close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նույնն է, թե մեզ վրա թթվային լուծույթ թափենք. բնապահպանության ճարտարագետը բացատրում է Ամուլսարի վտանգը

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2019, 17:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նույնն է, թե մեզ վրա թթվային լուծույթ թափենք. բնապահպանության ճարտարագետը բացատրում է Ամուլսարի վտանգը

Բոլոր խնդիրների համար ինժեներական լուծումներ կան, բացի Ջերմուկի ու Սևանի ջրերի թունավորումից. այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրույցում զգուշացրեց բնապահպանության ճարտարագետ Արեգ Ղարաբեգյանը, որն ի պաշտոնե մանրամասն ուսումնասիրել է Ամուլսարի հանքի շահագործման բոլոր փաստաթղթերը՝ իբրև ՀՀ բնապահպանության նախարարի նախկին խորհրդական:

Նա հիմնավորեց՝ ինչ ճանապարհով են թթուներն ու ծանր մետաղները թափանցելու Սևանի կամ Ջերմուկի ջրային ավազան և, թունավորելով, այդ ջուրը դարձնելու ոչ պիտանի հողագործության, խմելու կամ ձկնաբուծության համար: «Այսինքն՝ մեռած լիճ է դառնալու»,- ասաց Ղարաբեգյանը:

Վարչապետի բերած պատկերավոր օրինակը, որ հնարավոր վնասը կարող է լճի ափին մեքենա լվանալու չափ լինել, բնապահպանության ինժեներին ապշեցրեց. «Ամեն մարդ թողեք՝ իր մասնագիտությամբ զբաղվի, հիմա՝ մենք էլ ուրեմն չլողանանք, թե ինչ է՝ մեզ վրա թափվող փրփրաջուրը թունավո՞ր է, այդպես չէ, բայց եթե մեզ վրա թթվային լուծույթ թափենք, դա նույնը չէ, ինչ փրփուրը: Տարբերությունը կարելի է այդպես համեմատել՝ օճառաջրով լողանա՞նք, թե՞ թթվային լուծույթով»:

Ճարտարագետը բացատրեց նախ Ջերմուկի վրա ազդեցությունը. Ջերմուկի ջուրը և Ամուլսարի ստորերկրյա ջրերն առանձին ավազաններ են, բայց ուսումնասիրված է, որ այնտեղի ժայռերն ունեն ճեղքվածքներ: Այս պահին ջուրն Ամուլսարից չի փոխանցվում Ջերմուկ կամ Ջերմուկից՝ Ամուլսար: Միայն թե հանքի շահագործման աշխատանքների ժամանակ «Լիդիան»-ը պայթուցիկներ է գործածելու, որոնց հետևանքով այդ ճեղքերն ավելի կբացվեն, և աղտոտված ջուրը կարող է ներթափանցել ստորերկրյա ավազան:

«Ես մասնագիտացած եմ պայթուցիկների և դրանց առաջացրած վիբրացիայի հարցում, և, իմ կարծիքով, «Լիդիան»-ի աշխատանքները բավարար չեն: Մի ստուգում էլ կա, կոչվում է պոմպային թեստ, որը «Լիդիան»-ը չի արել (ELARD-ն էլ է հաստատել, որ չի արել), մինչև այդ գործը չարվի, մենք չենք իմանա՝ այս ժայռերի, քարերի մեջ ճեղքերն ինչ կարգի են, և ինչպես կարող է ջուրը մի կետից մյուսը փոխանցվել»,- ասաց Արեգ Ղարաբեգյանը:

Նա, երբ բնապահպանության նախարարի խորհրդական էր, 10 էջանոց հարցում է ուղարկել «Լիդիան»-ին, բայց, ասում է՝ դժբախտաբար, իրենց հարցադրումներին  մեծ մասամբ չեն պատասխանել, քանի որ մինչ այդ արդեն դրական եզրակացություն ստացել էին և սկսել աշխատանքները:

Հաջորդ՝ Սևանի վրա ազդեցության հարցում Արեգ Ղարաբեգյանը գրեթե 100 տոկոսանոց վստահությամբ ասում է՝ Ամուլսարի հանքավայրը բացասական ազդեցություն է ունենալու Սևանի վրա: Բնապահպանության ճարտարագետը բացատրում է, թե ինչու. ժամանակին, երբ Սևանը 19 մետր իջել էր, խորհրդային իշխանությունները Արփա-Սևան թունելը բացեցին, որպեսզի Արփա գետի ջուրը լցվի Սևան: Հավելյալ կառուցեցին Որոտան թունելը, որ, Որոտան գետի ջուրը Սպանդարյան ջրամբարում հավաքելով, բերի Կեչուտ, միացնի Արփա-Սևան թունելին ու տանի Սևան:

Հիմա՝ Սպանդարյանից Կեչուտ թունելի մոտ 3 տեղ փոս են փորելու: Հսկայական տարածքների վրա փոսն աստիճան-աստիճան իջնելու է, որ հանքը շահագործվի: Ըստ «Լիդիան>-ի տրամադրած տեղեկությունների՝ հսկայական տարածքի վրա 100-150 մ փորվելու է, և  փոսի հատակը հասնելու է ստորերկրյա ջրերի ավազանին: Իսկ Որոտան թունելը գտնվում է նույն՝ ստորերկրյա ջրերի ավազանի մեջ:

«Սարի գլուխը բացելու են, հասնեն ստորերկրյա ջրերին: Ամուլսարում կան ոսկի, արծաթ, որ «Լիդիան»-ը պետք է հանի, բայց կան նաև երկաթ, ալյումինիում, սուլֆատներ, ուրիշ մետաղներ: Դարերի ընթացքում արևի, անձրևի, մյուս բնական միջոցներով լեռը օքսիդապատվել է, անձրևն ու ձյունն այլևս այդքան ազդեցություն չեն ունենում ստորերկրյա ջրերի վրա: Այդ պարագայում անգամ էլի որոշ չափով ազդեցություն ունեն՝ եթե գնաք Ամուլսարի մոտի աղբյուրները, ջրից հոտած հավկիթի համ է գալիս, որը ցույց է տալիս, որ այդ ազդեցությունը կա: Եվ երբ ձնհալ է լինում, մի քանի օր հետո այս աղբյուրների ջուրը բավական շատանում է: Հարցն այն է, որ երբ լեռան գլուխը բացվի, այդ սուլֆատները, ծանր մետաղները, թթուները և այլն, ջրի հետ խառնվելով, թթվային լուծույթ են դառնալու և ներթափանցեն ստորերկրյա ջրային ավազան: Դա երբ հասնի թունելին, նախ և առաջ քայքայելու է թունելի բետոնե պատերը: Բացի այդ՝ Որոտանի թունելի փակ լինելու պայմաններում այսօր էլ ստորերկրյա ջրերը թափանցում են թունել: Երբ թթվային լուծույթով հագեցած ջուրը հասնի թունելին, այնտեղից գնալու է Կեչուտ, Կեչուտից՝ Արփա-Սևանով՝ Սևան»,- բացատրեց Արեգ Ղարաբեգյանը:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica