close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավտոդպրոցից՝ հոգեբուժարան. Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը չի ընդունում ՄԻՊ գրասենյակի արձանագրած խախտումները

Հասարակություն

14 Հոկտեմբերի 2019, 18:16
 Ավտոդպրոցից՝  հոգեբուժարան. Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը չի ընդունում ՄԻՊ գրասենյակի արձանագրած խախտումները

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնն ի սկզբանե ծավալվել է ավտոդպրոցում՝ ոչ տիպային, անհարմար ու չափերով շատ փոքր կառույցում: Տարիներ շարունակ ասվել է, որ սա հոգեբուժարանին համարժեք շենք չէ. Yerkir.am-ին ասաց կենտրոնի տնօրեն Նադյա Բաղդասարյանը, որը մեծ մասամբ համամիտ չէ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետների եզրակացությանը, որ կենտրոնում խախտումներ են արձանագրվել: 

Տնօրենի խոսքով՝  իր աշխատանքային գործունեության ընթացքում պարսպապատել են շենքը, վերանորոգել սանհանգույցները, սակայն տարածքը մեծացնել  հնարավոր չի եղել: Այժմ մարզպետարանի տրամադրած 24 մլն դրամով բաժանմունքներն են հիմնանորոգում.  արձանագրված խախտումների մի մասը՝ գերբնակեցվածություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, ընթացող շինարարական աշխատանքների հետևանքն են: 

«Երբ փորձագետները մշտադիտարկում են արել, մեզ մոտ ոչ նորմալ բիոռիթմ է եղել: Եթե իմանայի, որ նրանց կողմից որոշ հարցեր կարող են որպես խախտում գնահատվել, կարող էի տեղում պարզաբանում տալ: Ամբողջ 35 մահճակալանոց բաժանմունքի հիվանդներին տեղավորել ենք 12 մահճակալ տարողությամբ նարկոլոգիական բաժանմունքում: Նրանք, որպես թերություն, արձանագրել են, թե մահճակալները՝ յուրաքանչյուրը, տեղադրված են 2 քմ-ում: Իմաստ կա՞ր, որ շինարարության ժամանակ դա ստուգվեր: Կողապահարանների մի մասն էլ, իրար վրա հավաքված, միջանցքներում է դրված եղել»,- ասաց տնօրենը:

Հարցին՝ արդյո՞ք տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են, ինչպես ասված է ՄԻՊ-ի գրության մեջ, Նադյա Բաղդասարյանն արձագանքեց՝  հիվանդները լավ են սնվում, թեև միս ուտում են չափաբաժնով, ոչ ամեն օր: Ամեն հիվանդի սննդի և դեղորայքի համար օրական 1500 դրամ է տրվում, հետևաբար՝ «օսետրինա կամ մեղր գնել չեն կարող»:

«Ամսվա 22 օրն ենք սննդակարգում միս ներառել ենք: Որևէ փաստաթուղթ կամ պահանջ չունենք, որ հիվանդին ամեն օր պարտադիր է  միս ու կաթ տալ: Հետևաբար՝ ինչպե՞ս են նրանք դա խախտում համարել: Օրինակ՝  պահանջվում էր հավի միս 30 գրամ տալ, հիվանդները դժգոհում էին, որ այն ճաշի մեջ չի երևում: Մենք էլ 30 գրամի փոխարեն 100 գրամ ենք տվել, փոխարենը եղել են օրեր, որ միս չեն կերել»,- պարզաբանեց տնօրենը:

Բաղդասարյանը հակադարձեց  նաև, որ կենտրոնում հիգիենիկ պարագաները բացակայում են, ասաց՝  հիվանդներին տալիս են որպես օգնություն ստացած պարագաները, ավելորդ գումար չեն ծախսում:

«ՄԻՊ-ի փորձագետները գրել են, թե բացօթյա զբոսանքի  տետրակները պատշաճ լրացված չեն, այո՛, դա ընդունում եմ, քանի որ ամեն հիվանդի չենք կարող ստիպել գրել՝ այսօր ես այսինչ զգացողությունն ունեմ, հետևաբար՝ դուրս գնալ չեմ ուզում: Կամ ասում են, թե հիվանդների նպատակային զբաղվածությունն ապահովելու համար միջոցներ չեն ձեռնարկվել, այնինչ՝ մենք սենյակում կազմակերպվող խաղերի բոլոր տեսակներն ունենք, իսկ արհեստագործական սենյակների հնարավորություն չկա: Իհարկե, շատ թերություններ կան և լինելու են, սակայն որոշ բաներ չենք կարող որպես խախտում որակել, փոխարենը՝  հոգեբուժարանի համար կարող են նոր, տիպային կառույց պահանջել»,- ամփոփեց կենտրոնի տնօրենը: 

Բաղդասարյանը հայտնեց՝  արձանագրված խախտումներն անպատասխան չի թողնելու, գրություն կուղարկի և՛ ՄԻՊ-ին, և՛ Շիրակի մարզպետարան:

ՄԻՊ գրասենյակը կենտրոնում առկա խախտումների վերաբերյալ գրությունն ուղարկել է ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից  Yerkir.am-ին հայտնեցին, որ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնն իրենց ենթակայության տակ չի գործում: Ստուգումներ իրականացնողն ու վերահսկողը Աշխատանքի տեսչական մարմինն է, ինչպես նաև մարզպետարանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: 

«Այս պահին չեմ կարող ասել, թե այս գրությունն ինչու է մեզ ուղարկվել, քանի որ մենք այնտեղ վերահսկող ֆունկցիա չունենք: Եթե խախտում կա, դա տեսչական մարմինը կամ ՏԿԵՆ-ը պետք է արձանագրեն, հետագայում ընթացք տան: Մենք քաղաքականությունը մշակողն ենք, սակայն վերահսկողություն չենք իրականացնում»,- հայտնեց ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: 

ՄԻՊ գրասենյակից այս պահին չեն արձագանքում կենտրոնի տնօրենի ասածին, որ արձանագրված թերությունները խախտում համարել չի կարելի: Նշում են՝ իրենց մատնանշած խնդիրները միանշանակ առկա են:

«Խնդիրը լուծելու  ուղղությամբ աշխատանք է տարվում, այսինքն՝  միայն պարզաբանումներ չենք տալիս, դրանք ուղարկում ենք վերահսկողություն իրականացնող մարմիններին, արձանագրված խնդիրները տեղում քննարկում ենք տնօրինության հետ, ապա լուծումներ առաջարկում: Սա գործընթաց է, որը պարբերաբար ենք իրականացնում»,- ասաց ՄԻՊ խոսնակ Նունե Հովսեփյանը:

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica