close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս ռազմական գործողությանը Թուրքիան երկար է պատրաստվել, այժմ էլ ԱՄՆ-ից գործելու թույլտվություն է ստացել. արաբագետ

Տարածաշրջան

10 Հոկտեմբերի 2019, 19:40
 Այս ռազմական գործողությանը Թուրքիան երկար է պատրաստվել, այժմ էլ ԱՄՆ-ից գործելու թույլտվություն է ստացել. արաբագետ

Սիրիական հակամարտության մեջ ներգրավված բոլոր ուժերը հաշվի են նստում Թուրքիայի շահերի հետ, քանի որ հենց նա այստեղ ունի բավական լուրջ դերակատարություն. վերլուծելով Թուրքիայի կողմից Սիրիայի նկատմամբ հոկտեմբերի 8-ից ակտիվ մարտական գործողություններ սկսելու նպատակները և հավանական արդյունքները՝ Yerkir.am-ին մեկնաբանեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր խնդիրներն է լուծում, Իրանն՝ իր, անգամ՝ Իսրայելը, ԱՄՆ-ն իրենց խնդիրներն են լուծում տարբեր շրջափուլերում, Թուրքիան էլ իր իրավունքներն ունի՝ իրավունք ունի իր խնդիրները լուծելու: 

«Թուրքիայի ռազմական գործողություններին, միջազգային իրավունքի տեսանկյունից, միաժամանակ մի քանի բնույթ կարելի է տալ: Առաջինը Թուրքիայի կողմից ինքնիշխան պետության տարածք ներխուժումն է: Երկրորդ՝ եթե դիտարկում ենք ներթուրքական համատեքստում, կարելի որոշակի իմաստով դիտարկել այն որպես հակաահաբեկչական գործողություն, որովհետև այն խմբավորումները, որոնք առանցքային դերակատարություն ունեն Սիրիայի հյուսիս-արևելքում, որոշակի կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ: Պատահական չէ, որ սիրիական հակամարտության հենց սկզբից Թուրքիան հաշվարկում էր այս վտանգը, որը կարող էր աճել, քանի որ, եթե Սիրիայում վիճակն ապակայունանում էր, և Սիրիայի կառավարությունը կորցնում էր վերահսկողությունն ամբողջ տարածքի նկատմամբ, Սիրիայի հյուսիս-արևելքում ամենակենսունակ ուժերը, որ կարող էին ինքնավարություն ստեղծել, հենց այդ ժողովրդական ինքնապաշտպանության ուժերն էին, որոնց՝ ՔԱԿ-ի հետ կապի մասին Թուրքիան մշտապես նշել է»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Նա հիշեցրեց, որ Թուրքիան բարձրաձայնում էր այս մտադրության մասին դեռևս 2012-2013թթ., երբ արդեն ակնհայտ էր, որ սիրիական հակամարտությունը թևակոխում է լայն ռազմական գործողությունների շրջափուլ, ու կանխատեսելի էին և՛ մարդասիրական ճգնաժամը, և՛ Սիրիայի մասնատման հնարավորությունը. այդ ժամանակ էլ Թուրքիան դարձյալ նույն՝ անվտանգության գոտի ստեղծելու հիմնավորումներն էր բերում, որը պիտի կանխեր միլիոնավոր փախստականների արտահոսքը Սիրիա: «Հակամարտության ընթացքում հենց Թուրքիան նպաստեց ահաբեկչության սպառնալիքի գլոբալ բարձրացմանը և, իհարկե, այն իրավիճակին, որին այսօր հանգել է սիրիական հակամարտությունը»,- ասաց արաբագետը:

Արմեն Պետրոսյանը նշեց, որ 2015թ.-ից, երբ ԱՄՆ-ն ավելի մեծ ներգրավվածություն սկսեց ունենալ հակաահաբեկչական պայքարում, Թուրքիայի գործողությունների հիմնական զսպող օղակը հենց Վաշինգտոնն էր: «Թուրքիան, հիշենք, երկու ռազմագործողություն արդեն իրականացրել է, մեկը «Եփրատի վահան» գործողությունն էր, մեկն էլ՝ «Ձիթենու ճյուղ»-ը»,- ասաց նա:

Այժմ, ուժերը հետ քաշելով՝ ԱՄՆ-ը Թուրքիային գործելու հնարավորություն է տալիս, սակայն միայն որոշակի սահմաններում: Արմեն Պետրոսյանը դիտարկեց, որ այս ռազմական գործողության համատեքստում Թուրքիան և ԱՄՆ-ն ունեն գաղտնի պայմանավորություններ. ամենայն հավանականությամբ, հետ քաշելով ուժերը, սակայն չհանելով դրանք Սիրիայի տարածքից՝ ԱՄՆ-ը Թուրքիային տվել է գործելու հնարավորություն՝ մինչև որոշակի սահման գնալու իրավունքով: 

Եվրոպական երկրների, Կանադայի, ՄԱԿ-ի կողմից դատապարտող հայտարարությունները, արաբագետը վստահ է, որևէ ներգործություն չեն ունենա Թուրքիայի ռազմական ծրագրերի վրա: «Պարզապես թուրքական կողմը կգործի շատ զգույշ: Սրանք կարող են միայն ու միայն ավելի զսպող սահմանների մեջ դնել թուրքական կառավարությանը»,- նշեց նա:

Սիրիահայերի անվտանգության մասով Արմեն Պետրոսյանը փաստում է՝ Սիրիայի մեծ մասում ակտիվ մարտական գործողություններ չկան, և, թերևս, ներքին տեղաշարժ է կազմակերպվելու՝ թե՛ տեղի պաշտոնյաների, թե՛ խաղաղարար առաքելությամբ այնտեղ աշխատող հայ մասնագետների և թե՛ մեր պետական մարմինների աջակցությամբ:

«Ես կարծում եմ, որ սիրիական հակամարտությունը գնում է հանգուցալուծման»,- նշեց Արմեն Պետրոսյանը:

Այդ դիտարկման հիմնավորումները և այլ հետաքրքիր մանրամասներ՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica