close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+7°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ինքնորոշումն անառարկելի է. Մուհամեդ ալ Ուգայլի

Քաղաքական

9 Հոկտեմբերի 2019, 23:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ինքնորոշումն անառարկելի է. Մուհամեդ ալ Ուգայլի

Ինքնորոշումը համամարդկային սկզբունք է, և մարդկությունը պետք է կանգնի բոլոր այն ազգերի կողքին, որոնք կուզենան ինքնավար ապրել. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց իրաքցի ճարտարապետ, քաղաքական և անվտանգության հարցերի հետազոտող Մուհամեդ ալ Ուգայլին, որը Իրաքից ժամանած պատվիրակության կազմում Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհելուց և Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպելուց հետո պետք է մեկնի Արցախ՝ մասնակցելու «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:

- Ի՞նչ նպատակով եք Հայաստանում  և արդյո՞ք հավանեցիք Հայաստանը:

- «Պրո Արցախ» համաժողովի կազմակերպիչների ազնիվ հրավերով Իրաքի մտավորականների և գիտնականների պատվիրակությունն այցելել  է Երևան, նաև Ստեփանակերտում մասնակցելու ենք «Պրո Արցախ» համաժողովին: Ծիծեռնակաբերդի այս հուշահամալիրում  մեր մարդկային զորակցությունն ենք հայտնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այն միշտ վառ պետք է մնա ժողովուրդների և մարդկության պատմության մեջ, ինչպես նաև պետք է առաջ տանել ճանաչման գործընթացը: Պատմությունը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունն ամենադաժան արարքն է մարդկության պատմության մեջ:

Մենք, ծաղիկներ խոնարհելով, մեր հարգանքը մատուցեցինք նահատակված մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին: Այս այցելությունը մեր համեստ ներդրումն է հայ ժողովրդի պայքարում, որը ջանք չի խնայում, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում ստանա:

- Դուք այցելելու եք նաև Արցախ՝ մասնակցելու ՀՅԴ կազմակերպած «Պրո Արցախ» համաժողովին: Գիտենք, որ Արցախ այցելող բոլոր արտասահմանցիներին Ադրբեջանը գցում է «սև ցուցակը»: Մտավախություն չունե՞ք այս հարցում:

- Ժողովուրդների իրավունքն է՝ ընտրել իրենց ճակատագիրը՝ հաշվի առնելով իրենց պատմությունը: Ինքնորոշումը համամարդկային սկզբունք է, և մարդկությունը պետք է կանգնի բոլոր այն ազգերի կողքին, որոնք կուզենան ինքնավար ապրել՝ առանց խախտելու հավասարակշռությունը:

Չեմ կարծում, որ Արցախյան հարցն անկայունություն է ստեղծում տարածաշրջանում, այդ պատճառով էլ Արցախի ինքնորոշման խնդիրն անառարկելի է: Բացի այդ,  հակառակ մերժվածության մթնոլորտին, Արցախ այցելությամբ  մեր աջակցությունն ենք հայտնում իրավական ու մարդասիրական արժեքներին: Կոչ եմ անում կառավարություններին, որ չհակադրվեն այս կարգի այցերին և չպատժեն այցելողներին:

Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիան երկար տարիներ շրջափակման մեջ է պահում  Հայաստանը:

- Պետության կողմից իր հարևանների հետ ցանկացած հակամարտություն ազդում է ներկա և ապագա հարաբերությունների վրա: Բայց որպեսզի պետությունները կարողանան տնտեսապես և անվտանգության առումով կայուն լինել, պետք է ձգտեն փակ սահմաններ չունենալ իրենց հարևանների հետ: Այսօր՝ 21-րդ դարում, մենք ամենաշատը կարիք ունենք ժողովուրդների երկխոսության, որը ստեղծվում է տնտեսական և մշակութային հարաբերություններով: Այս տարածաշրջանը բարդ է, սակայն միշտ հնարավորություն կա, որ թե՛ Թուրքիայի, թե՛ այլ պետությունների հասարակությունների միջև կապեր ստեղծվեն:

Սահմանները փակելու որոշումները անկայունություն են ստեղծում տարածաշրջանում, իսկ  անկայունությունից ոչ մեկն ապահովված չէ: Իմ կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը խաղաղության կոչեր է ուղղում համայն աշխարհին, այդ թվում՝ Թուրքիային: Ճիշտ է՝ այս երկու ժողովուրդների միջև հակամարտություն է տեղի ունեցել, գրավված հողեր կան, բայց ժողովուրդների ներկայիս մտածելակերպը  նման չէ անցյալ դարի մտածելակերպին:

Իրաքում այժմ հակակառավարական ցույցեր են տեղի ունենում, որոնք նաև մարդկային զոհերի պատճառ են դառնում. ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

- Իրաքի Հանրապետությունն ունի իր Սահմանադրությունը, որն Իրաքի ժողովրդի համար օրենքներ է սահմանում, նաև ներառում իրաքցիների՝ հանրահավաքներ անելու իրավունքը: Կառավարությունը պարտավոր է արդարացնել ժողովրդի պահանջները, հակառակ դեպքում՝ կաշխատեն արտաքին գործոնները՝ հաշվի առնելով Միջին Արևելքի եռացող կաթսան: Չենք ուզում, որ Իրաքը Միջին Արևելքի խնդիրների զոհը դառնա  և Իրաքի ժողովուրդը օգտագործվի որպես զենք միջազգային խնդիրների լուծման համար: Իրաքի ժողովրդի պահանջներն արդարացի են, և կառավարությունը լուրջ է տրամադրված՝ արդարացնելու դրանք օրենսդիր,  գործադիր և դատական մարմինների միջոցով: Այս համակարգերը պետք է միասնաբար աշխատեն, որ արդարացնեն ժողովրդի պահանջը: Իրաքի ժողովուրդը շատ տանջվեց պատերազմներից, պաշարումից և տառապեց անկայուն վիճակից, այդ պատճառով էլ իրավունք ունի մարդկային և արդար պայմաններում ապրելու, որովհետև Իրաքի ժողովուրդը խելացի ժողովուրդ է, որը խորը մշակութային, պատմական,  արժեքներ ունի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica