close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+12°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր զարգացումներ Սիրիայում. Թուրքիան «քցում» է ԱՄՆ-ին

Տարածաշրջան

8 Հոկտեմբերի 2019, 18:03
 Նոր զարգացումներ Սիրիայում. Թուրքիան «քցում» է ԱՄՆ-ին

«ԱՄՆ առաջին նախագահն է, ով չի վախենում իրերն իրենց անուններով կոչել». այսպես է որակել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեկվա թվիթերյան գրառումը: ԱՄՆ նախագահը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում նախապատրաստվող ռազմական օպերացիային, նշել է, որ «եթե Թուրքիան անի մի բան, որը, ըստ իր մեծ և անմրցելի իմաստության, կհամարվի չափն անցնել, կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը, ինչն արդեն արել է»:

Սպիտակ տունը երեկ շտապել էր հերքել Էրդողանի այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ը պատրաստվում է դուրս բերել իր զորքերը Սիրիայից: «ԱՄՆ-ը հեռացնում է իր զորքերը ոչ թե Սիրիայից, այլ Սիրիայի հյուսիսից»,- նշել էր Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան և հավելել, որ ԱՄՆ-ը դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ իրականացնելուն:

Թուրքիան բազմիցս է բարձրաձայնել, որ, երկրի անվտանգության նկատառումներով, Սիրիայի հյուսիսում անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի, որտեղ պետք է վերաբնակեցվեն 2-3 մլն սիրիացի փախստականներ: Աներկբա է, սակայն, որ Թուրքիան այս ռազմական գործողությունը, որը ստացել է «Barış pınarı-Խաղաղության ակունք» անվանումը, իրականացնում է գլխավորապես սիրիական քրդերի դեմ: Թուրքիան վախենում է այն մտքից, որ սիրիական կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող, ԱՄՆ-ի (ամեն տեսակ ռազմական, ֆինանսական, քաղաքական) աջակցությունը վայելող, կիսաանկախ վիճակում գտնվող քրդերը ապագայում կմիավորվեն Իրաքյան Քուրդիստանի հետ, որի տրամաբանական հանգուցալուծումը կլինի Թուրքիայի Քուրդիստանի հետ միավորումը, որով կիրականանա քրդերի «Մեծ Քուրդիստանի» երազանքը:

Այս ֆոնին, երբ քրդերը վայելում էին ԱՄՆ-ի աջակցությունը, նման պահվածքն ԱՄՆ-ի կողմից ավելի քան զարմանալի է: Դատելով Վաշինգտոնում տիրող իրավիճակից, չի բացառվում, որ բիզնեսմեն Թրամփն այնքան էլ տեղյակ չէ, թե ինչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ը Սիրիայում, և նրան սխալ էին տեղեկացրել գործերից: Եվ երբ Թրամփը հասկացավ, որ փաստացի դառնում է Թուրքիայի կամակատարը՝ դավաճանելով քրդերին, սպառնաց Թուրքիայի տնտեսությանը ոչնչացմամբ: Թուրքիայի՝ Ս-400-ների գնումից հետո ԱՄՆ-ը մի շարք պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ, սակայն Թրամփի համակրանքը Թուրքիայի նկատմամբ որոշ չափով մեղմացրել էր պատժամիջոցները: Դատելով Թրամփի՝ «եթե չափն անցնի» արտահայտությունից՝ կարելի է ենթադրել, որ նրա և Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Էրդողանի արած արտահայտություններն այնքան էլ չեն բխում հեռախոսազրույցի կոնտեքստից: Անշուշտ, Թրամփն էլ է գիտակցում, որ Սիրիայից հեռանալը կնշանակի ԱՄՆ-ի պարտություն, ինչը ճակատագրական կլինի առաջինը հենց Թրամփի համար: Այսօր արդեն ԱՄՆ-ը փակեց Սիրիայի օդային սահմանները Թուրքիայի համար, ինչը նշանակում է, որ Թուրքիան չի կարող ավիահարվածներ հասցնել սիրիացի քրդերին: Իսկ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի լքելու քրդերին և շարունակելու է աջակցել:

Բացի Թրամփի սպառնալիքներից,  ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Թուրքիայի հավանական գործողությունների պարագայում կբարձրացնի Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկելու հարցը:

Թուրքիայի ապագա ռազմական գործողություններն արժանացել են ամբողջ աշխարհի քննադատությանը: Ռուսաստանն ու Իրանը, որոնք Թուրքիայի հետ համարվում են Սիրիայի ճգնաժամի կարգավորման գլխավոր դերակատարներ, քննադատել են Թուրքիայի որոշումը՝ հայտարարելով, որ ամենը պետք է տեղի ունենա Սիրիայի տարածքային ամբողջականության սկզբունքի հարգմամբ: Ֆեդերիկա Մոգերինին, իր հերթին, նշել է, որ Թուրքիայի գործողությունները կվնասեն խաղաղ բնակչությանը:

Առավել բարդ է Սիրիայի քրդերի վիճակը: Մինչ այս քրդերը կարող էին հանգիստ լինել, քանի որ ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ Թուրքիան չէր համարձակվի հարձակումներ գործել: Փաստացի՝ ԱՄՆ զորքերի՝ Սիրիայի հյուսիսից հեռանալու հետևանքով Սիրիայի դեմոկրատական ուժերը մնացին միայնակ թուրքական զինուժի դեմ: Քրդական «Rudaw» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ խնդրել է Ռուսաստանին՝ ապահովել սիրիացի քրդերի անվտանգությունը:

Թուրքիան արդեն երեկվանից հարձակումներ է իրականացրել քրդերի վրա: Երկուշաբթի երեկոյան թուրքական օդուժը հարվածներ է հասցրել քրդական ուժերի շտաբին՝ Սիրիայի հյուսիսարևելյան Հասեքե նահանգի Էլ Մալաքիա քաղաքում:

«Սիրիայում դեպքերը շատ արագ են զարգանում: Նախկինում ԱՄՆ-Թուրքիա համաձայնություն կար Թուրքիայի կողմից անվտանգության գոտու ստեղծման շուրջ: Հիմա ամեն ինչ փոխվեց ԱՄՆ-ի՝ Սիրիայի հյուսիսային շրջաններից դուրս գալով և Թուրքիային սեփական քաղաքականությունն իրականացնել թույլ տալով: Սա նշանակում է, որ քրդերը մնացել են միայնակ թուրքական զինուժի դեմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արաքս Փաշայանը: Նա նաև կասկած հայտնեց, թե նմանատիպ իրադարձություններից հետո ինչպես պետք է ապահովվի քուրդ ազգաբնակչության անվտանգությունը:

Անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, որ թուրքական վտանգի առջև հնարավոր է Ասադ-Սիրիայի դեմոկրատական ուժեր միավորումը, արաբագետը նշեց, որ սիրիական բանակն այժմ ի վիճակի չէ տարբեր ճակատներում մարտեր մղել, իսկ քրդերն իրենց հույսը դրել էին ամերիկյան կողմի վրա և արդեն բաց են թողել Դամասկոսի հետ համագործակցելու իրական հնարավորությունը:

Ի դեպ, Սիրիայի ԱԳՆ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը ևս անդրադարձել է քրդերի դրությանը՝ հայտարարելով, որ Դամասկոսը բազմիցս է զգուշացրել քրդերին, որ արտասահմանյան օժանդակությունը վաղ թե ուշ դադարելու է: «Սիրիան պաշտպանելու է իր ամեն թիզ հողը: Ով ազնիվ չի եղել իր հայրենիքի նկատմամբ և վաճառել է այն գրոշներով, կտեսնի, որ շպրտվելու է պատմությունից դուրս: Մեր ասածը եղավ: Մենք դրանց (քրդերին) ասում ենք, որ ամեն բան կորցրել են: Վերջին հաշվով՝ հայրենիքը ողջունում է իր բոլոր զավակներին»,- հայտարարել է Միքդադը:

Այստեղ ուշագրավ պետք է լինեն նաև աստանյան ձևաչափի մյուս երկրների՝ Ռուսաստանի և Իրանի քայլերը, քանի որ Թուրքիայի նման քայլը ի չիք են դարձնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Reuters-ը գրում է, որ եթե ԱՄՆ-ը միայնակ թողնի քրդերին, ապա նրանք կհամագործակցեն Դամասկոսի և Մոսկվայի հետ:

Թեև սեպտեմբերի 16-ին Անկարայում տեղի ունեցած Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպման ժամանակ հույս էր արթնացել, որ սիրիական ճգնաժամն արդեն մոտենում է ավարտին, այնուհանդերձ, դեպքերը ցույց են տալիս, որ Թուրքիան այդպես էլ չի համակերպվի Սիրիայում քրդական գործոնի հետ և ամեն ինչ կանի՝ կանխելու համար քրդական ինքնավարության ստեղծումը՝ փորձելով միայնակ չմնալ աշխարհի դեմ:

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica