close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+13°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վաշինգտոնը հիմնավորվում է սևծովյան ավազանում

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2019, 09:50
 Վաշինգտոնը հիմնավորվում է սևծովյան ավազանում

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները Վրաստանի Անակլիա խորջրյա նավահանգստի շինարարության նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրությունը։ Հարցը դիտարկվում է ինչպես տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպես էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

Նավահանգստի շինարարության նախագծի համաձայն, որի մեկնարկը տրվեց 2016-ին, ձևավորվեց Anaklia Development Consortium-ը։ Կոնսորցիումում ընդգրկված են Վրաստանի TBC Holding-ը, ամերիկյան SSA Marine ընկերությունը (container terminal operator), անգլիական British Wondernet Express և բուլղարական G-Star ներդրումային ընկերությունները։ Կոնսորցիումը Անակլիա նավահանգստի ու դրա ենթակառուցվածքների զարգացման նպատակով համագործակցության լայն շրջանակ է ձևավորել տարբեր միջազգային խոշոր կազմակերությունների հետ։ Կոնսորցիումի տեսլականը Անակլիա նավահանգիստը միջազգային տրանսպորտային լոգիստիկ հանգույցի վերածելն է, որտեղով կիրականացվեն բեռնափոխադրումներ դեպի Կենտրոնական Ասիա և հակառակ ուղղությամբ։ 

Նախատեսվում էր, որ մինչև 2025-ը վրացական նավահանգիստը կարող էր իրականացնել տարեկան 100 մլն տոննա ծավալի բեռնափոխադրումներ։ Նախագծի համաձայն՝ Անակլիա նավահանգիստը կառուցվելու է 9 փուլով և ավարտվելու է 2069 թվականին։ Արդյունքում՝ նավահանգիստը ունենալու է 20.5մ խորություն, 600 հա ազատ տնտեսական ու արդյունաբերական գոտի։ Տարբեր հաշվարկներով՝ ներկայում Վրաստանի նավահանգստային կարողությունները թույլ են տալիս ընդունել համաշխարհային ծովային բեռնափոխադրումների շարժի շուրջ 25%-ը։ Նախագծի երկրորդ փուլում ակնկալվում է շուրջ 266 մլն դոլար ծավալի միջոցներ ստանալ ԵՄ-ից։ Նախագիծը գնահատվում է մինչև 2.5 մլրդ դոլար։

Վրաստանի իշխանությունները նավահանգստի կառուցումը դիտարկում են մի քանի հարթությունում։ Նախ՝ դա կարևորագույն նշանակություն ունի չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության շրջանակում, որը հնարավորություն կտա կապելու Չինաստանը Եվրոպայի հետ։ Հիշեցնենք, որ 2017 թվականին Չինաստանի ու Վրաստանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիր։ Երկրորդ՝ դա կթուլացնի տնտեսական, հետևաբար՝ նաև քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։

Պեկինն իր հերթին մեծ կարևորություն է տալիս տնտեսական այն նախագծերին, որոնք կարող են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության համատեքստում կամրջել Ասիան Եվրոպային։ Ընդ որում՝ պետք է նկատել, որ հատկապես վերջին տասնամյակում Չինաստանն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում տարբեր տարածաշրջաններում նավահանգիստների ձեռք բերման հնարավորության հարցերին։ Այդ հետաքրքրությունն, անշուշտ, տարածվում է նաև վրացական Անակլիա նավահանգիստի վրա։  

Հիշեցնենք, որ սևծովյան արևելյան ավազանում առաջին խորջրյա Անակլիա նավահանգստի շինարարության նպատակով 2014 թվականին հայտարարված տենդերով հետաքրքրված էր չինական ընկերություններից մեկը, որը պատրաստակամություն էր հայտնել այդ նախագծում իրականացնել մինչև 12 մլրդ  դոլար ծավալի ներդրումներ։ Արդյունքում՝ 2016 թվականին տենդերը շահեց վրացական TBS holding-ը։  

Ըստ տարբեր փորձագետների՝ նախագծի իրականացման գործում չինական ընկերության ներգրավմանը մեծապես խոչընդոտել է Միացյալ Նահանգները։ Վաշինգտոնն իր հերթին է մեծ ուշադրությամբ հետևում է Անակլիա նավահանգստի հարցում Թբիլիսի-Պեկին համագործակցությանը։ Կարծում ենք, որ կողմերի միջև երկխոսությունը շահավետ է Միացյալ Նահանգների համար այնքանով, որքանով այդ նախագծի իրականացմամբ Վրաստանը տնտեսապես, քաղաքականապես կկարողանա թուլացնել կախվածությունը Ռուսաստանից։

Անշուշտ, Չինաստանից Վրաստանի՝ չափից ավելի կախվածության հնարավորությունը որևէ կերպ չի տեղավորվում Վաշինգտոնի ծրագրերում։ Խնդիրն ակտուալացել է հատկապես վերջին շրջանում Վաշինգտոն-Պեկին տնտեսական պատերազմի բերումով։ 

Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն ամեն գնով փորձում է աջակցել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։ Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ Վաշինգտոնը նախատեսում է Սևծովյան ավազանում ունենալ իր ռազմածովային բազան, և այդ հարցում Անակլիա նավահանգստի հետ կապված մեծ ակնկալիքներ ունի։ 

ԱՄՆ-ի համար հարցն ակտուալացել է նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի միակցումից հետո։ Արդյունքում՝ Միացյալ Նահանգները ստիպված է առայժմ բավարարվել 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայով, որով ոչ սևծովյան պետությունների ռազմանավերը իրավասու են ծովում գտնվել ոչ ավելի քան 21 օր։ 

Սև ծովում մշտական ներկայության համար անհրաժեշտ է գործել Թուրքիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի նավատորմի միացյալ կազմում։  

Ռուսաստանն իր հերթին անհանգստացած է Աբխազիայի անմիջական հարևանության գտնվող Անակլիա նավահանգստի շինարարության նախագծի շուրջ ծավալվող զարգացումներով, նախևառաջ՝ հարցի ռազմաքաղաքական, անվտանգային դիտանկյունից։ Այս առումով՝ Անակլիա նավահանգստի գոտում ամերիկյան ռազմածովային բազայի հնարավոր տեղակայման մասին խոսակցություններն անգամ ջղաձգություն են առաջացնում Մոսկվայում, որն այդ հարցում սպառնալիքներ է տեսնում իր ուղիղ շահերի ու հետաքրքրությունների համար։ Առավել ևս, երբ Վրաստանը չի թաքցնում Հյուսիսատլանտյան դաշինքին իր անդամակցության մասին մտադրությունը։ Անակլիա նավահանգստի շինարարությունը չի տեղավորվում Մոսկվայի մոտեցումներում նաև այն պատճառով, որ դա կարող է դառնալ խորջրյա Նովոռոսիյսկ նավահանգստի մրցակիցը։ Արդյունքում՝  նավահանգստի շինարարության նախագծի հետագա ճակատագրի հարցում մեխանիկորեն համընկնում են Ռուսաստանի ու Չինաստանի շահերը։ 

Անկախ այն բանից, թե ինչպես կհանգուցալուծվի Անակլիա նավահանգստի շինարարության հարցում միջազգային խաղացողների միջև ուժերի վերադասավորվածության գործընթացը, դա բարձրացնում է հարևան Վրաստանի տարածաշրջանային ու միջազգային կշիռը՝ ինչպես հարցի տնտեսական-տրանսպորտային, այնպես էլ անվտանգային տեսանկյուններից։


Կարեն Վերանյան 

Տարածաշրջանային հարցերով փորձագետ


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica