close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 9)

Քաղաքական

11 Հոկտեմբերի 2019, 16:58
 Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 9)

Ե) Սևացում Դաշնակցութեան արկածախնդրական անցեալի

Հ.Յ. Դաշնակցութեան վերելքն սկսւեց 1896-97 թթ., երբ այս կուսակցութիւնը  «Բանկ Օտտոմանի» գրաւման և Խանասորի արշաւանքի «արկածախնդրութեամբ» փորձեց լուծել հնչակեանների ցուցարարական գործունէութեան հետևանքով կոտորուած 300 000 հայերի, Աւետիսեանի հետ զոհուած 1000-ի չափ «արմենական» երիտասարդների, հնչակեան Մարտիկի, դաշնակցական Պետօի վրէժը և յուսահատութեան մատնուած հայ զանգուածներին, բարբարոսութեամբ ամբարտաւանացած թուրքին և անտարբերօրէն սակարկող Եւրոպային հասկացրեց, թէ հայ յեղափոխական կրակը ո՛չ միայն չի մարւել, այլև հրդեհը նո՛ր է բոցավառւում: Ինչպէ՞ս եղաւ, որ «արկածախնդրական» այս ակտերով Հ.Յ. Դաշնակցութիւնը ճմլեց կասկածամիտ և զգուշաւոր հայ ժողովրդի սիրտը և յետայնու հանդիսացաւ հայ քաղաքական դատի և հայ յեղափոխութեան միակ դրօշակիրը, անգամ՝ դադարեց  «կուսակցութիւն» լինելուց և ամբողջ Մեծ Հայքի սահմաններում դարձաւ համաժողովրդական հոգեբանութիւնը:

Ռուս կառավարութիւնը 1903-ին որոշեց գրաւել հայ եկեղեցական կալուածները: Ինչպէ՞ս եղաւ, որ Անդրկովկասի ամբողջ հայութիւնը միացաւ Դաշնակցութեան կազմակերպած «արկածախնդրական» ընդդիմութեան:

Սասունում 1904-ին պայթեց ապստամբութիւնը: Ինչպէ՞ս եղաւ, որ դաշնակցական այս «արկածախնդրութեան» ղեկավարներից հայդուկ Անդրանիկը դարձաւ հայոց ազգի ամենաժողովրդական դէմքը՝ Լեգենդար հերոսը:

Ռուս կառավարութեան դրդումով 1905-06 թթ. ոտքի ելաւ Անդրկովկասի թաթարութիւնը: Դաշնակցութիւնը կազմակերպեց հայ ժողովրդի ինքնապաշտպանութեան և թաթարութիւնն ու ցարական հայանենգ պաշտօնէութիւնը պատուհասելու «արկածախնդրական» գործը: Ինչպէ՞ս եղաւ, որ Անդրկովկասի հայ մտաւորականութիւնը, հոգևորականութիւնը, ժողովրդի հարուստ և աղքատ, քաղքենի և գեղջուկ խաւերը՝ բոլորը, բոլորը, զինուորական կատարեալ կարգապահութեամբ հետևեցին դաշնակցական հրամանատարների, խմբապետերի, մարմինների հրահանգներին, իսկ աշուղներն երգեցին դաշնակցական խմբերի և հերոսների մարտական փառքը:

Համաշխարհային պատերազմով պայմանաւորւեցին Թուրքիոյ հայերի մեծ աղէտը, երկրի հայութեան  մի շարք յուսահատական, այլ հերոսական ընդվզումները և Կովկասի հայոց կամաւորական շարժումը: Ինչպէ՞ս եղաւ, որ դաշնակցական Վասպուրականի «արկածախնդրական» ապստամբութեան միացան Վան քաղաքի ռամկավարները, իսկ դաշնակցական կամաւորական «արկածախնդրական» շարժման՝ նաև հնչակեանները:

Ահարկու փլուզումներից յետոյ՝ 1917-ին, տեղի ունեցան «Համառուսական Սահմանադիր ժողով»-ի ընտրութիւնները: Ինչպէ՞ս եղաւ, որ Անդրկովկասի հայութիւնն իր ձայների 95%-ը՝ 558 400 քուէ, տւեց «արկածախնդիր» Դաշնակցութեան:

Նոյն՝ 1917-ի աշնան բոլշևիկացած Ռուսաստանը լքեց Հայաստանի ճակատը: Դաշնակցութիւնը կազմակերպեց հայութեան ինքնապաշտպանութեան «արկածախնդրական» գործը: Ինչպէ՞ս եղավ, որ  1918-ի Մայիս 28-ին հիմք դրւեց Հայաստանի Հանրապետութեան:

Զարհուրելի սովից ու համաճարակից յետոյ՝ 1919-ին, տեղի ունեցան Հայաստանի պարլամենտի «արկածախնդրական» ընտրութիւնները: Ինչպէ՞ս եղաւ, որ Հայաստանի տառապած հայ զանգուածներն իրենց ձայների 97%-ը՝ 230 272 քուէ, տւին Դաշնակցութեան: (Հնչակ չկար ու չկայ Հայաստանում, իսկ ժողովրդական-ռամկավարները ստացան 481 քուէ):

1920 թ. ռուսը վերադարձաւ Անդրկովկաս և, միացած թուրքին, որոշեց չքացնել Միացեալ և Անկախ Հայաստանի ծրագիրը և բաժանել մեր երկիրը: Դաշնակցութիւնը դիմեց հայրենիքի սահմանները պաշտպանելու «արկածախնդրութեան»: Ինչպէ՞ս եղաւ, որ հայ զանգուածները, խռովքի մատնւելով, ոտքի ելան Ռուսաստանի և Թուրքիոյ դէմ:

Վերջապէս, նոյն՝ 1920 թ. աշնան ընկաւ Կարսը: Նոյեմբերի վերջին Աղեքսանդրապոլում և Երևանում միաժամանակ կնքւեցին երկու «արկածախնդրօրէն» ողբալի համաձայնագրեր՝ հայ-թուրքական և Դաշնակցական-մեծամասնական: Պարտուած երկիրը բաժանւեց թուրքերի և ռուսների միջև: Ինչպէ՞ս եղաւ, որ այդ դէպքերից ընդամենը երկու և կէս ամիս յետոյ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, փոթորկելով Հայաստանի հայութիւնը, երկնեց Փետրուար 18-ի համաժողովրդական փառահեղ ապստամբութիւն՝ իր ետևից քաշելով նաև ռամկավարները, հնչակեանները, սոց. դեմոկրատները, սոց. յեղափոխականները:

1921 թ. գարնան Երևանը կրկին անցաւ ռուսների ձեռքը, իսկ նոյն տարուայ ամռան դաշնակցականները, առանց կռւի, խրոխտ Զանգեզուրը յանձնեցին բոլշրիկներին, սակայն՝ այս գաւառը Խ. Հայաստանին և ոչ թէ Ադրբէյջանին միացնելու «արկածախնդրական» պայմանով: Եւ այդ օրից (գրեթէ 13 տարի) բոլշևիկներն իշխում են Հայաստանում: Ինչպէ՞ս եղաւ, որ կազմակերպուած բոլշևիկների թիւը Հայաստանում մէկուկէս անգամ աւելի՛ քիչ է, քան բանտերում և աքսորավայրերում տառապող դաշնակցականների, որ խորհրդային իշխանութեան բռնազբօսեալ «հմայքը» գոյութիւն ունի միայն արտասահմանի ցեղուրացների համար, մինչ երկրի զանգուածների ոգում իշխում է մի ուժ, որ բոլշևիկների որակումով կոչւում է Դաշնակիզմ:

Ինչպէ՞ս եղան այս բոլորը:

Մտքով սինլքորների համար՝ շա՛տ պարզ եղանակով՝ «արկածախնդրօրէն»:

Մտքով սինլքորը նա չէ, որ միայն տգէտ է, այլ նա, որ նա՛և անբարոյ է: Նմանի մեղքը նրանում չէ, որ իր մտածման ճառագայթները կարճ են, այլ նրանում, որ նրանք վատասերուած են: Նմանը կոյր չէ, այլ մրասէր, հիւանդ չէ, այլ լպիրշ, յիմար չէ, այլ զրանենգ:

Նա հասկանում է, անշո՛ւշտ, որ Դաշնակցութեան պէս ահարկու տեմպերամենտով օժտուած մի հոսանք չէր կարող բռնազբօսիկ միջոցներով ամբողջ մի ցեղի կեանքի անիւը շարժել: Նա գիտէ, որ այնքան փլուզումներ և պատմական զարհուրելի փոթորկումներ ճաշակող Մեծ Հայքի (բուն Հայաստնաի) ամբողջ ժողովուրդը չէր կարող «արկածախնդրութեան » շնորւիվ կապուած լինել Դաշնակցութեան: Նա այնքան էլ յիմար չէ և կարող է ըմբռնել, որ համազգային մի կազմակերպութիւն, առանց զանգուածների ընդհանուր տրամադրութեանց հաշւառման, չէր կարող յեղափոխական երկարատև գործունէություն ունենալ: Նա գիտէ, որ Հայաստանի ժողովուրդը՝ գրեթէ 98 %-ով, երկրագործների մի զանգուած էր, իսկ ժողովուրդը, մանավա՛նդ՝ երկրագործ ժողովուրդը, իր էութեամբ ո՛չ թէ «արկածախնդիր» է կամ «արկածասէր», այլ ինչպէս ասում են ՝ «տասը չափող, մէկ կտրող»: Նա գիտէ, որ Դաշնակցութեան խարիսխը հէնց այս երկրագործ զանգուածներն էին, նրա հայդուկները՝ հայ գիւղացիները: Նա կարող է եզրակացնել, որ Դաշնակցութիւնը երկրի հայութեան համար հայրենի հողի խորհուրդի, իր սեփական գոյութեան կռահումի, իր ցեղայնութեան, իր կրօնական զգացման սրբասարսուռ համադրութիւն էր:

Հասկանում է, գիտէ, յիմար չէ, կարող է ըմբռնել, բայց եզրակացնում է՝ «արկածախնդրութիւն»:

Ալաշկերտի Թոփրագ-Գալէի դպրոցում Բաղդասար անունով չարաճճի մի տղայ կար: Բաղդասարը ճանաչում էր տառերը, գիտեր բառեր կապել, բայց երբ խնդիրն իր անուան կգար՝ ամբողջ գիտցածները քամուն կտար:

Մի օր նորեկ ուսուցիչը հրահանգում է.

- Բաղդասա՛ր, անունդ կապի՛ր:

- Պարո՛ն, տիւն-այբ-մեն-տամ՝ Բաղդասար:

Զարմացած ուսուցիչն ամբողջ կէս ժամ աշխատում է ուղղել Բաղդասարի սխալը, բայց չարաճճին մինչև վերջ ապուշ է ձևանում և անվերջ  կրկնում՝ «տիւն-այբ-մեն-տամ՝ Բաղդասար»:

Բաղդասարի մեթոդով են վարւում հակադաշնակցականները: Նրանք ծանօթ են պատմութեան «այբ ու բեն»-ին, գիտեն որոշ բառեր կապել, բայց հէնց որ մօտենում են հայոց «յեղափոխութեան», ապուշ են ձևանում և այդ սրտաճմլիկ բառը կապում ու կարդում են «արկածախնդրութիւն»:

Բաղդասարը չարաճճի մի տղայ էր, իսկ ի՞նչ է հակադաշնակցականը՝ լրբացած մի երեխա՞յ:

Միջագետքից 1922-ին Հայաստան ներգաղթող Վասպուրականի Նարեկ գիւղացի պառաւ մի կնոջ հետ խօսելիս կատակով հարցրի.

- Նանի՛, Հայաստան հասնելիս ի՞նչ պիտի անես, բոլշևի՞կ պիտի դառնաս:

Աներևակայելի ցնցումի մատնւեց պառաւի ողջ էութիւնը. խեղճը զարհուրանքով աղաղակեց.

- Հաւա՛ր, լաօ՛, ի՞նչ կասես, ընչի՛  (ինչու) ես քի՞ւրտ եմ, ընչի՛ ես ռամկավա՞ր եմ:

Մի օր էլ մեր գիւղացի Ասօին հարցրի, թէ ի՞նչ է նշանակում «հնչակ»:

Խնդաց և պատասխանեց.

- Հնչա՞կ. վանեցիք և խլաթցիք կըսեն «խնչակ», մենք կըսենք «պնչակ»: Հնչակ-խնչակ-սատանի պնչակ:

Նարեկացի պառաւի և մանաւանդ մեր գիւղացի Ասօի այս տգեղ, կոպիտ, այլ պատկերաւոր բնորոշումները մեզ կռահել են տալիս ո՛չ միայն հայ շինականների դաշնակցական ոգու խորքը, այլև մատնանշում նրանց նախազգալու բարձր կարողութիւնը: Հայաստանի գիւղացիները զզւում էին ռամկավարներից և հնչակներից, չնայած որ միայն Վան քաղաքում մի քիչ «ռամկավարներ» կային, իսկ հնչակները մեր աշխարհում լապտերով էին փնտռում: Բացի այդ՝ հին հնչակեանները ազգասէր մարդիկ են եղել, իսկ Վանայ ռամկավարները հայրենասիրական զգացումից զուրկ չէին:

 Բայց ինչո՞ւ էին զզւում, ինչո՞ւ ատում. արդեօք ա՞յլ պատճառով, քան այն, որ նախազգում էին, թէ մի օր «հնչակ-ռամկավար» անուններով պիտի խորհրդանշուի հայոց ցեղանենգ շէյթանականութիւնը:

Շարունակելի

Ալիևը կայցելի Թուրքիա
18 Նոյեմբերի 2019, 15:31 Ալիևը կայցելի Թուրքիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica