close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչի հանգեցրեց ԱԷԿ-ի փակումը (մաս 24)

Հասարակություն

4 Հոկտեմբերի 2019, 15:23
 Ինչի հանգեցրեց ԱԷԿ-ի փակումը (մաս 24)

Ատոմակայանը փակելու՝ չկշռադատված քայլի հետեւանքով երկիրը շատ թանկ վճարեց։ Հոսանք չլինելու պատճառով արտադրական հատվածը ոչ միայն չէր կարողանում  արդյունավետ աշխատել,այլեւ պետությունը ստիպված եղավ հետագայում ծանր վճարել ատոմակայանի աշխատանքը վերականգնելու համար։ Այնպես որ,հպարտանալու փոխարեն,որ իր նախագահության տարիներին հաջողվել է վերականգնել ատոմակայանը,Լ. Տեր-Պետրոսյանը լավ կաներ ասեր,թե ատոմակյանի փակումով որքան վնաս է հասցրել երկրին։

Հայաստանին թանկ նստեց ոչ միայն ատոմակայանի փակումը,այլեւ բացումը։

Առաջին վարկերը Հայաստանը վերցրել է էներգետիկ համակարգի համար։ Դրանք ռուսական ռուբլիով վարկեր էին,որոնք հետագայում վերաձեւակերպվեցին։ Խոսքը ատոմակայանի վերականգման եւ լիցքավորման համար հատկացված երեք վարկերի մասին է՝ 60 միլիարդ,98 միլիարդ եւ 240 մլրդ ռուբլու չափով։ Առաջին երկու վարկերով հատկացված գումարները ծախսվեցին ատոմակայանի անվտանգության եւ վառելիքի գնման համար։ Երրորդ վարկի մի մասը ծախսելուց հետո ստեղծվեց այնպիսի իրավիճակ,որ դենոմինացիայի ենթարկվեց ռուբլին,որի պատճառով վարկը կորցրեց իր իմաստը։ Գնողունակության անկման հետեւանքով այլեւս անհնարին էր այն ծառայեցնել նպատակին։ Ուստի կառավարությունը գնաց նոր վարկի ձեւակերպման՝ նախորդի արժեզրկման հետեւանքները փոխհատուցելու համար։

Ատոմակայանի եւ, ընդհանրապես, էներգետիկ ոլորտի համար Ռուսաստանից ներգրավվեցին մեծ ծավալի ֆինանսական միջոցներ,որոնց  անգամ տոկոսները չկարողանալով ժամանակին վճարել՝  1997թ. իշխանությունը գնաց ռուսական պարտքերը վերաձեւակերպելու ճանապարհով։  Հայաստանը ստացավ 73.7 մլն դոլարի վերաձեւակերպված պարտք՝ չափազանց ծանր պայմաններով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը 5 տոկոս էր։ Սա Հայաստանի ստորագրած՝ երբեւէ ամենաթանկ վարկային պայմանագրերից է։ Այս գումարների մարման համար էլ ընտրվեց  «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը։

Ատոմակայանի օգտագործած վառելիքի պահեստարանի կառուցման համար Ֆրանսիայի կառավարությունից վերցվեց 4.8 մլն դոլարի վարկ։

Էներգետիկ ճգնաժամից դուրս գալու նպատակով 1993թ. Հայաստանը 57.4 մլն դոլարի վարկային չհիմնավորված պայմանագիր ստորագրեց Եվրոբանկի հետ։ Գումարը նախատեսված էր Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման աշխատանքներն ավարտելու համար։ Արդեն 1995թ. այս բլոկը պետք է շահագործվեր եւ մատակարարվող հոսանքի հաշվին փակվեին պարտքերը։ Շուտով պարզվեց,որ վարկային գումարը բավարար չէ 5-րդ էներգաբլոկը գործարկելու համար։ Բլոկի շինարարությունն ամբողջությամբ ավարտելու փոխարեն հաջողվեց իրականացնել դրա ընդամենը 66 տոկոսը։

Այս անհեռատես միջոցառման հետեւանքով երկիրը  խրվեց հերթական պարտքի բեռի տակ։ Ավելին՝ հետագայում 5-րդ բլոկի շինարարությունն ավարտելու համար նոր միջոցներ չներգրավվեցին։ Ընդհակառակը՝ վարկի դեռեւս չծախսված 5.3 մլն դոլարն օգտագործվեց ՋԷԿ –ը կոնսերվացնելու նպատակով։ Այսինքն՝ 57.4 մլն դոլար վարկն օգտագործվեց բացարձակապես անարդյունավետ,իսկ դրա համար այդպես էլ ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց։

Էներգետիկ ոլորտում արձանագրված մյուս խայտառակ պատմությունն առնչվում է թուրքմենական վարկին։ 1993-1995թթ. իբր ստացած գազի դիմաց չկատարված վճարումները 1996 թվականին Լ. Տեր-Պետրոսյանի Թուրքմենստան  կատարած այցի ժամանակ վերաձեւակերպվեցին որպես 34 մլն դոլարի պետական պարտք,մարման շատ կարճ ժամկետով՝ ընդամենը 6 տարի։ Այս վարկային պայմանագիրն առանձնահատուկ է նրանով,որ այդպես էլ չներկայացվեց Ազգային ժողովի վավերացմանը, ինչպես պահանջում է օրենքը։ Լ. Տեր-Պետրոսյանն այն վավերացրեց սեփական հրամանով։

Մինչ այդ,գազի դիմաց կուտակված պարտքերը փակելու նպատակով դատարկվեց պետական գանձարանը։ Ընդհանուր առմամբ, երեք տարվա ընթացքում Հայաստանը Թուրքմենստանին վճարեց շուրջ 360 մլն դոլար, միաժամանակ կուտակեց նաեւ 34 մլն դոլարի պարտք։

Թուրքմենական գազի դիմաց վճարում էր ոչ միայն պետական գանձարանը։ Պետական շատ ձեռնարկությունների արտադրանքը գրեթե ամբողջությամբ առաքվում էր Թուրքմենստան։ Պատկերացնելու համար,թե խոսքն ինչպիսի մեծածավալ առաքումների մասին է,նշենք,որ,ասենք,1995թ. Թուրքմենստան է առաքվել եւ գազի դիմաց վճարում կատարվել 550 անուն ապրանքով։ Շատ հաճախ այդ ապրանքները Հայաստանում ձեռք էին բերվում կրկնակի էժան գներով։

Այդ ամենի հետեւանքով ձեռնարկությունները զրկվում էին արտադրական միջոցներից,որովհետեւ բյուջեն,մի կողմից,դրանցով փակում էր գազի պարտքը,բայց,մյուս կողմից,չէր կարողանում կատարել իր պարտավորությունները առաքումների համակարգում ընդգրկված ձեռնարկությունների նկատմամբ։ Նման գործունեությունը պատճառ դարձավ,որ ձեւավորվի փոխադարձ պարտքերի մի հսկայական շղթա,ինչը հաշվանցելու համար հետագայում երկար տարիներ պահանջվեց։ Այդ պատճառով սնանկացան բազմաթիվ ձեռնարկություններ,որոնք աշխատել էին քլիրինգային մեխանիզմի համակարգում։

Գերմանական 25 մլն մարկ վարկային ծրագիրն ուղղվեց Քանաքեռի ՀԷԿ-ի վերականգնմանը։ Եվս 27.5 մլն գերմանական մարկ հատկացվեց Վանաձորի եւ Կամոյի երկու ենթակայանի վերակառուցման համար։

Չնայած նման մեծ ծավալին,այն էլ՝ վարկային ներարկումներին,որ մեծացնում էին երկրի արտաքին պարտքը,այնուհանդերձ, դրանից էներգետիկ համակարգի ֆինանսական վիճակը չէր բարելավվում։ Ընդհակառակը՝ այստեղ օրեցօր ավելանում էր համակարգի ճեղքվածքը,որը, սակայն, առաջին հերթին վատ կառավարման հետեւանք էր։ Հաշվարկային համակարգի թերությունների ու չարաշահումների պատճառով չէին մուտքագրվում ձեւավորվող եկամուտները։ Իր հերթին, համակարգը չէր կարողանում կատարել վարկային պարտավորությունները։

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica