close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրդերին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ հայերին՝ 1915-ին. թուրքական ներխուժման երկրորդ օրը

Տարածաշրջան

10 Հոկտեմբերի 2019, 18:59
 Քրդերին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ հայերին՝ 1915-ին. թուրքական ներխուժման երկրորդ օրը

«Իմ կարիերայի մեջ առաջին անգամ ամոթ եմ զգում: Ականատես եմ եղել Թուրքիայի վայրագություններին: Անվտանգության բոլոր համաձայնություններին քրդերը համապատասխանում էին: Քրդերը մեր օգնությունն են խնդրում, իսկ մենք ոչինչ չենք անում: Թուրքերին այս սահմանից ոչ մի վտանգ չէր սպառնում: Սա խենթություն է»,- հայտարարել է Սիրիայում գտնվող ամերիկացի զինվորականներից մեկը, որի հետ FOX News-ի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել:

Իսկ թուրքական Euronews-ի լրագրող Էնիս Գյունայդընը հայտնում է, որ ամերիկացի մի այլ զինվորական էլ իրեն ասել է. «Չեն հասկանում խնդիրը: Որոշման հետևանքներից տեղյակ չեն: Էրդողանը իսլամիստ է: Խելքը գլխին մարդ չէ»:

Օրեր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ դուրս է բերում ամերիկյան զորքերը հյուսիսային Սիրիայից, իսկ երեկ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Էրդողանը հայտարարեց «Barış pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: Միջազգային մամուլը հաղորդում է, որ արդեն այսօր հայտնի է դարձել, որ մի քանի հարյուր ամերիկյան զինվորականներ Սիրիայի հյուսիսից անցել են Իրաք:

Երեկվանից արդեն տեղեկություններ են հասնում թուրքական վայրագությունների վերաբերյալ: Թուրքերը շարունակում են ռմբակոծել Ռաս ալ Այն, Քամիշլի, Հասաքե և մի շարք այլ բնակավայրեր, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Գիշերը թուրքերը և նրանց աջակցությունը վայելող ջիհադականները հարձակումներ են գործել խաղաղ բնակիչների վրա: Հայաբնակ Քամիշլիի վրա իրականացված հարձակումների ժամանակ ավերվել են ազգային փոքրամասնությունների սրբատեղիները, արդեն հայտնի է 4 ասորիի մահվան մասին:

Թուրք պատմաբան Օքթայ Բոզանը թուրքական «A Haber» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ սիրիացի քուրդ բնակչությանը սպասվում է նույն ճակատագիրը, ինչ հայերին՝ 1915 թ.:

Ցերեկը հայտնի դարձավ, որ Թուրքիայի աջակցությունը վայելող՝ այսպես կոչված, «Սիրիայի ազատ բանակը» (մոտ 14.000 զինյալ) միացել է թուրքական զինուժին: Արաբներից և սիրիացի թուրքմեններից կազմված զինված միավորումն արդեն մտել է Եփրատ գետի արևելյան շրջանները:

Թուրքերը նույնպես ունեն կորուստներ. լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերության տվյալներով՝ սիրիացի քրդերի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ բախումների հետևանքով թուրքերն արդեն տվել են 14 զոհ: Ըստ հեռուստաընկերության՝ քրդերը հետ են մղել թուրքերի հարձակումները, նաև հաջողվել է խոցել թուրքական 4 տանկ խոցել:

Թուրքիան, նախքան ներխուժումը, բազմիցս էր հայտարարել, որ, երկրի անվտանգության նկատառումներով, անհրաժեշտ է Սիրիայի հետ ձգվող սահմանից (911 կմ) վերացնել ահաբեկիչներին: Ահաբեկիչ ասելով՝  Էրդողանը նկատի չունի ԻՊ մնացուկներին. Սիրիայի քրդերը երկրում ունեն կիսաանկախ կարգավիճակ և չեն ենթարկվում Ասադի կառավարությանը: Նախքան թուրքական հարձակումը՝ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերը, ինքնավարություն ստեղծելով Թուրքիայի հետ սահմանին, Իրաքյան Քուրդիստանի հետ կարող են լուրջ ազդակ դառնալ Թուրքիայի հարավի համար, որի գերակշիռ մասը քրդերն են: Էրդողանը նախ և առաջ վախենում է Մեծ Քուրդիստանի ստեղծումից: Սակայն Էրդողանի համար գործն այնքանով է հեշտանում, որ ցեղախմբերից բաղկացած քրդերը միասնական չեն: Յուրաքանչյուր ցեղապետ ձգտում է ինքը դառնալ ընդհանուր շրջանի ղեկավար: Բացի այդ՝ միակ մարդը, որն ի վիճակի է միավորել իրաքյան, թուրքական, և սիրիական քրդերին, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանն է, որը գտնվում է թուրքական Իմրալը բանտում: Երեկ նշմարվեցին քրդերի միավորման առաջին կայծերը: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Իրաքյան Քուրդիստանի նախկին և Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Մեսուդ Բարզանին  խնդրել էր, որպեսզի Ռուսաստանը օգնություն ցուցաբերի սիրիացի ազգակիցներին:

Ռուսաստանի արձագանքն ավելի քան հակասական է. Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հասկանում են Թուրքիայի մտահոգությունները՝ երկրի անվտանգության ապահովման առումով: Ռուսաստանը կոչ է անում Անկարային և Դամասկոսին՝ երկխոսության գալ, ինչպես նաև գոհունակություն հայտնում, որ Թուրքիան համամիտ է Մոսկվայի այն մտահոգությունների հետ, որ ռազմական գործողությունները պետք է տեղի ունենան Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով:

Իսկ սիրիական ճգնաժամի լուծմամբ զբաղվող Աստանայի ձևաչափի մյուս երկիրը՝ Իրանը, ավելի կոշտ է արձագանքել Թուրքիայի գործողություններին: Իրանը պահանջել է Թուրքիայից՝ անհապահ դուրս բերել զորքերը սիրիական հողերից:

Միջազգային արձագանքը նույնպես չի գոհացնում Թուրքիային. ԵՄ-ն և անդամ երկրները խստորեն դատապարտել են Թուրքիայի գործողությունները: Արաբական երկրները նույնպես պահանջել են Թուրքիայից՝ դուրս գալ արաբական պետություն համարվող Սիրիայից: «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ղեկավարներից Իլհամ Ահմեդը դիմել է ԵՄ-ին՝ Թուրքիայից դեսպաններին հետ կանչելու խնդրանքով:

Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիան սեփական անվտանգությունն ապահովելու խնդիր ունի (ահաբեկիչներ, փախստականների խնդիրներ), բայց հույս  է հայտնել, որ Թուրքիայի գործողությունները կլինեն համաչափ:

Էրդողանն, իր հերթին, սպառնացել է ԵՄ-ին, որ, եթե իր գործողությունները որակվեն որպես բռնազավթում, ապա կբացի իր սահմանները փախստականների համար, որոնք կհոսեն դեպի Եվրոպա:

Ներխուժումը Սիրիա ևս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիան հետևողականորեն շարունակում է պանթյուրքական ծրագիրը: Թուրքիան կարողացել է 80 տարվա ընթացքում, ամբողջ աշխարհի լռելյայն համաձայնությամբ, բռնակցել իրեն չպատկանող հողեր: 1938 թ. Սիրիայից խլվեց Ալեքսանդրետի (Հաթայ) սանջակը և միացվեց Թուրքիային: 1974 թ. Թուրքիան ապօրինաբար ներխուժեց Կիպրոս՝ բռնազավթելով կղզու 36 տոկոսը: Հետագա տարիներին Թուրքիան փորձում էր նույն բանն իրականացնել ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում, որի առաջին քայլերն արդեն անում է: Անշուշտ, թուրքական ախորժակը չի պատրաստվում հագենալ և հետագա տարիներին դարձյալիր մասին կհիշեցնի ինչպես մեզ, այնպես էլ մեր հյուսիսային հարևաններին:

Արգամ Եղիազարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica