close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան իրականացնում է Աթաթուրքի «Ազգային ուխտը»

Տարածաշրջան

11 Հոկտեմբերի 2019, 19:59
 Թուրքիան իրականացնում է Աթաթուրքի «Ազգային ուխտը»

Շարունակվում է Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական օպերացիան: Հոկտեմբերի 9-ին մեկնարկած լայնածավալ ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ պատերազմ վարելու՝ թուրքական մեթոդներն առանձնապես չեն փոխվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հյուսիսից հեռանալու որոշումից հետո սիրիացի քրդերը մնացին միայնակ ահեղ թշնամու դեմ: Թեև մեզ են հասնում թուրքական և քրդական իրարամերժ տեղեկություններ, այնուհանդերձ, ակներև է, որ թուրքական զինուժը կարողանում է առաջընթաց գրանցել:

Երեկ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում կոչ էր արվում բոլոր քրդերին՝ միավորվել՝ ի պաշտպանություն սիրիացի քրդերի, իսկ օրեր առաջ Իրաքյան Քուրդիստանի նախկին նախագահ Մեսուդ Բարզանին օգնություն էր խնդրել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովից: Այս ամենը, կարծես, նախանշում է, որ, չնայած ունեցած տարաձայնություններին, քրդերը հնարավոր է միավորվեն:

Yerkir.am-ը հարց ուղղեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանին՝ արդյո՞ք հնարավոր է, որ Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի քրդերը միավորվեն, և ռազմական գործողությունները տարածվեն նաև Թուրքիայի հարավարևելյան շրջաններում: Նա պատասխանեց, որ դա շատ դժվար է՝ հաշվի առնելով, որ քրդերն ունեն տարբերություններ՝ ինչպես կրոնական, այնպես էլ լեզվական: «Համաքրդական միավորումը, որի մասին խոսում են, չի ստացվում և դժվար թե ստացվի: Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի ժամանակ նույնիսկ չկար այդ միասնականություն: Կամ, օրինակ, Թուրքիայում քրդերի պայքարի ժամանակ ոչ բոլորն էին կողմ ռազմական լուծմանը: Նույն Բարզանին Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունի»,- նշեց թուրքագետը:

 

Չնայած այս ռազմական գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի սառը դիրքորոշմանը, այնուհանդերձ, այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունների հետևանքով հնարավոր է, որ քրդերի կողմից պահվող իսլամիստ ծայրահեղականները հայտնվեն ազատության մեջ, ինչը դարձյալ տարածաշրջանը պայթյունավտանգ կդարձնի:

«Թուրքիայի ռազմական գործողությունները պետք է դիտարկել ավելի գլոբալ համատեքստում՝ հաշվի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական հեռահար ռազմավարական ծրագրերը: Դրանցից է, այսպես կոչված, Մեծ Թուրքիա ստեղծելու տեսլականը, որը եթե այսօր թվում է անիրականանալի, սակայն գտնվում է թուրքական վերնախավի ուղեղներում, այդ մասին խոսվում է մամուլում, հայտարարվել է դրա մասին. 2023 թ. Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին այդ «Մեծ Թուրքիայի» ծրագրերը պետք է իրականություն դառնան»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Barış Pınarı-Խաղաղության ակունք» օպերացիայի նպատակներին:

Ըստ բանախոսի՝ վերջին տարիներին արդեն բացահայտ ձևով թուրքական որոշ շրջանակներ չեն թաքցնում, որ կասկածի տակ են առնում Լոզանի պայմանագրի դրույթները, ըստ որոնց այժմ գծված են Թուրքիայի սահմանները, և անընդհատ վկայակոչվում են «Ազգային ուխտը», որը գտնվում է այժմյան Թուրքիայի հիմքում:

Նշենք, որ «Ազգային ուխտի» ակունքներում կանգնած է Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը: «Ազգային ուխտը» սկզբունքների համախումբ է, ըստ որի՝ պետք է ձևավորվեին Թուրքիայի սահմանները Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Ըստ այդ սկզբունքների՝ որի մասին թուրքական ղեկավարությունը տասնամյակներ ի վեր խոսում է, Թուրքիայի սահմանները պետք է դուրս գան Լոզանի համաձայնագրի կետերից: Համաձայն ուխտի՝ Թուրքիան հյուսիս-արևմուտքում պետք է ներառի ամբողջ Թրակիան, Կիպրոս կղզին ՝ամբողջությամբ, Իրաքի հյուսիսային շրջանները՝ Մոսուլը ներառյալ, Սիրիայի հյուսիսը, Նախիջևանը, Հայաստանից մի հատված, Բաթումի շրջանը: Թուրքիան վաղուց է դուրս եկել Լոզանի գծած տարածքներից. 1938 թ. բռնակցել է Ալեքսանդրետի (Հաթայ) սանջակը, իսկ 1974 թ. ներխուժել Կիպրոս՝ զավթելով կղզու 36 տոկոսը:

Այն, ինչ անում է Թուրքիան Սիրիայի հյուսիսում, արդեն արել էր դեռևս 81 տարի առաջ Սիրիայի մեկ այլ երկրամասի՝ Ալեքսանդրետի նկատմամբ: Հետևողական քաղաքականության շնորհիվ Թուրքիային հաջողվեց երկրամասում ապահովել թուրքական հսկայական ներկայություն, որից հետո հանրաքվեով տարածքը դուրս եկավ Սիրիայի կազմից, այնուհետև միացվեց Թուրքիային: Իսկ արդեն մի քանի տարի Թուրքիան Սիրիայի հյուսիսում զբաղված է տարածքի թուրքացմամբ. բացվում են ուսումնական հաստատություններ, արաբերենին փոխարինում է թուրքերենը, ամենուրեք Էրդողանի և Աթաթուրքի նկարներն են, Թուրքիայի դրոշը. երկիրը  տասնամյակներ շարունակ գործադրում է «փափուկ ուժի» քաղաքականությունը՝ ապագայում մի շարք տարածքներ բռնակցելու համար: Թուրքիայի հետագա ծրագրերի մեջ, անխոս, մտնում է նաև Բաթումի շրջանը, որտեղ թուրքական ներկայությունն արդեն զգացնել է տալիս իրեն՝ դպրոցներ, մզկիթներ, համալսարաններ, բիզնես-կենտրոններ, հասարակական օբյեկտներ:

Ինչպես կավարտվի թուրքական արկածախնդրությունը Սիրիայում, դժվար է ասել, սակայն միջազգային հանրության նման պահվածքը կարող է էլ ավելի գրգռել մեր արևմտյան հարևանի ախորժակը,  ինչն էլ կարող է հանգեցնել տարածաշրջանային երկարատև անկայունության:

Արգամ Եղիազարյան

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica