close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+12°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մթերման զավեշտները. գյուղմթերքը սահմանին բեռնաթափում են ու դրա դիմաց վճար վերցնում

Տնտեսական

3 Հոկտեմբերի 2019, 20:54
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մթերման զավեշտները. գյուղմթերքը սահմանին բեռնաթափում են ու դրա դիմաց վճար վերցնում

Ձմերուկի իրացման խնդիր ունենք, այն դեպքում, որ անցյալ տարի արտերկրից ձմերուկ էր բերվում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ ընդգծելով՝ սա այն դեպքում, որ ցանքատարածությունները նույնն են:

Այս կամ այն մշակաբույսի օպտիմալ  չափերի վերաբերյալ գյուղացուն տեղեկացնելը և պլանավորելը, նրա խոսքով, դժվար է, խնդիրը պետք է լուծել  արտահանման ճիշտ կազմակերպմամբ:

Մինչդեռ հատկապես այս տարի, ըստ Գառնիկ Պետրոսյանի, զավեշտի են հասնում այն պատճառաբանությունները, որոնք Լարսի անցակետում ներկայացվում են մեր արտահանողներին:

«Շատ հաճախ ռուս մաքսավորները պարզապես կամայականություններ են ցուցաբերում: Եթե անցյալում հայ բեռնափոխադրողներն ինչ-որ կերպ լեզու էին գտնում և անցնում էին, ապա այս տարի զավեշտի էր հասնում, երբ օրերով կանգնեցնում էին մեր բեռնված տրանսպորտային միջոցները և կասկած էին հայտնում, որ ապրանքը թուրքական ծագում ունի:

Օրինակ՝ Աշտարակից 4 մեքենա՝ խնձորով բեռնված,  ապրիլի 1-ից մինչև 11-ը կանգնած է եղել անցակետում: Ապրիլի 5-ին իբրև թե խնձորի նմուշ էին վերցրել, որ ապացուցեն, որ Թուրքիայից չի բերվում, այնինչ՝ դա ուղղակի աբսուրդ է, չի կարող որևէ լաբորատորիա նման արդյունք ապացուցել: Մեր կողմի միջամտությունից հետո ամբողջ բեռը բեռնաթափել էին, 40 հազար ռուսական ռուբլի գանձել փոխադրողից այդ գործողության համար, նոր տարել: Նույնը՝ ելակի, դեղձի դեպքում»,- ասաց նա:

Գառնիկ Պետրոսյանն ընդգծում է՝ այստեղ անպայման պետական լուրջ միջամտություն է պետք. «Ընդ որում, պետք է կոշտ լինի այդ միջամտությունը, որովհետև եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք, անհասկանալի է բեռնավորված հսկայական տրանսպորտային միջոցները՝ բուսասանիտարական համապատասխան փաստաթղթերով, ինչո՞ւ են կանգնեցնում  և ի՞նչ պատրվակներով թույլ չեն տալիս անցնել»:

Դա բերում է հսկայական ֆինանսական կորուստների, ապրանքը փչանում է, և մեր գյուղացիները, որոնք  իրենց մեքենաներով կարող են փոքր քանակներով արտահանել ՌԴ, այլևս շահագրգիռ չեն լինում:

Մեր երկրում, սովորաբար, գյուղացիական բուսաբուծական մթերքների ավելցուկ է լինում, և եթե արտահանումը ճիշտ չի կազմակերպվում, շուկայում լճացում է առաջանում, գները կտրուկ ընկնում են, և գյուղացին, լուրջ վնասներ կրելով, հաջորդ տարի արդեն հրաժարվում է տվյալ մշակաբույսից:

Գառնիկ Պետրոսյանն ասում է՝ մեր վարելահողերի 45 տոկոսը չի օգտագործվում: Հաճախ հնչում է տեսակետ, որ գյուղացին ծուլացել է, բայց, նրա համոզմամբ, նման բան չկա, պարզապես այն եկամուտը, որ գյուղացին ստանում է, չնչին է, և բնականաբար, շահագրգռված չէ այդ հողը մշակել:

Երբ գյուղատնտեսության նախարարությունը միացրին էկոնոմիկայի նախարարությանը, պատրվակներից մեկն էլ այն է, որ արտահանումների խնդիրը լուծում ստանա, բայց, մասնագետի դիտարկմամբ, խնդիրը դեռ մնում  է չլուծված:

Մտահոգության առիթ է նաև գյուղատնտեսության նախկին նախարարության՝ էկոնոմիկայի նախարարությանը կցելու արդյունքում հմուտ մասնագետների կրճատումը. Գառնիկ Պետրոսյանը նրանցից մեկն է: Այժմ, փաստորեն, բուսաբուծության ոլորտը համակարգող մասնագետ նախարարությունում չկա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica