորագրում են «ամօթալի» մի դաշնագիր, բայց ընդամենը 2 ամիս յետոյ, իրենց խորհրդարանի բացման առիթով, յաղթական թուրքին և գերմանացիներին ասում են. «Մեր երկրի սահմանները կընդարձակւեն կեանքի երկաթէ ուժով»: Եւ դրանից մի քանի ամիս յետո վերանուաճում են Կարսը, կանգնում են ամբողջ Տաճկա-Հայաստանը վերագրաւելու, Միացեալ և Անկախ Հայաստան ստեղծելու կարելիութեան առաջ:

Նոյն հայերը 1920 թուականին հարկադրւում են պատերազմել ռուս-թուրքական զինակցութեան դէմ, պարտւում են, կրկին կորցնում Կարսը և թուրքի առաջխաղացումը դէպի Երևան կասեցնելու, այնտեղ կենտրոնացած հայութեան գոյութիւնը փրկելու, երկրի մնացորդը նուազագոյն չարիք թուացող բոլշևիկներին յանձնելու համար, ժամանակ շահելու դիտաւորութեամբ, ստիպւում են ստորագրել Աղեքսանդրապոլի «ամօթալի» դաշնագիրը, բայց անմիջապէս էլ այդ յայտարարում են՝ արդիւնք բռնադատման, այսինքն՝ չեղեալ»:

Աւելին՝ երկու և կէս ամիս յետոյ՝ Փետրուարի 18-ին, նոյն հայերը ապստամբում են իրենց «հրաւիրած» բոլշևիկների դէմ՝ շուտով նաև Տաճկաստանը վրէժխնդրելու յոյսով: Բայց հայ-մեծամասնական այս պատերազմն էլ վերջանում է հայերի պարտութեամբ: Թուրքն ու բոլշևիկը մի տապանաքարով կնքում են Անկախ Հայաստանի իրական ծրագիրը, բայց նրա յարութեան յոյսն՝ իբր ներքին խռովք, շարունակում է ալեկոծել հայերի սիրտը, դրա համար էլ նրանք սգում են, դեգերում, որոնում, տառապում, փոթորկւում, երազում:

Այս է բնական կանոնը պատմագործ «ես»-երի հոգեբանութեան:

Աստուծոյ արևի  տակ, սակայն, սողոսկում  է խաւարածին մի չէակ, որ ո՛չ աղօթել գիտէ, ո՛չ օրհնել, ո՛չ կռւել գիտէ, ո՛չ յաղթել, ո՛չ երկնել գիտէ, ո՛չ ստեղծագործել. որով իր ազգակիցների պարտութեան դէպքում ո՛չ սգում է, ո՛չ էլ տառապում, ո՛չ զղջում է, ո՛չ էլ տենչում, ո՛չ փոթորկւում է, ո՛չ էլ երազում:

Հոգեբանօրէն հակադաշնակցական հայ տիպն է դա ՝ թշնամու խնդակիցը, չոր փաստերից խօսող «ռէալիստ» իմաստակը, որ տրամաբանում է. «Ձեռքը որ չես կարող կտրել՝ համբուրի՛ր և ճակատիդ դի՛ր»:

Սարսափի անասունն է որոճում նրա ոգում. այնտեղ, ուր փոթորկւել էր պէտք, նա կախում է ականջները և իր էութեան խեղճութեան յօրանջել տալիս.  «Միացեալ Հայաստանն արկածախնդրական մի ցնորք է. նա երբեք չի կարող իրականանալ»:

Այդ սինլքորի համար է, կարծես, Ֆաուստը մէջբերում իմաստունի խօսքը, թէ.

«Ոգիների աշխարհը չի գոցուած,

Քո զգայնութիւնն է փակ,

Քո սիրտն է մեռած»:

Մեռած է հակադաշնակցականի սիրտը, կտրուած են նրա երևակայութեան թևերը, և աշխարհի կարելիութեանց դուռը նրան թւում է յավիտենօրէն փակ: Նա չի հասկանում, որ «փակ» դուռը բախում են, եթէ չբացուի՝ բանալի են գործադրում, եթէ բանալին էլ չօգնի՝ խորտակում են: Նա ջղայնանում է մանաւանդ այս «խորտակում են» բառից, տնկում է իր յիմարութեան կոտոշները և զառանցում. «Դաշնակցականները չեն կարող թուրք-բոլշևիկեան պատնէշը խորտակել, Միացեալ և Անկախ Հայաստանը չի կարող լինել»: Զառանցում է և այնքա՛ն տգէտ է, որ կարծում է, թէ դիմացինը անծանօթ է ա՛յն ճշմարտութեան, թէ «չի՛ կարող խորտակել», «չի՛ կարող լինել», հոգեբանօրէն թարգմանւում է՝ «չեմ ուզում, որ խորտակուի», «չեմ ուզում, որ լինի»:

Դաշնակցական.- Ինչո՞ւ չես ուզում:

Հակադաշնակցական (ինքն իր մէջ).-  Որովհետև, քո իսկ որակումով, ինքս ցեղանենգ հրէշ եմ. շէյթանի և ցեղիդ թշնամու գործակիցը, քո և ցեղիդ փառքը չհանդուրժող սրիկան:

Մի չեզոք.- Հապա՛, ի՞նչ պիտի լինի մեր հայկական գործերի վերջը:

Հակադաշնակցական (հայ հանրութեան).- Մենք ոչի՛նչ կարող ենք անել. ազգը սպառուած է, ողորմելի  խլեակներ ենք, ինքզինքնիս կորցրել ենք, խաղաղութեան և հանգստի պէտք ունինք:  

Ալաշկերտի Եոնջալու գիւղում Բադէ անունում կաղ մի մարդ կար: Ինչ-ինչ պատճառներով Բադէն թշնամանում է իր մերձաւորներից մէկին: Մի օր քիւտերը կրակ են ձգում այս մերձաւորի կալը: Ոտքի է ելնում ողջ գիւղը և ճգնում է հրդեհը կղզիացնելով մարել: Գիւղացիները, սակայն, զարմանքով նշմարում են, որ Բադէն, օգտւելով ընդհանուր իրարանցումից, կրակից զերծ խուրձերը նետում է բոցի մէջ, իսկ կրակուածները փախցնելով՝ տանում է դէպի միւս դէզերը: Նրանք զարհուրած ճչում են՝ Բադէ՛, ի՞նչ ես անում: Բադէն պատասխանում է՝ եղբայրնե՛ր, ես էլ չգիտեմ՝ ի՞նչ եմ անում, սրտիս ցաւից ինքզինքս կորցրել եմ:

Բադէի «սրտի ցաւով» է բռնւել հակադաշնակցական «ազգասէր»-ը. նա ճգնում է լրացնել հրձիգ թշնամու գործը, մոխրացնել մեր կալը և արդարանում է ՝ «ինքզինքս կորցրել եմ»: Քնի աւետարան է կարդում նա՝ «մեզ խաղաղութիւն է պէտք և հանգիստ», գիտէ, որ հայրենազուրկ և թափառական մարդը ո՛չ խաղաղութիւնից կարող է օգտւել, ո՛չ էլ հանգստություն վայելել, բայց քուն է քարոզում, որպէսզի իր զինակից օտար գայլն իսպառ խեղդի հայկական հօտը՝ «բոլշևիկը Հայաստանի պահապան շունն է»:

Ա՜խ, սրիկայ, դու էլ մեր պահապան էշն ես, բայց հէնց որ կռւի ձայն ես լսում, վախից պորտդ ընկնում է:

Ընկած է արդէն մտքիդ պորտը. սոսկում ես Միացեալ Հայաստանի մեծ երազից, որովհետև զգում ես, որ մեծ երազները մեծ գործեր են պահանջում, մեծ զոհողութիւններ:

Մանրագործ ուգուդ քսութիւնն արդարացնելու համար խանդավառւում ես փոքրիկ իրականութիւններով և զառանցում՝ «կեցցէ՛ Խ. Հայաստանը»:

Լսի՛ր, սինլքո՛ր, կեցցէ՛ Մեծ Հայաստանը, որ չի՛ կարող 28.000 ք.քլմ. տարածութեամբ և 900 000 հայ բնակչութեամբ իր գոյութիւնը յարատևել, որ չի՛ կարող Մասիս լերան, Անի քաղաքի, Վանայ լճի, Արածանի գետի, Մշոյ դաշտի թրքացման և իր միլիոնաւոր որդիների թափառումի և նւաստութեան մտքին հաշտուել, որ չի՛ կարող հայ ցեղի դահիճներից մէկի իշխանութիւնը և միւսի «բարի» հարևանութիւնը Արաքսի ափին հանդուրժել:

 Չի՛ կարող, լսի՛ր:

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica