close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ը տասնյակ տարիներ հարկե՞ր է գանձել Շիրակի թեմից

Հասարակություն

7 Հոկտեմբերի 2019, 15:02
 ՊԵԿ-ը տասնյակ տարիներ հարկե՞ր է գանձել Շիրակի թեմից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նամակ է ուղարկել Շիրակի թեմի առաջնորդին՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջով սեղմ ժամկետում ներկայացնել կանոնադրության պատճենը:

Նամակը հարցեր է առաջացրել:

ՀՀ-ն, ի տարբերություն, օրինակ, հարևան Վրաստանի, որտեղ չկա կրոնի մասին օրենք, ունի կրոնի մասին օրենք, և զարմանալի է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանին ուղղված նամակում  Շիրակի թեմը նշվում է որպես հասարակական կազմակերպություն, այսինքն՝ ստացվում է, որ թեմը գործում է ոչ թե կրոնի մասին օրենքի, այլ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի դաշտում։

Փաստորեն, մինչ այժմ Միքայել եպս. Աջապահյանն  իրավական առումով ոչ թե ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդն է, այլ՝ «ՀԱԵ Շիրակի թեմ» ՀԿ-ի նախագահը, ինչպես արտացոլված է ՊԵԿ-ի նամակում։ Իսկ նրան իրավական առումով պետք է դիմել ոչ թե սրբազանին հատուկ դիմելաձևով, այլ՝ «պարոն»-ով, ինչպես ՊԵԿ-ի նամակում:

Բնականաբար, սրբազան հոր արձագանքը չուշացավ. «Նախ՝ իմ ազգանունն են սխալ գրել, երկրորդ՝ ես վաղուց արդեն Գևորգ չեմ (խմբ.–ավազանի անունը), 31 տարի է՝ իմ ավազանի անունը փոխված է: Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը չի կարող գրվել չակերտների մեջ և եկեղեցին ոչ թե տնօրեն է ունենում, այլ ունի առաջնորդ: Իսկ ինչ վերաբերում է հասցեին, ապա Մայիսյան ապստամբության 1 հասցե 30 տարի է՝ Գյումրիում գոյություն չունի: Սրանք պարզ բաներ են, որոնք պարտավոր են իմանալ այն կառույցները, որոնք շփվում են մեր եկեղեցու հետ: Չի կարող պետական կառույցում նման տգիտություն լինել»,- լրատվամիջոցներից մեկին ասել էր հոգևոր առաջնորդը: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բացատրությունը, որն իրականում ոչ թե պետական հիմնարկի կողմից տրված պաշտոնական և պատշաճ հաղորդագրություն էր, այլ բաժնի պատասխանատուի հուզական և «տնավարի» մի գրառում, կարելի է ասել, որ ոչ թե պարզաբանեց եղած անհասկանալի վիճակը, այլ՝ ընդհակառակը, ավելի խորացրեց այն: Ըստ այդ բացատրության՝ Շիրակի թեմի առաջնորդին ուղղված հայտնի նամակը արգասիք էր երկուստեք տեղի ունեցած բացթողումի: «Պատճառը թերեւս այն է, որ ժամանակին երբ չկար «Կրոնի մասին» ՀՀ օրենք, կրոնական կազմակերպությունները գրանցվում էին որպես հասարակական կազմակերպություններ, և այդ տվյալները պահպանվել են» - նշված էր բաժնի պետի պարզաբանման մեջ։

Նշյալ պարզաբանման մեջ զարմանալին և տարօրինակն այն է, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1991 թ. հուլիսին, իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը՝ 5 տարի անց՝ 1996 թ․ հոկտեմբերին։ 

Այսինքն՝ ի սկզբանե կար կրոնի մասին օրենքը, և չկար հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, և պարզ տրամաբանությամբ ՀԱԵ Շիրակի թեմը պետք է ի սկզբանե գործեր ոչ թե երկրորդ, այլ առաջին օրենքի դաշտում։

ՊԵԿ-ի նշյալ բացատրությունը, փաստորեն, աչքը սարքելու տեղը ունքն էլ հանեց, իսկ հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե իրականում ինչի արդյունք էր նշյալ անհասկանալի և տարօրինակ նամակը:

Եթե ընդունենք, որ ՊԵԿ-ի մոտ առկա են այդպիսի տվյալներ՝ Շիրակի թեմի մասով, այսինքն՝ Շիրակի թեմը տասնյակ տարիներ գործել է ՀԿ-ների մասին օրենքի դաշտում, ապա այստեղ ևս առաջանում են զարմացական հարցականներ՝ մինչ այժմ ինչպե՞ս են կարգավորվել իրավահարաբերությունները ՊԵԿ-ի և Շիրակի թեմի միջև, ՊԵԿ-ը տասնյակ տարիներ հարկե՞ր է գանձել թեմից, ինչպես կվարվեր սովորական ՀԿ-ի հետ, թեմի աշխատակիցներին գրանցել է որպես ՀԿ-ի աշխատակիցնե՞ր, նրանցից ևս սոցիալական վճարներ և եկամտահարկե՞ր են գանձվել, մինչ այժմ փաստաթղթաշրջանառությունն ինչպե՞ս է տեղի ունեցել, որ տասնյակ տարիներ ի վեր նոր է պարզ դառնում այս անհեթեթ վիճակը: Եթե հարկեր չեն գանձվել, ապա՝ ինչո՞ւ, այսինքն՝ ՊԵԿ-ն իմացել, բայց «աչք է փակե՞լ» այս «հոգևոր ՀԿ-ի» գոյության և գործունեության վրա, մյուս թեմերը նույնպե՞ս ունեն այսպիսի քաոտիկ հարաբերություններ ՊԵԿ-ի հետ…

Անկեղծ՝ տպավորություն է, թե գործ ունենք ոչ թե ժամանակակից գործիքակազմով զինված ՊԵԿ-ի, այլ խորհրդային տարիների «կոլխոզի» հետ:

Փաստորեն, թեև ՊԵԿ-ի նշյալ պարզաբանման մեջ  խնդրի առաջացումը համարվեց թյուրիմացության արդյունք (որը, ինչպես նշեցինք, առավել խորացրեց անհասկանալի վիճակը), այդուհանդերձ, հասարակության շրջանում կասկածներ առաջացան, որ նմանաբովանդակ նամակի իրողությունը պատահական չէր և ուներ քաղաքական նպատակներ՝ հաշվի առնելով ՀԱԵ դեմ պարբերաբար իրականացվող մերօրյա ոտնձգությունները:    

 

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica