close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+4°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 4)

Քաղաքական

4 Հոկտեմբերի 2019, 16:50
 Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 4)

բ) Լրտեսամիտ զրաբանութիւն. Մուքօ անունով մի մարդ էր ապրում իմ հայրենի գիւղում: Մի գիշեր նա սողոսկում է մենակեաց Ղազէի խրճիթից ներս և ձեռքը տանում նրա բարձի տակ, ուր կոյր ծերունին պահում էր իր համեստ գանձը: Ղազէն արթնանում է և բռնում գողի դաստակը: Վերջինս մի ճիգով ազատւում է և փախչում՝ առանց իր ինքնութիւնը մատնելու: Առաւօտ Ղազէն պատմում է գիշերւայ պատահարը: Ազնիւ և յարգուած մարդ էր կոյր Ղազէն՝ գիւղական մի իմաստուն: Ո՞ր հայը կը յանդգնէր վատութիւն անել նրան: Գիւղացիները համոզուած են, որ գողը հարևան քիւրդ գիւղերի ծանօթ աւազակներից մէկն ու մէկն է:

- Մեր գիւղում նման անզգամ մարդ չի լինի. գողը մուրատխանցի քիւրդ Ալօն է, պէտք է նրան արժանի դաս տալ,- եզրափակում է գիւղապետ Տօնօն:

- Գողը հայ է և մեր գիւղացի,- ասում է Մուքօն,- պէտք է գտնել այդ անարգ հրէշը: Ի՞նչ, էլ մարդ չմնա՞ց աշխարհում, որ աղքատ ու բարի Ղազէի՞ն կողոպտեն, անխիղճնե՛ր, գազաննե՛ր, անպիտաննե՛ր: Պէտք է գտնել գողը և մուր քսել երեսին: Նա հայ չէ՛, նա դրացի չէ՛, նա թուրքի հոգի ունի: Սիրելի՛Ղազէ, խօմ չվախեցա՞ր, վա՜խ, վա՜խ, վա՜խ, Ղազէ՛ ջան, Ղազէ՛ ջան: Երանի՛ թէ Աստուած էդ վայրկեանին ինձ քո երդիկից վար իջեցնէր, ես գիտէի, թէ էդ սրիկային ինչպէս կը պատժէի, դրացի չէ՛, աչքիս լոյսն էլ եթէ լիներ՝ նրան գետինը կը փռէի:

-Մուքօ՛ ջան, ձեռքդ ինձ տո՛ւր,- ասաց Ղազէն: Կոյր իմաստունը շօշափեց նրա դաստակը և հանդիսաւոր խաղաղութեամբ յայտարարեց.

-Գիւղացինե՛ր, Աստուած վկայ, այս էր բարձիս տակը խուզարկող ձեռքը:

Մուքօն մատնւեց իր շարլաթանական ճառի շնորհիւ:

***

Գաղութահայ հակադաշնակցական շարքերում անթիւ են Մուքօները, բայց չկան հոգեբան Ղազէներ: Այստեղ Մուքօները շաղակրատում են, Ղազէները՝ ծափ զարկում: Ինչո՞ւ. որովհետև այստեղի Ղազէները ո՛չ թէ աչքով են կոյր, այլ հոգով: Եղիշէն ի զուր չէ գրել իր իմաստալից խօսքը. «Կոյր զրկի ի ճառագայթիցն արեգական, տգիտութիւն զրկի կատարեալ կենաց: Լա՛ւ է կոյր աչօք, քան կոյր՝ մտօք»:

Մտակոյր հակադաշնակցականը հաւատում է հակադաշնակցական զրանենգ շաղակրատին, վերջինս էլ, օգտւելով առաջինի խորին տգիտութիւնից, օր ըստ օրէ մշակում է հոգևոր ճիւաղութեան արուեստը:

Ո՞ւր ենք գնում:

Քրիստոնէական բարոյականը չի հանդուրժում մատնիչ-լրտեսի գոյութիւնը: Նա դարերի անէծքով է կնքել Յուդայի անունը: Սակայն Յուդան, իբր գարշագործ էակ, նսեմանում է հակադաշնակցական զրաբանի նկատմամբ:

Յուդան 30 արծաթ ստացաւ, մատնեց, բայց յետոյ զղջաց և համակւեց ինքնաժխտողական յոռետեսութեամբ:

Հակադաշնակցականը մատնում է նաև առանց արծաթի, զղջալ չգիտէ և զրախօսական շաղակրատութիւնը համարում է քաղաքական իմաստութիւն:

Յուդայի ոգին չարի և բարու մի ռազմադաշտ է, հակադաշնակցականի ոգին՝ սոսկ չարութեան շտեմարան: Նա բեկբեկւող էակ է, սա՝ տևական չարագործ: Նրա մատնութիւնն արդիւնք է բարոյական սայթաքումի, սրա զրանենգութիւնը օրգանական պահանջ է: Նա ընդունակ է խոստովանւելու՝ «ես մատնեցի», սա պնդում է՝ մատնւածը «մատնեց»:

Անթիւ են փաստերը, բայց մենք պիտի բաւարարւենք մի ընդհանրացումով:

Թուրքը ջարդեց հայերին և աշխարհում լուր տարածեց, թէ հայկական նախճիրները արդիւնք էին հայ յեղափոխականների գործունէութեան: Հակադաշնակցական հայն ո՛չ միայն միացաւ թուրքի տեսակէտին, այլև մէկ քայլով էլ առաջ գնալով պնդեց. «Դաշնակցութիւնը կոտորել տւեց հայերին»:

Ռուս բոլշևիկը միացաւ թուրքին, տրոհեց ու նսեմացրեց, սեղմեց ու խեղդեց Հայաստանը և անվերջ քարոզեց, թէ Դաշնակցութիւնը թշնամի է Հայաստանին:

Հակադաշնակցական հայը, հոգեկցելով բոլշևիկին,  հրապարակ նետւեց և սկսեց աղաղակել. «Դաշնակցութիւնը կործանեց Հայաստանը»:

Բոլշևիկների և թուրքերի դրդումով և նրանց հաճելի լինելու քսումատնութեամբ՝ հակադաշնակցական հայը մտաւ բոլոր երկիրների ոստիկանատուները. հայկական եռագոյնը ներկայացրեց իբր արիւնահեղութեան խորհրդանշան, հայկական դատը՝ փակուած, դրօշակը՝ «կերպասի մի ծւէն», նրա ծածանումը տեղական դրօշների կողքին՝ մի վիրաւորանք տւեալ երկրի քաղաքական պատւին, Դաշնակութեան վերագրեց հակապետական մի կազմակերպութեան յանցանք, մատնեց նրան՝ իբր նոր կռիւներ,  վրէժխնդրական ակտեր ծրագրող, հայ ժողովրդի և տւեալ երկրի խաղաղութեան դէմ դաւող տարր և մեզ փակցրեց ազգային ներքին «թշնամի»-ի, «խառնակիչ»-ի, «մատնիչ»-ի տիտղոս:

Որդեգրելով լրտեսամիտ զրաբանութեան այս մեթոդը՝ հնչակ-ռամկավար գործիչներն ու թերթերը շարունակում են խաղալ իրենց հետևորդների տգիտութեան և հայ ժողովրդի համբերութեան հետ:

Այս մեթոդի մասին գաղափար կազմելու համար տա՛նք մի օրինակ:

Երբ Շահվերդեանը «ներգաղթի գործով» Բուլգարիա եկաւ, ռամկավար «Փարոս»-ի մարդիկ բուլգարական մի թերթում տւին մի լուր, ըստ որում՝ Ֆիլիպէից Սոֆիա է գնացել հայ մի պատւիրակութիւն՝ խնդրելու կառավարութեան, որ Շահվերդեանին դուրս վտարի երկրից և ներգաղթի գործը խափանի: Այս լուրը յետոյ «Փարոս»-ը «թարգմանում է» և «դիմակազերծ» անում Դաշնակցութեան «հակահայաստանեան քաղաքականութիւնը»:

Մեր գիւղի Մուքօն միայն կարող էր այսպիսի դիւամիտ մի ծրագիր յղանալ: Գողանալ և հաւար կանչել, սուտ փչել և ճշմարտութեան համար կուրծք ծեծել, դաւել և ազգային «առողջ» քաղաքականութիւն քարոզել, մատնել և ինքզինքը հալածական ցուցնել. սովորական զրաբանների գործեր չեն սրանք, այլ ցեղանենգութեան արուեստի մէջ կատարելագործուած բարոյական ճիւաղների՝ իսկական ցեղանենգ շէյթանների:

Մուքօն՝ Ղազէին կողոպտելու փորձով ոտքը դրել էր դժոխք տանող ճանապարհին, կամաց-կամաց նա դարձաւ հայանենգ մի հրէշ: Երբ իր պատիժն ստացաւ, գիւղացիներն ասում էին, թէ «շատ սատակ եղաւ»:

Հոգով և բարոյականով վաղուց մեռած հակադաշնակցական Մուքօներն արդէն կանգնած են դժոխքի կենտրոնում: Թուրքն ու բոլշևիկը նւագում են իրենց յաղթանակի եղանակը՝ «հայկական դատը մի կմախք է», Մուքօները բռնել են մեռելների պարը՝ «կեցցէ Հայաստանի փրկիչ բոլշևիկը, կեցցէ դաշնակ-հոյբուն դաւերը չքացնող թուրքը»:

Մեռելների պա՛րը… խենթացե՞լ են այս մարդիկ:

Չե՛ն խենթացել, այլ հոգով ու սրտով շան սատակ են եղել և դժոխքում քաղաքականութիւն են խաղում:

Շարունակելի

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica