close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերավաճառողները խիղճը գրպանն են դրել. պաշտպանված սպառողը գրագետ սպառողն է

Տնտեսական

8 Հոկտեմբերի 2019, 17:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերավաճառողները խիղճը գրպանն են դրել. պաշտպանված սպառողը գրագետ սպառողն է

Սպառողի իրավունքները պաշտպանելու, այդ խնդիրը համակարգային լուծելու միակ տարբերակը սպառողին կրթելն է. Yerkir.am-ի հետ զրույցում  նշեց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Ով ուզում է լինի մարդը՝ հայ, ռուս, արաբ, հնդիկ, ինչ կրոնական ուղղության ուզում է պատկանի, նա սպառող է և պիտի իմանա իր՝ սպառողի իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց նա:

Մելիտա Հակոբյանի խոսքով՝ մարդը պիտի իմանա, որ իր գնած ապրանքների զգալի մասը տասնչորսօրյա ժամկետում ենթակա է վերադարձի, պիտի իմանա և պահանջի, որ խանութներում փակցված լինեն վերադարձի ենթակա ապրանքների ցանկերը, պիտի պահանջի հիվանդանոցներում իրեն անվճար մատուցեն այն ծառայությունները, որոնց բեռն օրենքով պետությունն իր վրա է վերցրել, իսկ վճարների պահանջները հիմնավորեն օրենքով սահմանված գնացուցակով: 

Պաշտպանի դիտարկմամբ՝ մեր երկրում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում էական առաջընթաց գրանցելու առումով լուրջ խնդիր է «լավամարդ» լինելու ձգտումը, որի պատճառով սպառողները հաճախ չեն ցանկանում անձամբ ներկայանալ, նշել հենց այն խանութի կամ ապրանքատեսակի անունը, որից դժգոհում են, բայց, միևնույն ժամանակ, ցանկանում են, որ իրենց առնչվող խնդիրները լուծվեն:

Հարցին, թե ինչո՞ւ է բանջարեղենի գնաճն այս տարի մեկ ամսով «շտապել», և արդեն հասել 2.5 տոկոսի, Մելիտա Հակոբյանը պատասխանեց, որ արտահանումը մեծ դեր ունի: «Մյուս կողմից էլ բանջարեղենի գնաճն իրականում մեր վաճառողների ձեռքի գործն է: Պետք է ասեմ, որ մեր վերավաճառողներն իրենց խիղճը գրպանն են դրել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանից տուժում են ոչ այնքան գյուղացիները, որքան քաղաքի սպառողները, որ հաճախ այլընտրանք չեն ունենում: Հակոբյանը պատմեց, որ, հետազոտելով ԳՈՒՄ-ի շուկան, որտեղ տարածք կա՝ հատկացված գյուղացիներին, արձանագրել են, որ այնտեղ ևս առևտուր են անում վերավաճառողները: «Շուկայի ղեկավարությունը դա պիտի վերահսկի. մի փոքր, առանց հարմարությունների տարածք են առանձնացրել գյուղացիների համար, պիտի հետևեն, որ գյուղացիները կարողանան այդտեղ կանգնել»,- ասաց նա:

Ինչպես միրգ ու բանջարեղենի, այնպես էլ մյուս ապրանքների գնագոյացման ղեկն իրենց ձեռքում են պահում սուպերմարկետները: «Տարբեր երկրներում եմ եղել, ոչ մի տեղ այսպես չէ: Սուպերմարկետները տեղակայված են լինում քաղաքից դուրս, և դրանցում լինում են էապես ցածր գներ: Մարդիկ շաբաթ-կիրակի գնում են, շաբաթվա առևտուր են անում: Իսկ մեզ մոտ սուպերմարկետները սուպերգներ են թելադրում»,- նշեց նա:

Այն դիտարկման առումով, որ վիճակագրորեն մանրածախ վաճառքի շուրջ 80 տոկոսը կատարվում է սուպերմարկետներից, Հակոբյանը նշեց. «Որովհետև մեզ մոտ մեծ սուպերմարկետները խեղդել-դուրս են մղել փոքր խանութները»: 

Հիմա արդեն հույս կա, ըստ Հակոբյանի, որ սպառողների իրավունքների համար տասնյակ տարիների պայքարը շուտով կսկսի արդյունքներ տալ: Նա ասաց, որ սպասում է, որ Ազգային ժողովը պիտի դիտարկի իրենց օրենսդրական առաջարկները՝ ընդդեմ սուպերմարկետների՝ գին թելադրելու լայն հնարավորությունների և ի պաշտպանություն սպառողների շահերի, իսկ առայժմ սպառողների իրավունքների պաշտպանության լայն հանրային պահանջ ձևավորելու նպատակով Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան տպագրել է կրթական ձեռնարկներ և բանակցություններ է վարում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ 8-րդ դասարանի կրթական ծրագրում դրանք ներառելու համար:

Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը, Yerkir.am-ի հարցերին ի պատասխան, նշեց, որ հայաստանյան շուկայում ազատ տնտեսական, մրցակցային հարաբերություններ են, և պետությունն այդ հարաբերությունների վրա պիտի չազդի: «Մասնավորապես՝ Կասյան փողոցի անկյունում շաբաթ-կիրակի կազմակերպվող գյուղմթերքի շուկան թողնված է ինքնակազմակերպման: Պետական վերահսկողություն լինել չի կարող»,- ասաց խոսնակը:

Աննա Օհանյանն ասաց, որ պետությունը գյուղացիներին հավաստագրեր է տրամադրում, որոնց միջոցով էլ իրենցից կազմված խորհուրդը վերահսկում է, որ այս՝ Կասյանի շուկայում վերավաճառողներ չլինեն, սակայն գնագոյացման վրա այստեղ ևս պետական միջամտություն լինել չի կարող։

Հարցին, թե արդյո՞ք ճիշտ չէ վերավաճառքը բացառող այս աշխատող մեխանիզմը ներդնել նաև մյուս շուկաներում, Օհանյանն արձագանքեց, որ հնարավոր չէ, քանի որ դրանք մասնավոր սեփականություն են։

Հայաստանի սպառողական հարաբերությունների առանձնահատկությունների, ներմուծված թանկ, վատորակը տեղական լավ արտադրանքից գերադասելու և այլ խնդիրների մասին՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica