close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն – 4

Քաղաքական

14 Հոկտեմբերի 2019, 17:37
 Հայ դիվականության պատմություն – 4

Խոսքն այն իրադարձությունների մասին է, որոնք նախորդեցին ավելի ուշ ծավալված դեպքերին, որոնք դեռեւս անուն չունեն եւ որպես հասարակական եւ պատմական ողբերգություն դեռեւս սահմանված չեն։

Այդ իրադարձությունը կոչեցին հայկական,չնայած նրան,որ քաջ գիտակցում եմ,որ գրեթե նույն ժամանակ տեղի ունեցած մոլդովական,ռուսաստանյան,ուկրաինական եւ այլ ողբերգությունները շատ նման էին միմյանց,ուստի նրանց ազգային պատկանելությունը շատ բան չի բացատրում եւ,հավանաբար,անհրաժեշտ է այդ բացատրությունների համար որոնել այլ չափանիշներ։ Այնուամենայնիվ,պնդում եմ «հայկական» ածականի վրա,քանզի այդ հասկացությունն իր մեջ պարունակում է սկզբունքային կշիռ,որը կապ ունի մեր ազգային նկարագրի հետ,որի մասին մենք արդեն հիշատակել ենք։

Մեր ազգային նկարագրի բնորոշ գծերը վառ եւ շատ բացահայտ կերպով արտահայտվում են իշխանավորների մոտ,ինչը հատուկ ուղղություն տվեց առարկայական գործոնների ազդեցությանը (դրանցից շատերը,ըստ էության,հայկական չէին եւ նրանց առարկայական լինելը կասկածելի էր),որոնք ոչնչացնում էին «չարիքի կայսրությունը»,բայց հետագայում պարզվեց,որ ղեկավարվում էին հենց Կրեմլից։

Միայն Հայաստանում կարող էր հայտնվել եւ 14 տարի միայնակ ղեկավարել այնպիսի մի անձնավորություն (միայն վերապահություններով կարելի է քաղաքական դեմք համարել),ինչպիսին էր Կարեն Դեմիրճյանը, մի մարդ,որը մեծահոգի էր ու զգույշ, ուներ լայն մտահորիզոն եւ զուրկ չէր քաղաքական հոտառությունից։ Նա կարող էր համակրանք առաջացնել,բայց կարող էր լինել նաեւ լկտի,ինչը հաստատվեց 10 տարի անց,երբ կրկին վերադարձավ իշխանության։ Նա տնտեսվար էր,բայց ոչ քաղաքական գործիչ,նրա նկարագրի ստրկական արտահայտությունները միշտ նկատվում էին իշխանության բուրգի գագաթում լինելու բոլոր ժամանակներում։ Նա կրթված էր,կարդացած եւ,բազմաթիվ վկայությունների համաձայն,երբեմն հանդես էր գալիս գեղարվեստասերի դիրքերից։ 80-ական թվականների կեսերին հայ քաղաքական վերնախավին նա ամբողջովին զրկեց բովանդակությունից՝ դարձնելով այն հլու-հնազանդ մի գորշ հոտ՝ ներշնչելով սեփական մեծամտությունը,ինքնավստահությունը եւ անդաստիարակությունը։

Քաջ հայտնի է, որ պալատականները դավաճանելու հակում ունեն,բայց ընդունակ չեն ինքնասպանության։ Եվ նրանց մեջ (որ հազարավորներ էին) չգտնվեց մեկը, որ կարողանար ու ցանկություն ունենար խոսելու փողոց դուրս եկած մարդկանց հետ, որոնք 1988թ. ընդամենը հուզված էին սեփական համարձակությունից,սակայն դեռ չէին դարձել մոլեռանդներ։

Պաշտոնյաները մի մարդու  նման փակվեցին իրենց գրասենյակներում եւ սպասում էին,սպասում… Այդ ժամանակ եթե ոչ տրամաբանությունը,ապա գոնե ինքնապահպանական բնազդը, մորթապաշտությունը պետք է հուզեին նրանց,որ տեղի է ունենալու ոչ սովորական խռովություն,որից նրանք չէին վախենում, որովհետեւ համոզված էին,որ այլասերված,խաբեբա ու թալանչի վերնախավին փոխարինելու է մեկ այլ տգետ,բարդույթներով ապրող,լկտի ու ագահ խավ։ Մտավոր կարողություններով չփայլող  նախկին նոմենկլատուրան կորցրել էր իր անասնական հոտառությունը եւ նրան կարելի էր հասկանալ,որ հավատում էր նոր ղեկավարի գալստյանը։ Այդ մասին բոլորը փսփսում էին եւ իրար հասկացնում,որ նոր իշխանության գալուստն անխուսափելի է։ Փսփսոցները տեւեցին 1.5 տարի,իսկ «իմաստունների» շարքում էր Սուրեն Հարությունյանը։ Ս. Հարությունյանը նախկինում Կոմկուսի Կենտկոմի բաժնի վարիչ էր,իսկ այժմ նստած էր վարչապետի տեղակալի աթոռին՝ ծանրաբեռնելով քսերոպատճենահանողներին տարբեր ծրագրերով եւ կենտրոնական մամուլին ուղղված հրատարակություններով։ Իսկ իրականում նա իր թիմը հավաքում էր նոմենկլատուրայի միջին մակարդակի անձանցից,որոնք դժգոհ էին իրենց պաշտոններից,նեղացած էին զորավոր Դեմիրճյանից,որը չկարողացավ գնահատել նրանց վարչական կարողություններն ու տաղանդը։

Կատարվածն այնքան էր հիշեցնում լավ պատրաստված բեմադրություն,հանդիսատեսը եւ դերասաններն այնքան էին համոզված,որ իրենք այդ բեմադրության խորամանկ ու փորձված մասնակիցներն են,որ ոչ մեկի մտքով չէր անցնում,թե բեմադրության ավարտին հրապարակ կիջնեն գլխավոր դերեր կատարող նոր դերասաններ։

Բազմաթիվ տպավորություններից փոքր-ինչ շշմած կուսակցական եւ պետական գործիչներին իրենց ղեկավարները համառորեն ուղարկում էին հրապարակներ ու փողոցներ,իբր թե անաչառ տեղեկություններ հավաքելու նպատակով (պարզապես ապուշ նախաձեռնություն),իսկ իրենք՝ այդ գործիչները,չէին հասկանում,թե ում էր պետք այս աղմուկը եւ ահագին ջանքերը մի փոքր հանրապետության առաջին քարտուղարին պաշտոնազրկելու համար։ Նրանց թիվը շատ չէր (անպետքներին ու տականքներին,անշուշտ,չէին հավաքագրում),բայց նրանց երեսներից  թափվում էր ինքնահավանությունը,նրանց դեմքերին կար այնպիսի արտահայտություն,թե իրենք ամեն ինչից տեղյակ են,մաս են կազմում այդ իրադարձություններին եւ միշտ կարողանում են ճիշտ ընտրություն կատարել։ Հանուն արդարության պետք է նշել,որ կոմերիտմիության նախկին կապուտաչյա ղեկավարի հետ մարդիկ իսկապես կապում էին որոշ հույսեր հասարակական կյանքը վերանորոգելու հարցում։ 15 տարի նա պտտվում էր ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի շուրջը եւ նրան համարում էին նուրբ քաղաքագետ,որն ընդունակ է մաքրել դեմիրճյանական ախոռները։ Բոլորը հասկանում էին փոփոխությունների անխուսափելիությունը, եւ դա հենվում էր մի շարք լուրջ փաստերի վրա, որոնք վկայում էին,որ Դեմիրճյանի գահը վտանգված է։

Ամեն ինչ սկսվեց սովորական թվացող մի դեպքից,որը տեղի ունեցավ Հայաստանի Գրողների միության համագումարում։ Գրողների միության ղեկավարը տարիներ շարունակ Դեմիրճյանի երիտասարդ տարիների մտերիմ ընկեր Վարդգես Պետրոսյանն էր։ Համագումարում Վ. Պետրոսյանի տեղակալ,ոմն Նորայր Ադալյան, արեց մի շողոքորթ հայտարարություն,որը հոմերական ծիծաղ առաջացրեց գրեթե ամբողջ Խորհրդային Միությունում։ Ըստ այդ ծիծաղելի հայտարարության՝ «վերակառուցումը»՝ որպես այդպիսին, սկսվել է ոչ թե 80-ական թվականների երկրորդ կեսին եւ ոչ թե Մոսկվայում, այլ շատ ավելի առաջ, Հայաստանում,իսկ նախաձեռնողը ինքը՝ Կարեն Սերոբի Դեմիրճյանն էր։ Արդյոք համաձայնեցվա՞ծ էր այս հայտարարությունը Կարեն Դեմիրճյանի հետ։ Եթե նույնիսկ համաձայնեցված չէր (ինչը շատ կասկածելի է),հավանաբար,այդ միտքը նրան շատ դուր եկավ եւ նրա թույլտվությամբ հանձնվեց մամուլին։ Իսկ հետո համապատասխան մեկնաբանություններով,փաստերով ու գովեստներով հայտնվեց Մոսկվայի հսկիչների սեղանի վրա։ Նրանք չէին սիրում Դեմիրճյանին,որովհետեւ Դեմիրճյանը, ի տարբերություն մյուս հարավային հանրապետությունների ղեկավարների,քծնելու սովորություն չուներ։    

Պատրվակը նկատվեց հարմար եւ,համապատասխանորեն խմբագրվելուց հետո, հռչակավոր միտքը վերարտադրվեց ՄիխայիլԳորբաչովի կողմից,որը «վերակառուցման» գլխավոր հեղինակն էր։ Վերակառուցումը՝ որպես պատմական իրադարձություն,հետագայում բազմիցս դատապարտվեց ու անիծվեց,բայց այն ժամանակ բոլորի համար իդեալ էր,կուռք,երկրպագության առարկա եւ այլն։ Այն արտահայտությունը,որ անկեղծ ծիծաղ առաջացրեց բոլորի մոտ,ուրախացրեց բոլորին,բացի Գորբաչովից ։ Գորբաչովը վիրավորված զգաց իրենից պատմական առաքելությունը խլելու փորձից եւ խիստ հարձակում գործեց Հայաստանում տիրող անբարենպաստ կացության վրա՝ նշելով,որ Հայաստանում տիրող քաղաքական ու բարոյական մթնոլորտն անընդունելի է։ Դժվար է հավատել,բայց Հայաստանն այդքան քննադատելու համար ուրիշ որեւէ լուրջ պատճառ գոյություն չուներ։       

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica