close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+13°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետն անտեսում է սևազգեստ մայրերին, սիրաշահելով օժանդակում Մարտի 1-ի զոհերի հարազատներին

Հասարակություն

19 Սեպտեմբերի 2019, 17:47
 Վարչապետն անտեսում է սևազգեստ մայրերին, սիրաշահելով օժանդակում Մարտի 1-ի զոհերի հարազատներին

Նախարարները տեղում էին, գործադիրը սկսեց ու ավարտեց հերթական նիստը, իսկ դրսում նստացույց էին անում զոհված զինվորների մայրերը: Նրանք,  «Զինվոր» հասարարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, փակել էին կառավարական շենքի գլխավոր մուտքը, և նախարարներից մի քանիսը չկարողացան այդ մուտքով շենք մտնել:

«Ժողովրդի սրտի իշխանությունը», որ նախկիններին քննադատում էր հետնամուտքով շենք մտնելու ու ժողովրդից կտրված լինելու մեջ, նույն քաղաքականությունը բանեցնելով, ճիշտ ժամանակին ներկայացել էր նիստին: Ինչպե՞ս, պարզից էլ պարզ է՝ խուսափելով բողոքող սևազգեստ մայրերի հետ առճակատվելուց ու նախընտրելով բոլոր ժամանակների այլընտրանք հետնամուտքը:

Վրդովված են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Ինչո՞ւ պետք է Մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում ստանան, իրենք, որ  կորցրել են հայրենիքի հանդեպ պարտքը կատարող զավակներին ու ամուսիններին, անտեսված մնան պետության կողմից:

«Փողոցային կռվի ժամանակ տուժածներին տալիս ես 30 միլիոն, բարի եղիր՝ մարտական գործողությունների ժամանակ իրենց պարտքը կատարող զինծառայողներին ևս 30 միլիոն դրամ տուր»,- ասում է Մարգարիտա Խաչատրյանը: Նա չի թաքցնում իր վրդովմունքը՝  եթե վարչապետի կինը հայտարարում է, որ ոչնչի համար են զոհվել մեր տղաները, ապա ինքը հիշեցնում է՝ տղաները հայրենիքի համար են զոհվել:

«Ես իմ տղային որտեղի՞ց բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի, նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու: 4-րդ դիմումն ենք գրում վարչապետին ու պատասխան չենք ստացել»,- ասում է «Զինվոր» ՀԿ-ի ղեկավարը:

Ըստ նրա՝ եթե Երևանի փողոցներում անկարգության պատճառով զոհվածների ընտանիքներին 30 մլն դրամ են վճարում՝ որպես փոխհատուցում, ապա հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին պետք է առնվազն դրա կրկնակին հատկացնեն:

Սևազգեստ մայրերի արդարացի պահանջի հետ համամիտ է  ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Արտաշես Մխիթարյանը: Yerkir.am-ի հետ զրույցում ընդգծում է՝ ոչ թե 30 մլն պետք է պահանջեն ու հայրենիքի պաշտպանության համար զոհված որդիներին հավասարեցնեն Մարտի 1-ի զոհերի հետ, այլ շատ ավելին: 

«Եթե պետական միջոցներ կան, որ տրամադրվում են 10 հոգու, ապա մյուսների համար էլ պետք է միջոցներ գտնեն: Այստեղ հարցն այն է, որ իշխանությունները սիրաշահում են յուրայիններին՝ չհասկանալով, որ բավական մեծ թվով մարդկանց են իրենց դեմ հանում: Ու եթե կառավարության շենքի դիմաց հավաքվել էր ընդամենը 50 մարդ, որ հնարավորություն է ունեցել կառավարության շենքի մոտ գալու, ապա նրանցից 10 կամ 20 անգամ ավելի շատ մարդիկ ուղղակի չեն կարողացել գալ»,- իշխանություններին զգուշացնում է Արտաշես Մխիթարյանը:

«Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր,  Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշում է՝ եթե Մարտի 1-ի հարազատներին աջակցություն  ցուցաբերեր մեկ այլ կառավարոթյուն, որը որևէ առնչություն չէր ունեցել Մարտի 1-ի հետ, ապա վրդովմունքն ավելի քիչ կլիներ: Այս դեպքում, ըստ նրա, խոսքը յուրայիններին պետական միջոցներից փոխհատուցում տալու մասին  է:

«Խաղաղ պայմաններում զոհված քաղաքացիների ընտանիքներին, մերձավոր ազգականներին փոխհատուցում տալը էթիկական ու իրավական տեսնակյունից բազմապատիկ ավելի հիմնավոր է: Մի դեպքում պետությունը զինվորական պարտադիր ծառայության է կանչում 18-ամյա տղաներին, և խաղաղ պայմաններում նրանք զոհվում են, մյուս դեպքում գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ: Եվ այս պարագայում բնական է, որ առաջանում է փոխհատուցման որոշակի խնդիր»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:

Նախկին օմբուդսմենը շեշտում է նաև՝ Եվրոպական համապատասխան կոնվենցիային թեև չենք անդամակցում, որ նմանատիպ դեպքերի համար փոխհատուցումը պարտադիր է դարձնում, բայց  տրամաբանական է, որ մեր պետությունն այս ուղղությամբ քայլեր անի ու որոշակի փոխհատուցում տրամադրի՝ որքան կարող է՝ հաշվի առնելով պետության վիճակը: «Բայց եթե խոսքը միայն Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների մասին է, ու դա անում է այս կառավարությունը, որն ուղղակիորեն կապված է Մարտի 1-ի գործի հետ, ապա այստեղ լուրջ հարցեր են առաջացնում, ու ես հասկանում եմ այդ մարդկանց վրդովմունքը»,- հավելում է Մելիքյանը:

Թեման շարունակում է քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ նշելով, որ այս իշխանություններն ասոցացվում են 2008-ի մարտի 1-ի հետ: «Դրանով է պայմանավորված, որ այդ ժամանակ զոհվածներին նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան խաղաղ պայմաններում զոհված զինվորներին»,- ասում է նա:

Բադալյանի դիտարկմամբ՝ ճիշտ կլինի, որ իշխանությունները ոչ միայն գումարային փոխհատուցում տրամադրեն, այլև իրականում բացահայտեն, թե ինչի պատճառով է զոհվել զինծառայողը: Հավելում է՝ մեկուկես տարվա ընթացքում գոնե մեկ զինվորի սպանության դեպք, որոնք հաճախ որպես ինքնասպանություն են ներկայացվում, կարող էին բացահայտել: «Դա շատ ավելի ցանկալի կլիներ, քան այն գումարը, որ կարող են տալ: Զինվորի մորն առաջին հերթին պետք է իմանալ՝ ինչու մահացել իր զավակը, իսկ հանցագործություն անողին՝ պատժված տեսնել»,- նշում է նա:

Բադալյանը բերում է Իսրայելի օրինակ՝ ընդգծելով՝ բացի միանվագ օգնությունից, պետք է սոցիալական աջակցության հստակ քաղաքականություն լինի, և զոհված զինվորների ընտանիքների մասին հոգ տանի պետությունը:

Թե ինչքանո՞վ է պետությունը պատրաստ հոգ տանել խաղաղ պայմաններում զոհված զինվորների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է փորձում պատասխանել: Կառավարության շենքի առջև հավաքվածների մոտ անձամբ է իջնում, ելույթ ունենում ու իրեն հատուկ ոճով «ցրում» երկխոսությունը, ինչ է թե՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը, որ նախկինում Մանվել Գրիգորյանի օգնականն  է եղել, ցանկանում էր հարց տալ:

«Մանվել Գրիգորյանին ասեիք՝ ոսկե թուրը ծախեր ու օգնություն տրամադրեր: Հիմա եկել եք, ի՞նչ եք ուզում»,- ասաց ու նեղացած հեռացավ սևազգեստ մայրերից:

«Վիրավորվեց, խռովեց, վարչապետի պահվա՞ծք է խռովելը։ Ասում է՝ Մանվելի օգնականը չե՞ս եղել: Ի՞նչ կապ ունի՝ անձն ում հետ ա եղել: Քո օգնականն էլ կարող ա մի սխալ թույլ տա։ Դուք վերցրեք Մանվելի Գրիգորյանի ունեցվածքը, բաժանեք այս ընտանիքների մեջ»,– Yerkir.am-ին ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Խլղաթյանը։

Մեկ այլ կին, որ չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ այդ ոսկյա թրերը, որի մասին խոսում էր վարչապետը, այժմ Աննա Հակոբյանի վրա են: «Ամբողջն իր կնոջ վրա է, իր կնոջ զարդեղենն է, գիտի՝ տեղյա՞կ չենք»,- ասաց նա:

Մեր կողմից «մի փոքրիկ սպռավոչկա» տալով՝ ուզում ենք հիշեցնել հարգարժան վարչապետին, որ Մանվել Գրիգորյանի ոսկյա թրի մասին ասքը պատմելուց առաջ կարող է  քանդել հիշողությունների կծիկը, հիշել, թե ինչպես էր մարտիմեկյան օրերին Ազատության հրապարակից վանկարկում՝ Ման-վել, Ման-վել: Այն ժամանակ ոսկյա թրերի մասին չգիտե՞ր հարգարժան պարոն Փաշինյանը, թե՞ իրավիճակն այդպես էր թելադրում:

Սևազգեստ մայրերը հեռացել են կառավարության շենքի մոտից: Ասացին՝ վարչապետին մինչև մյուս հինգշաբթի ժամանակ են տալիս, ու եթե իրենց հարցը լուծում չստանա, կրկին կհավաքվեն, բայց այս անգամ ավելի ծատ կլինեն:

Հուսով են՝ իշխանությունները տուրք չեն տա քաղաքական միայն մեկ ուժի պահանջները բավարարելու մոլուցքին, սիրաշահելու քաղաքականությունը մի կողմ կդնեն, սառը ցնցուղ կընդունեն ու սթափ ուղեղով որոշում կկայացնեն՝ եթե՝ օժանդակություն, ապա՝ հավասարապես ու բոլորին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica