close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+7°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն – 2

Քաղաքական

10 Հոկտեմբերի 2019, 17:18
 Հայ դիվականության պատմություն – 2

Նախերգանք

Ժամանակակից հայերը իրենց մեծամասնության մեջ ինքնաքննադատող նկարագիր ունեցող մարդիկ են,բայց նրանց ինքնաքննադատությունն ունի մի հատուկ առանձնահատկություն. այն գրեթե ամբողջովին բացակայում է անհատական մակարդակի վրա եւ ուղղված է դեպի դուրս,դեպի իրենց հայրենակիցների,կամ հայի ինչ-որ հավաքական կերպարի,ըստ էության՝ ազգի վրա։

Անշուշտ,այս հանգամանքը «ինքնաքննադատություն» հասկացության օգտագործումը դարձնում է փոխաբերական,մանավանդ բառի առաջին մասի,եթե չասենք՝ամբողջությամբ օգտագործելու իմաստով։ Բայց մեր ազգային նկարագիրը կրող յուրաքանչյուր անհատ (արտասահմանցին առայժմ թող հավատա մեր խոսքին),առանց խղճի խայթ զգալու կհաստատի,որ այդ երեույթը,այնուամենայնիվ,պետք է կոչվի «ինքնաքննադատություն»,այլ ոչ թե «քննադատություն»,քանի որ ազգը հայի համար վերացական հասկացություն չէ,այլ շոշափելի իրականություն,որի մեջ գոյություն ունեն տվյալ անհատը,նրա ծնողները եւ նախնիները,երեխաները եւ ժառանգորդները,որոնք միաձուլված են ընդհանուր ճակատագրով։ Այնպես որ,այդ հավաքականությունից առանձնացնելով ինքն իրեն (առաջին հերթին) եւ որեւէ ուրիշ անհատի,հայը խորապես գիտակցում է,որ կոտրատվում է, այն էլ սովորականի պես,ճիշտ այնպես,ինչպես վարվում են ամբողջ աշխարհով մեկ սփռված նրա ավելի քան 8 միլիոն ցեղակիցները։

Իմ կողմից նշեմ,որ այդ ոչ յուրօրինակ կոտրատվելը,որը վերջին հաշվով վեր է ածվում սեփական ցեղային պատկանելությունից հրաժարվելու ձգտումին,նույնպես մտնում է համընդհանուր խաղի օրենքների մեջ եւ կազմում ինքնահիացման գաղտնի առարկան,այս անգամ արդեն առանց կոտրատվելու։ Հայի տրամաբանությունը հետեւյալն է՝ այո,մեր ազգային նկարագրին բնորոշ են  բազմաթիվ անխուսափելի թերություններ,որոնք տարածվում են բոլոր հայ անհատների վրա։ Բայց եթե ես գիտակցում եմ այդ թերությունները,ուրեմն ես սովորական հայ չեմ եւ զուրկ եմ այդ արատների մեծ մասից,ուստի կարիք չունեմ ինձ փոխելու։

Այդպես էլ ձեւակերպվում է սերունդների մտայնությունը ահա արդեն 300 տարիների ընթացքում։ Տրամաբանությունից զուրկ այս տարօրինակությունը պետք է շատ լուրջ ուշադրության արժանանար,շփոթության մեջ գցեր եւ մտահոգեր ազգային էությամբ զբաղվող մեր հոգեբաններին,քանզի այդ տարօրինակությունը ձեւակերպվում է մոտավորապես այսպես. «Ես այս ազգի մասնիկն եմ,բայց ես իմ տերն եմ,իսկ ազգը ինքն է իր տերը»։  Այստեղից էլ գալիս է այն ժխտողականությունը,որով ներծծված է հայ մարդու կյանքը,նրա ամբողջ գիտակցությունը,վարքագիծը։ Հայը չի ճանաչում իր հայրենակիցներից ոչ մեկի առավելությունն իր համեմատությամբ՝ ո՛չ մտավոր,ո՛չ գործնական,ո՛չ նույնիսկ գեղարվեստական,ո՛չ առավել եւս՝ վարչական ասպարեզներում։

Ամեն մի հայ համոզված է,որ ինքը երկիրը կարող է կառավարել շատ ավելի լավ,քան գործող որեւէ ղեկավար։ Նրա համար բոլոր ղեկավարները ճակատագրի սիրեցյալներ են,բախտախնդիրներ ու դուրս պրծուկներ,որոնց նա (ՆԱ) ճակատագրի բերումով ստիպված է ենթարկվել։ Հենց այդ անարժան ղեկավարներին է ուղղված բացառապես «մեր» հայկական բողոքը,թե հայերը չեն կարողանում եւ երբեք էլ չեն կարողացել սեփական անցյալից դասեր քաղել։

Ոմն Պետրոսյանի,Գրիգորյանի եւ ուրիշ մեկի շուրթերից դուրս եկած այս պնդումն ունի հետին միտք,որն ուզում է հավատացնել ներկաներին,որ եթե ինքը լիներ ղեկավարը,անկասկած կքաղեր այդ դասերը…

Եվ վերջապես,գրեթե բոլոր  հայերի բարձր պահանջատիրությունը նույնքան առարկայական իրականություն է,որքան որ նրա բնածին վարչական մերժողականությունն է ու անիշխանությունը։

Դրա հետ միասին,հայրենիքից դուրս,օտարության մեջ հայը ենթարկվում է բոլոր տեղացիներին եւ ենթարկվում է մեծ պատրաստակամությամբ։ Նույնիսկ սեփական իշխանավորներին,եթե նրանք օտար են,հայը ենթարկվում է սիրով։

Հայերի մեծ մասին չի վերաբերում Տոլստոյի հայտնի միտքն այն մասին,որ անհատը կոտորակի պես մի բան է,որի համարիչը ցույց է տալիս,թե ինչ է իրենից ներկայացնում մարդը իսկ՝ հայտարարը, թե ի՞նչ է մտածում տվյալ անհատն ինքն իր մասին։   Եթե որեւէ մեկը փորձի նման հետազոտություն կատարել,ապա կպարզի,որ հայերն ամբողջովին հայտարարի մարդիկ են,որ նրանց հայտարարը ձգտում է անվերջության,իսկ համարիչը բնականորեն մնում է համամարդկային վիճակագրական մակարդակի վրա։ Իսկ դա նշանակում է,որ հայ մարդուն բնորոշ կոտորակը բաղկացած կլինի զրոներից։ Այստեղից էլ գալիս է հայերի հավերժական դժգոհությունը իրենց վիճակից…

Անհատների վերնախավի գայթակղությունները եւ հետաքրքրությունները դուրս չեն գալիս իր կամ ազգականի համար «յուղոտ» պաշտոններ ձեռք բերելու սահմանից,խժռելու եւ հարբելու ցանկությունից,այլասերումից ու իրենց պրիմիտիվ ցանկությունների բավարարման պահանջներից։

Հայ մարդու ատելությունը սեփական ազգային նկարագրի նկատմամբ վառ արտահայտություն գտավ այն անհերքելի փաստի մեջ,որ ազգային նկարագրի համազգային ատելության բերումով,հայ մարդիկ ահա արդեն 10 տարի քաղաքական բեմի վրա խաղում են ձանձրալի ու զզվելի, տրամաբանությունից զուրկ մի խայտառակ բեմադրություն,այն ժամանակ,երբ մյուս նախկին խորհրդային հանրապետություններում, հավանաբար,բացի Կենտրոնական Ասիայի երկրներից (ճիշտ հակառակ պատճառներով) արդեն փոխվել են քաղաքական գործիչների երկու սերունդ։

Սա մեր քաղաքական մտածելակերպի ամենավատ տեսակի բթամտությունն է,որը պարունակում է վախկոտություն,հարմարվողականություն եւ քաղքենիություն։ Ես ինձ  թույլ եմ տալիս այնքան երկար եւ մանրամասնորեն խոսել այս մասին,քանզի համոզված եմ,որ շատ փորձանքներից մենք կարող էինք խուսափել, եթե մեր հասարակության մեջ առավելություն չունենային վարքագիծ ծնող բացասական հոգեբանական երեւույթները։ Կասկածից վեր է,որ մեր հայրենակիցների մեջ կան բազմաթիվ դաստիարակված,մշակույթով ապրող,ազնիվ,կարգապահ,խիղճ եւ պատասխանատվություն ունեցող մարդիկ,որոնք մտահոգված են ազգի եւ երկրի ճակատագրով։ Ավելին,տոկոսային հարաբերությամբ նրանք,հավանաբար,չեն զիջում որեւէ մեկ ուրիշ ազգի։ Բայց դժբախտությունը նրանում է,որ այսօր նրանք չեն (իսկ այդպես եղե՞լ է որեւէ ժամանակ) որոշում հասարակության դեմքը,ձեւավորում հասարակական կարծիքը,կազմում իշխանության բուրգը (գոնե իշխանությունների սխալները եւ հիմարությունները շտկելու դերում)։

Ինչպես վկայում են վերջին հասարակական եւ քաղաքական ցնցման արդյունքները (իսկ նման ցնցումներ որքան են եղել 2 հազար տարիների ընթացքում ),մտավորական հայերի մեծ մասը ՝ նախաձեռնողները,մասնագետները,իսկական քաղաքագետները,մի խոսքով,ակտիվ զանգվածը առաջին իսկ իրարանցումների ժամանակ գերադասեց արտագաղթել սեփական երկրից,առանց ամբոխի մակարդակի վրա իջնելու եւ առանց հակադրվելու ամբոխի կողմից առաջ քաշված մարտունակ տգետներին։ Նրանք սիրով ու հաջողությամբ իրենց ձեռքերը եւ ուղեղները տրամադրեցին օտարներին։ Պատմաբանները հաշվել են,որ նման արմատական արտագաղթերի տասնյակ ալիքներ տեղի են ունեցել վերջին 2000 տարիների ընթացքում, իսկ դա քայքայել է մեր ազգային գենոֆոնդը։     

 Այս վերջին արտագաղթը,որը սկսվեց մոտավորապես 1990թ. եւ շարունակվում է արդեն 12 տարի, իր մասշտաբներով չի զիջում 1915-1922թթ. արտագաղթին,որը հետեւանք էր Օսմանյան կայսրության իրականացված Հայոց Մեծ Եղեռնին։

Նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ «Երրորդ հանրապետությունը» լքել է 600 հազար մարդ,բայց անկախ աղբյուրները պնդում են, որ Հայաստանը լքողների թիվը 2 անգամ ավելի շատ է։ Ֆրեյդի ուսմունքին հակառակ,Հայաստանում մինչեւ 1990 թվականը մտավորական խավը կազմում էր հասարակության ազդեցիկ զանգվածը,բայց այդ զանգվածն արագ անհայտացավ,որովհետեւ շատ բարակ թելերով էր կապված իր պատմական հայրենիքի հետ…

Երբեմն դիտելով ժամանակակից Հայաստանի կյանքից վերցրած գեղարվեստական պատկերներ,ուսումնասիրելով մարդկանց վարքագիծը,որտեղ տարօրինակ ձեւով իրար են  խառնված ծայրահեղ վախկոտությունը եւ անչափ ինքնահավանությունը,տգետ եսամոլությունը եւ մշակույթի բացակայությունը,հարստանալու մոլի ձգտումը եւ մերձավորին ու օտարին խաբելու, «գցելու»,վիրավորելու անջնջելի ցանկությունը,սկսում եմ մտածել,որ այս երկրում հաստատված սրիկայությունը եւ դատարկությունը հենց այն էր,ինչի մասին երազում էին հոգեբանորեն տկար եւ արատավոր այս անձնավորությունները,որոնց դեմքերին կարելի է կարդալ,որ ժառանգականորեն այլանդակված են։

Առաջին անգամ ես նրան տեսա հարազատ քաղաքի փողոցներում 1988 թվականին, երբ նրանք դուրս էին եկել անհայտ ճեղքերից՝ որպես հարձակողական մի բթամիտ ամբոխ,որը պետք է հռչակեր «հայոց համազգային շարժում»՝իր մեջ պարունակելով ազգի եւ երկրի համար մահացու վտանգ։ Հիմա արդեն միայն այդ դեմքերը կարելի է տեսնել քաղաքում. նրանք նվաճեցին քաղաքը,երբ եկավ իրենց ժամը։ Հենց այդ խժռող ու գրեթե չբազմացող նախանյութը կազմեց նոր իշխանության հիմքը եւ հենարանը,նրան սնողը եւ հավանություն տվողը։ Այդ նախանյութի մաս կազմող բոլոր անդամները նախանձում են միայն նրանց,ում ինքը՝  ղեկավարելով հոտի (անասնական) բնազդով,բերել է իշխանության գլուխ,իբր թե օտար ազդեցություններից,պարտադրված մշակույթից եւ կեցաղային արժեքներից ազգը փրկելու համար։ Նա սուր կերպով նախանձում է այդ իշխանավորներին,պարզապես նրանց ատում է,բայց չի դատապարտում,որովհետեւ հոգու խորքում հասկանում է՛ որ ինքն էլ նրանց տեղում լինելու դեպքում կվարվեր նույն կերպ։ Մի խոսքով, այստեղ տեղին է մեջբերել պատմությունը այն ստրուկի մասին,որին թագավոր են դարձնում,հիմարի մասին ,որը կուշտ հաց է ուտում,իշխանավորների մասին,որոնք ուտում են «անօրինականության հացը» եւ խմում են «թալանի գինին»։      

Շարունակելի  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica