close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էներգետիկան՝ ճեղքվածքների մեջ (մաս 25)

Տնտեսական

7 Հոկտեմբերի 2019, 17:50
 Էներգետիկան՝ ճեղքվածքների մեջ (մաս 25)

Փոխադարձ պարտքերի շղթան շատ ավելի խորն էր էներգետիկայում. 1990-ական թվականներին այս համակարգում կուտակվել էին հսկայական պարտքեր։ Մատակարարները չէին վճարում արտադրողներին,արտադրողները՝ մատակարարներին։ Միայն ատոմակայանում պարտքը հասնում էր մի քանի տասնյակ միլիարդ դրամի։ Ամիսներով մարդիկ աշխատավարձ չէին ստանում։ Մշտապես առաջանում էին միջուկային վառելիքի ձեռք բերման խնդիրներ։

Նախորդ տարիներից կուտակված՝ էներգետիկ ոլորտի պարտքերը փակելու համար կառավարությունը,որ գլխավորում էր Վազգեն Սարգսյանը,ստիպված էր 1999թ. գնալ պետական բյուջեի կրճատման։ Դրա հաշվին 17 մլրդ դրամ հատկացվեց էներգետիկայի ոլորտի ճեղքվածքի փակմանը,որպեսզի միջազգային կազմակերպությունները համաձայնեին տրամադրել նոր վարկային միջոցներ։ Թե խոսքն ինչ պարտքերի մասին է,բերենք մի հատված Ազգային ժողովում Վ. Սարգսյանի ելույթից։

-Երկիրը մեծ պարտքեր է կուտակել,որոնք հաճախ գալիս են 1993-1994 թվականներից։

Այդ պարտքերը փակելու փոխարեն «պարբերաբար հետաձգել են,կարծելով,թե ուրիշները պետք է վճարեն դրա համար»։ Այսպիսի գործունեության հետեւանքով ամենամեծ պարտքերը կուտակվել են էներգետիկ համակարգում,որոնք հասնում են աստղաբաշխական թվերի։ Կառավարությունները,ստանձնելով տարբեր ոլորտների էներգամատակարարման ֆինանսավորման պարտավորությունը՝ խուսափել են կատարել դրանք։

Համակարգը 1998թ. արդեն կուտակել էր մի քանի տասնյակ միլիարդ դրամի պարտքեր եւ կանգնել վերցված վարկերը վերադարձնելու անկարողության առջեւ։

Իսկ այդ պարտքերն առաջացել էին ոչ միայն չվճարումների,այլեւ յուրացումների հետեւանքով։ Էներգետիկ համակարգում այդ տարիներին կորուստները եւ գերկորուստները,որոնք  հիմնականում ունեին արհեստական բնույթ,հասնում էին մինչեւ 25 տոկոսի։ Խիստ ցածր էին գանձումները՝ ընդամենը 60-65 տոկոս,թեպետ բաժանորդները մեծ մասամբ վճարում էին օգտագործված հոսանքի դիմաց։ Պարզապես գումարները տեղ չէին հասնում եւ յուրացվում էին համակարգի մանր ու մեծ չինովնիկների կողմից։ Մինչ նրանք հարստանում էին,համակարգը կուտակում էր հսկայական պարտքեր,իսկ կառավարությունն իր անկարողության հետևանքով ստիպված էր լինում երբեմն-երբեմն դրանք մարել պետական բյուջեի հաշվին։

Այս իրավիճակից հաջողվեց դուրս գալ միայն բաշխիչ ցանցերը մասնավորեցնելու ճանապարհով, երբ համակարգում դադարեցին կուտակվել  նոր պարտքեր։

Այսօր Հայաստանի տնտեսության արդյունավետ աշխատող ոլորտներից մեկը էներգետիկան է։ Իրականացված ֆինանսական առողջացման միջոցառումների շնորհիվ 2004 թվականից էներգետիկ ոլորտը սկսեց աշխատել ինքնածախսածածկմամբ ։ Սա չափազանց մեծ ձեռքբերում էր,եթե նկատի ունենանք,որ տարիներ շարունակ այս համակարգը կուտակել էր ոչ միայն մեծ չափերի հասնող պարտքեր,այլեւ դարձել էր մի տեսակ դանայան տակառ,որտեղ անընդհատ լցվում էին թե՛ պետական բյուջեի,թե՛ ներգրավվող արտասահմանյան մեծածավալ վարկային միջոցները,բայց պարտքերը դրանից ոչ միայն չէին նվազում,այլեւ գնալով աճում էին։

Համակարգի համար շրջադարձային եղավ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության մասնավորեցումը։ Սեփականատերը ստանձնեց ձեռք բերվող էլեկտրաէներգիայի դիմաց ամբողջական վճարումներ կատարելու պարտավորություն,ինչը պայմաններ ստեղծեց արտադրող կայաններում նոր պարտքեր չկուտակելու համար։ Սա դարձավ համակարգի առողջացման հիմքերից մեկը։

Դրան հաջորդեց «Սեւան-Հրազդան կասկադի» մասնավորեցում-վաճառք։ Այս գործարքն ավելի շուտ կարելի է ասել,պարտադրված քայլ էր։ Ձեռնարկության վաճառքից առաջացած գումարն ամբողջությամբ ուղղվեց միջուկային վառելիքի ձեռք բերման դիմաց Ռուսաստանի նկատմամբ կուտակած պարտքերի մարմանը։ Ընդ որում,դրանք պարտքեր էին,որոնք կուտակվել էին ոչ մեկ կամ երկու տարվա ընթացքում։ Ամեն դեպքում,այս միջոցառումից հետո Մեծամորի ատոմակայանն այլեւս երբեք չունեցավ միջուկային վառելիքի դիմաց վճարում կատարելու խնդիր։  Այն ժամանակին տեղ է հասել եւ իրականացվել է ռեակտորի լիցքավորումը։

Վերջին 10 տարիներին պետական պարտքի դիմաց ռուսական կողմին Հայաստանը փոխանցել է ընդամենը մեկ էներգետիկ ընկերություն՝ Հրազդանի ՋԷԿ-ը։ Դա արվել է երկրի արտաքին պարտքային բեռը թեթեւացնելու համար՝ նկատի ունենալով,որ ռուսական վարկերը,որոնք վերցվել էին 1990-ական թվականների կեսերին,անհամեմատ շատ ավելի ծանր պայմաններով էին։

Էներգետիկ ոլորտում արձանագրված ամենալուրջ ձեռքբերումը Իրան-Հայաստան գազատարի կառուցումն էր։ Այս խնդիրն արդիական էր դեռեւս 1990-ական թվականներից։ Սկսած 1993 թվականից՝  Հայաստանը  բանակցություններ է վարել Իրանի հետ գազատար կառուցելու վերաբերյալ։ Բայց երկար ժամանակ դրանք այդպես էլ գործնական որեւէ արդյունքի չեն հանգեցրել։

Սիայն 2006թ. հաջողվեց կառուցել Իրան-Հայաստան գազատարը,որը թողարկվեց 2007թ.։ Այժմ իրականացվում են ներքին ցանցի թողունակության բարձրացման աշխատանքներ,որոնք պետք է պայմաններ ստեղծեն իրանական գազի ավելի մեծ ծավալ տեղափոխելու համար։ Անիմաստ է խոսել,թե Հայաստանի համար այլընտրանքային այս գազատարը ինչ կարեւոր նշանակություն ունի։

Այդ նույն ժամանակահատվածում լրջորեն աշխուժացան էներգետիկ ոլորտում հայ-իրանական կապերը։ Էլեկտրաէներգիայի փոխհոսքերից բացի,կառուցվեց բարձր լարման երկրորդ էլեկտրագիծը։ Այժմ սկսվել է նաեւ երրորդի շինարարությունը։      

Էներգետիկ ոլորտում վերջին 10 տարիներին արձանագրված ձեռքբերումները երկար կարելի է թվարկել։ Նշենք միայն,որ այսօր Հայաստանը դարձել է ոչ միայն ԱՊՀ,այլեւ աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից մեկը։ Չնայած միջազգային հարության կողմից ցուցաբերված հակազդեցությանը՝ հաստատակամորեն դրվեց Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու խնդիրը։ Այժմ  այդ ուղղությամբ իրականացվում են նաեւ գործնական աշխատանքներ։

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica